Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերահսկելի քոլեջներ եւ տեխնիկումներ

Հունիս 26,2002 00:00

Անվերահսկելի քոլեջներ եւ տեխնիկումներ Դրանք մինչեւ հիմա արտոնագրված էլ չեն եղել եւ չեն համապատասխանում ժամանակի պահանջներին «Հայաստանում ասես ավանդույթ է դարձել, որ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել ցանկացողների ճնշող մեծամասնությունը դիմում է բուհ։ Միջին մասնագիտական կրթություն ստանալը դիտվում է ոչ այնքան պատվաբեր եւ այն այլընտրանքային տարբերակ է դարձել բուհերից դուրս մնացած դիմորդների համար։ Մինչդեռ հասարակական կյանքի նորմալ զարգացման համար կարեւոր դեր ունեն միջին օղակի մասնագետները»,- նշում է ՀՀ ԿԳ նախարարության միջին եւ նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Արամ Ավագյանը։ Աշխատաշուկայի ներկա վիճակի վերլուծո ւթյունը ցույց է տալիս, որ նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը զգալիորեն գերազանցում է բարձրագույն կրթությամբ մասնագետների՝ մեր ժամանակներում կտրուկ նվազած պահանջարկին։ Ա. Ավագյանը նշելով, որ «երիտասարդությունը մնացորդային մոտեցում ունի կրթության այս համակարգի նկատմամբ», միաժամանակ արձանագրում է, որ «ոլորտը անվերահսկելի է դարձել եւ այժմ նույնիսկ ԿԳՆ-ում ստույգ տվյալներ չկան, թե հանրապետությունում միջին մասնագիտական որքան հաստատություններ կան։ Մինչեւ հիմա հայտնի չէ, թե մասնավոր քոլեջները դասախոսական ի՞նչ կազմ ունեն, ի՞նչ ծրագրերով ու դասագրքերով են իրականացնում ուսուցումը եւ նյութատեխնիկական ի՞նչ բազայով են օժտված»։ Առաջին մասնավոր միջին մասնագիտական հաստատությունները Հայաստանում ձեւավորվեցին սկսած 1991 թվականից։ 1993 թ. ընդունված մասնավոր վճարովի կրթական հաստատությունների արտոնագրման մասին օրենքով մեկնարկեց մասնավոր բուհերի եւ հանրակրթական հաստատությունների արտոնագրման գործընթացը, որից, չգիտես ինչու, դուրս մնացին միջին մասնագիտական հաստատությունները։ Դա ցույց է տալիս, որ հանրապետության կրթական համակարգի պետական պատասխանատուները հենց իրենք են մնացորդային մոտեցում ցուցաբերել միջին մասնագիտական կրթության՝ «հասարակական կյանքի նորմալ զարգացման համար կարեւոր դեր ունեցող ոլորտի» նկատմամբ։ Ա. Ավագյանը տեղեկացրեց, որ նոր-նոր է սկսվել քոլեջների արտոնագրումը, երբ արտոնագրված մասնավոր բուհերն արդեն թեւակոխել են հավատարմագրման կատաղի մրցավազքի փուլը։ Ա. Ավագյանը նաեւ հայտնեց, որ ներկայումս գործում են նաեւ պետական միջին մասնագիտական հաստատություններ, սակայն վերջիններս լուրջ խնդիրներ ունեն նյութատեխնիկական բազայով հագեցվածության եւ դասախոսական կազմի վերապատրաստման առումներով. «Եղած բազան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշված է։ Արդյունաբերության մեջ կիրառում են նոր տեխնոլոգիաներ եւ պարզապես անիմաստ է դառնում հնացած տեխնոլոգիաներով ուսուցում իրականացնելը, քանզի իրենք՝ ձեռնարկատերերը, չեն ընդունում նման պատրաստվածությամբ մասնագետներին»։ Խորհրդային տարիներին տեխնիկումների դասախոսները 2-3 տարին մեկ մասնակցում էին վերապատրաստման դասընթացների, իսկ վերջին 10 տարում նման դասընթացներ չեն կազմակերպվել։ Լուրջ խնդիրներ կան նաեւ՝ կապված դասագրքերի հետ։ Բնական է, որ օգտագործվող հին դասագրքերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Նորերի հրատարակման համար ոչ միայն դրամական միջոցներ չկան, այլ նաեւ դրանց պահանջարկի նեղ շրջանակներից ելնելով, առայժմ աննպատակահարմար է դիտվում նոր դասագրքերի լույսընծայումը։ Ներկայումս կասեցվել է քոլեջների 2-րդ կուրսից ուսանողներին բուհ տեղափոխելու արտոնությունը եւ դա կատարվում է քոլեջն ավարտելուց հետո։ Դրանով քոլեջների եւ տեխնիկումների իրավունքները հավասարեցվել են։ Տեխնիկական մասնագիտությունների պահանջարկի կտրուկ նվազման պայմաններում, ներկայումս առավելապես գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, տնտեսագիտության, թարգմանչական եւ այլ ժամանակակից մասնագիտությունների գծով միջին մասնագիտական կրթական հաստատությունները։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ Օրերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Եվրամիության ծրագրերի շրջանակներում իրականացվող ՏԱՍԻՍ-ի մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագրերից մեկն ամբողջովին այս համակարգի զարգացմանը կուղղվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել