ԼՈՒՅՍ ԵՎ ՍՏՎԵՐ Մոսկվայում ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջազգային պատանեկան խաղերը հատեց եզրագիծը։ Եվ այն պարզորոշ ի հայտ բերեց մեր հանրապետությունում սպորտի դրվածքի եւ զարգացման լուսավոր ու ստվերոտ կողմերը։ Բայց, ավաղ, բացի հունահռոմեական ըմբշամարտի երկու բրոնզե մեդալներից, Հայաստանի մարզական պատվիրակությունն այլ շոշափելի հաջողություն չունեցավ։ Մեր հանրապետության ներկայացուցիչների մասնակցությանը ընդհանուր գնահատական միանշանակ դժվար է տալ։ Մասնավորապես, ըմբիշներից ակնկալիքներն ավելի մեծ էին։ Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նվաճված մեդալները սփոփանքի նշանակություն ունեն։ 50 կգ քաշային կարգում Կնյազ Ջնդոյանն ի վիճակի էր նվաճել ավելի ազնիվ մեդալ։ Սակայն Խաղերի մեկնարկից մոտ երկու ամիս առաջ ոտքը կոտրելով, մարզիչների վկայությամբ, երկար ժամանակ «անգործության» էր մատնված։ Մարզումները Կնյազը վերսկսել է մոտ 15-20 օր առաջ։ Ու բնական է, որ այդ ընթացքում նա չէր կարող լիովին վերականգնել իր իսկական մարզավիճակը։ Երբ երրորդ տեղի համար պայքարում Կնյազը միավորներով հաղթեց մրցակցին, մրցագորգի մոտ հավաքականի մարզիչներից Էդուարդ Հարությունյանն ասաց. «Նա այստեղ հանդես եկավ իր իսկական հնարավորությունների հիսուն տոկոսի չափով։ Եվ «բրոնզը» ստեղծված իրավիճակում մեզ լիովին բավարարում է։ Շուտով Օդեսայում մասնակցելու ենք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հույս ունեմ, որ Կնյազն այնտեղ անհամեմատ ավելի լավ հանդես կգա»։ Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, նրա մասին ասում էին, թե 69 կգ քաշային կարգում նա մեկ գլխով բարձր է Խաղերում իր բոլոր մրցակիցներից։ Իսկ թե ինչպես եղավ, որ նա բավարարվեց բրոնզե մեդալով, թերեւս, ամենից ճիշտ բացատրեց ինքը։ Մենամարտից անմիջապես հետո Արսենը հեռախոսով զրուցում էր հոր՝ հանրահռչակ ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ։ Այդ պահին ես մոտ էի կանգնած ու լսեցի Արսենի խոսքը. «Եթե ավելի լավ մարզվեի, հաղթողը ես կլինեի»։ Մեդալների հույսեր կային նաեւ սամբիստներից, որոնք, սովորաբար, ամենաբարձր մակարդակի առաջնություններից ու մրցաշարերից տուն են վերադառնում մեդալների հարուստ հավաքածուով։ Սակայն խաղերում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց միայն 40 կգ քաշային գյումրեցի Արթուր Վարդանյանը։ Այս պատանին, որին, ՀՀ Սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանի բնութագրմամբ, դեռ սազում է խաղալիքներով խաղալը, չորս գեղեցիկ հաղթանակ տոնեց ու դեպի եզրափակիչ տանող ճանապարհին պարտվեց մոսկվացուն ու գրավեց պատվավոր 5-րդ տեղը։ Խաղերի ընթացքում հաճելիորեն զարմացրին մեր հանդբոլիստուհիները։ Տարիներ շարունակ այս եւ, ընդհանրապես, խաղային մարզաձեւերում մենք ուրախանալու, առավել եւս՝ հպարտանալու առիթներ չենք ունեցել ու մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ Հայաստանում խաղային մարզաձեւերը լավագույն դեպքում կարող են յոլա գնալ։ Սակայն մեր աղջիկները Մոսկվայում ցույց տվեցին, որ դա այնքան էլ այդպես չէ։ Նրանք մի քանի կարեւոր ու սկզբունքային հանդիպումներում դրսեւորեցին հաղթանակի հասնելու, պայքարելու անկոտրում կամք, կոլեկտիվ գործողությունների անվիճարկելի որակներ՝ պարտության մատնելով ավանդաբար ուժեղ թիմերի, որոնցից էր, օրինակ, Լատվիան, որի կազմում գերազանցապես խաղում էին ռուս ազգի ներկայացուցիչները, որոնք, ամենայն հավանականությամբ, ապրում ու մարզվում են հենց Ռուսաստանում։ Հայ հանդբոլիստուհիների անցկացրած խաղերը, տարած հաղթանակները ոգեւորում են նաեւ նրանով, որ մրցակիցները, սովորաբար, մեր աղջիկներին նկատելիորեն գերազանցում էին իրենց ֆիզիկական տվյալներով։ Իսկ նման պարագայում, երբ շատ բան կախված է լինում հենց ուժային պայքարից, որպես կանոն, հաջողությունն ուղեկցում է հենց այդ թիմերին։ Ընդհանուր առմամբ՝ բավարար կարելի է համարել հայ շախմատիստներից Սիրանույշ Անդրիասյանի (1986-87թթ.) ցուցանիշը։ Նա բաժանեց 5-6-րդ տեղերը։ Իսկ ահա Արման Փաշիկյանը հանդես եկավ սպասվածից ավելի վատ, թեեւ հենց նրա հետ էին որոշ հույսեր կապում։ Որոշ դրվագներում հուսադրող խաղ ցուցադրեցին մեր վոլեյբոլիստուհիները։ Ճիշտ է, դրանք ինչ-որ չափով էպիզոդիկ էին, բայց հուսանք, որ այս ոլորտում էլ սառույցը տեղից շարժելու հեռանկար կա։ Իրենց իրական հնարավորությունների սահմանում հանդես եկան բասկետբոլիստ տղաները։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ենթախմբում նրանց շատ ուժեղ մրցակիցներ էին բաժին ընկել։ Օրինակ, Սիբիրի եւ Ռուսաստանի հյուսիսային շրջանի հավաքականները. տարածաշրջաններ, որոնք այդ երկրի ազգային հավաքականներին կադրեր մատակարարող հիմնական աղբյուրներն են։ Իսկ ինչ վերաբերում է մյուս դիսցիպլիններին, ապա դրանցում մեր մարզիկ-մարզուհիները, ինչպես եւ դժվար չէր ենթադրել, հիմնականում տապալվեցին։ Ճիշտ է, կարելի է վկայակոչել օլիմպիական կարգախոսը՝ «Կարեւորը մասնակցելն է», սակայն Խաղերը պարզորոշ ցույց տվեցին, որ Հայաստանում դեռ շատ ու շատ անելիքներ կան, ավելի ճիշտ, հարկավոր է արմատական միջոցառումներ անել։ Ինչեւէ, Խաղերն ավարտվեցին, բայց դրանց մենք անպայման անդրադառնալու ենք ավելի հանգամանալից ու փորձելու ենք բազմակողմանի վերլուծել՝ դասեր քաղելով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Մոսկվա-Երեւան