Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարն իմ զենքն է»

Հունիս 26,2002 00:00

«Պարն իմ զենքն է» «Առաջ ընկեր Գյանջումյան էի, այսօր դարձել եմ պարոն, բայց ես ինձ համարում եմ «նոքար» Գյանջումյան, որովհետեւ ես իմ ժողովրդի ծառան եմ»,- այսպես է մտածում պարարվեստի մեծ նվիրյալ Սուրեն Գյանջումյանը։ Այս տարի լրանում է նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակը։ Մանկուց օժտված լինելով բնատուր արտիստիկ տվյալներով, փոքրիկ Սուրենը դեռեւս 6-7 տարեկանում, հարեւանների խնդրանքով բակային համերգներ էր կազմակերպում՝ նմանակելով իր անչափ սիրելի դերասան Չարլի Չապլինին։ Ու թեեւ մանկուց անտարբեր չէր պարի նկատմամբ, բայցեւայնպես, նրա ամենամեծ երազանքը կինոռեժիսոր կամ կինոդերասան դառնալն էր։ Սակայն ճակատագիրն այլ ուղի էր նախանշել։ – 1947թ. եղբորս խորհրդով ընդունեցի արհեստագործական 2-րդ ուսումնարան, որտեղ մյուս առարկաներից բացի, մեզ նաեւ պար էին ուսուցանում։ Հենց այդտեղից էլ ծնունդ առավ իմ մեծ սերը պարի նկատմամբ,- վերհիշում է Ս. Գյանջումյանը։- Արդյունքում, 1948-ին ընդունվեցի Ե. Սահարունու ղեկավարած «Աշխատանքային ռեզերվների» վարչության երգի-պարի անսամբլ եւ միաժամանակ գերազանցությամբ ավարտելով ուսումնարանը, 1951-ից սկսեցի ինքս պար դասավանդել։ Մի պահ ջերմ ակնածանքով հիշելով պարարվեստի առաջին ուսուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Վանյա Դարբինյանին, շարունակեց. «1958-ին Ճշգրիտ սարքերի գործարանում հիմնեցի սիրողական բնույթի պարային խումբ (որտեղ ինքս էլ պարում էի) եւ հենց այդ խմբով էլ 1960-61թթ. պատիվ ունեցանք Հայաստանը ներկայացնել Մոսկվայի նորաբաց Համագումարների պալատում, իսկ 1965-ին ինձ հրավիրեցին «Կանազի» մշակույթի պալատ, որտեղ աշխատում եմ մինչ օրս։ Այստեղ իմ ղեկավարությամբ ծնունդ առավ «Կանազ» պարային խումբը, որն, ի դեպ, իր գործունեությունը չդադարեցրեց մութ ու ցուրտ տարիներին։ Անգամ 1993-ին Հայաստանը ներկայացնելով Իտալիայի միջազգային փառատոնում, «Կանազը» առանձնանալով 30 երկրներից ժամանած համույթների մեջ, հայրենիք վերադարձավ «Համերաշխության եւ հավատարմության ոսկե տաճար» գլխավոր մրցանակով։ Ազգին ճանաչում են մշակույթով։ Ցավով պիտի նշեմ, որ մեր երկրում այն անուշադրության է մատնված։ Վերջին 15 տարիների ընթացքում իմ ղեկավարած խումբն աշխատում է ինքնաֆինանսավորմամբ, առանց հովանավորների, ինչի արդյունքում բազմաթիվ արտերկրյա հրավերներ մնացել են թղթի վրա։ Մինչ օրս ղեկավարելով տասնյակ պարային խմբեր, ձգտել եմ, որ իմ բեմադրած բազմաթիվ պարերը երբեք չկրկնեն միմյանց՝ միաժամանակ լինեն ինքնատիպ ու մեր օրերին համահունչ»։ Այսօր էլ Ս. Գյանջումյանը շարունակում է աշխատել պատանեկան առույգությամբ, բեմադրելով հրաշալի եւ բազմաոճ պարեր։ Անդրադառնալով պարարվեստի ներկա վիճակին, Ս. Գյանջումյանը փաստեց. «Այսօր զարմանալիորեն շատացել են պարային խմբերը, որոնց գերակշիռ մասի գեղարվեստական ղեկավարներն իրենք իսկ անտեղյակ են պարարվեստի գաղտնիքներին եւ ճիշտ չեն կրթում երեխաներին։ Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի, որ մեր գործող պարային խմբերի գեղարվեստական ղեկավար-պարուսույցները առանց մեծամտության դիմեն ՀՀ պարարվեստի գործիչների միության պրոֆեսիոնալ մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով րոպե առաջ կարողանան ձերբազատվել հայկական պար ներմուծված օտար տարրերից։ Իհարկե, բեմը բոլորի համար չէ, սակայն պարել պիտի գիտենան բոլորը։ Պարը կյանք է, իսկ ով ուզում է ապրել, պետք է պարել սովորի։ Պարարվեստը հզոր մի զենք է իմ ձեռքում՝ երեխաներին, երիտասարդներին եւ ընդհանրապես մարդկանց արվեստի հետ մերձեցնելու համար։ Արվեստը զտում է մարդուն եւ արվեստով զբաղված մարդը վատ բան չի կարող անել»։ Մեր զրույցի ավարտին Ս. Գյանջումյանն ասաց. «Ես միայն պարով չեմ ապրում, ապրում եմ նաեւ ժողովրդի հոգս ու ցավով։ Շատ եմ ուզում, որ երեւանցին հպարտ քայլի իր Երեւանում, իսկ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հ. Գ. Օրերս լրացավ Սուրեն Գյանջումյանի ծննդյան 70-ամյակը։ Մենք եւս միանալով բոլոր բարեմաղթանքներին, շնորհավորում ենք վարպետին՝ ցանկանալով նրան ստեղծագործական նորանոր վերելքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել