Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓՈՂԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ» ՄԿՐՏՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ

Հունիս 26,2002 00:00

«ՓՈՂԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ» ՄԿՐՏՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում ավետարանական եկեղեցու մկրտությունը «Բոլոր փողկապավոր պատվելիների՝ գետերում ու ջրերում կատարած մկրտությունը մենք վավերական համարել չենք կարող։ Նրանց մկրտած մարդուն նորից պետք է մկրտենք»,- հայտարարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն տեր Ղեւոնդ քահանա Մաիլյանը՝ «Առավոտի» ընթերցողների այն հարցին ի պատասխան, թե ում է վերապահված մկրտության խորհուրդը։ Մեր ընթերցողներին հետաքրքրում էր նաեւ, արդյոք մասսայական մկրտություններ անելու իրավունք ունի միայն Հայ առաքելական եկեղեցի՞ն, թե՞ նաեւ մյուս կրոնական կազմակերպությունները (մասնավորապես, Ավետարանական եկեղեցին)։ Տեր Ղեւոնդը պնդում է, որ վերջիններս չունեն եպիսկոպոսական շարունակականություն, հետեւաբար՝ նաեւ մկրտելու իրավունք։ Քարոզչական կենտրոնի տնօրենը 1988-ից ավետարանչական շարժման լայն թափ ստանալը կապում է Հայաստանում առկա սոցիալական ծանր պայմանների հետ։ Նա հավաստիացնում է, որ նրանց մկրտություններում չի օրհնվում ջուրը եւ ջրի մեջ մյուռոն չկա. «Բողոքական եկեղեցիները, որոնց մի ճյուղը այսօրվա Ավետարանչական եկեղեցին է, յոթ խորհուրդներից միայն երկուսն են ընդունում՝ մկրտությունն ու հաղորդությունը»։ Ըստ տեր Ղեւոնդի, «Ավետարանչական ընկերակցության պատվելին ինչ-որ մկրտություններ է անում եւ շատ մարդիկ կարծում են, որ դրանից հետո մենք կարող ենք մյուռոնով դրոշմել ու մկրտությունը կլինի վավերական»։ Քարոզչական կենտրոնի տնօրենը, սակայն, կարծում է, որ տարբերություն չկա ով է մկրտություն կատարողը՝ «Պարտագճյա՞նը, թե՞ Լեւոնյանը, միեւնույն է, նրանց մկրտություններն անվավեր են. իրենք մկրտության իրավունք չունեն, թեեւ օրենքը նրանց թույլատրում է մկրտել իրենց անդամներին»։ Տեր Ղեւոնդի մեկնաբանությամբ, դրոշմը Սուրբ հոգու կնիքն է մկրտվողի վրա՝ ի նշան նրա սատանայից հրաժարվելու եւ Քրիստոսին պատկանելու։ Իսկ այդ դրոշմը դնելու իրավունք ունի միայն ազգային եկեղեցու ներկայացուցիչը։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրենը փաստեց, որ այսօր կա էկումենիկ շարժում (բողոքական ծագում ունեցող), որը գրասենյակ ունի նաեւ Մայր աթոռում։ Դրա համար էլ Հայ առաքելական եկեղեցին ձեռնպահ է մնում նրանց հետ որոշ վիճելի հարցեր քննարկելուց, որովհետեւ վերջիններս լայնածավալ բարեգործական ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ Բացի այդ, տեր Ղեւոնդը տեղեկացրեց, որ նախկինում կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացնող Կրոնի գործերով խորհուրդը վաղուց լուծարվել է։ Իսկ նախագահի աշխատակազմին կից նոր օղակի ստեղծումը առայժմ հետաձգվում է։ Չկա նաեւ գործող օրենքը ինչ-որ կերպ վերահսկելու մեխանիզմ։ Այսինքն, ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ ցանկացած կրոնական կազմակերպություն կարողանում է ազատ մանեւրել։ Իսկ տեր Ղեւոնդը գտնում է, որ այդ ամենի առաջն առնելու համար պետք է ոչ թե պայքարել, այլ հզորացնել Հայ առաքելական եկեղեցին։ Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանը հրաժարվեց մկրտության հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնելուց։ «Օր մը տեր Ղեւոնդը թող գա մեզ մոտ եւ մենք միասին կը խոսինք այդ մասին։ Այդ հարցին պատասխանել չեմ ուզեր, վիճաբանության մեջ մտնել չեմ ուզեր»,- ընդամենն ասաց նա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել