ԻՆՉՊԵՍ Է ՆԳ-Ն «ՍՏՈՒԳԵԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿՈՒՄ Այս տարվա մայիսի 19-ին թիվ 67 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, որի արդյունքները շարունակվում է վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Դիմող կողմը՝ պատգամավորության թեկնածու Վարդան Մակեյանը, դիմելով ՍԴ, նշել էր բազմաթիվ խախտումների, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Այսպես, օրինակ, նկատվել էր ընտրացուցակներում ընտրողների թվի արհեստական հավելագրում (1600-ով), ընտրության գաղտնիության սկզբունքի խախտումը՝ մասնավորապես Մուսայելյանի տեղամասում։ Ուշագրավ մի խախտում էլ. Հառիճի ընտրատեղամասի քվեաթերթիկները կնքված են եղել Սյունիքի մարզի կնիքով։ Հիշեցնենք, որ ընտրությունները ընթացել են Շիրակի մարզում եւ կատարվածը հաստատ սեւ հումոր չէ։ Ըստ դիմորդի, ընտրություններից հետո ՄԸՀ բողոք է ներկայացվել, որով պահանջվել է ստուգել Լեռնակերտ, Նահապետավան, Սառնաղբյուր, Պեմզաշեն, Մուսայելյան համայնքների ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցած ընտրողների անձնագրային տվյալները։ ՆԳ մարզային վարչությունը ընտրությանը մասնակցած 2990 ընտրողների անձնագրային տվյալների փոխարեն ներկայացրել էր 1071 անձի տվյալներ։ «ՆԳ մարզային վարչությունը ակամայից քողարկել է կեղծիքները» մեղադրանքը երեկ ՍԴ-ում չկիսեց որպես վկա դատարան ներկայացած ՆԳ մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանը։ Ի դեպ, երկու վկաները (Վարոս Ավոյանն ու Ջուլիետա Ավետիսյանը) տարբեր պատճառաբանություններով ՍԴ չէին ներկայացել. Վ. Ալոյանը պատճառաբանել էր «ընտանեկան պայմաններից ելնելովը», Ջ. Ավետիսյանը՝ «առողջական վիճակը»։ ՆԳ մարզային վարչության պետը, պատասխանելով ՍԴ դատավորների հարցերին, հայտնեց, որ Սառնաղբյուրում ընտրողների ցուցակների թիվը եղել է 2058 եւ ստուգման ենթակա է եղել 790-ը (ստուգվել է 536-ը)։ Մուսայելյան ընտրատարածքի 1180 ընտրողների տվյալներից ստուգվել է 342-ը։ Նահապետավանում, ըստ այս վկայի, ստուգվել է 197 տվյալ: Ընդհանուր առմամբ, 6595 ընտրողներից ստուգվել է 1490-ի տվյալ։ «Ինչքան մենք կարողացել ենք մեկ օրվա ընթացքում կատարել,- պատճառաբանեց վկան եւ ապա շարունակեց,- գիտեք, հիմա անձնագրային սեղանները շատ ծանրաբեռնված են, հատկապես որ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, անձնագրեր են անհրաժեշտ։ Անձնագրային սեղանը ինչ-որ տեղ ուղղակի տրամադրել, որ ճշտել, ես կարծում եմ, դա նորմալ չէր դիտվի եւ քաղաքացիներին մենք չէինք կարող թողնել դրսում եւ ցուցակները ճշտեինք»,- դժգոհեց ՆԳ վարչության պետը։ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մի հետաքրքիր դիտարկում արեց. քաղաքացին չի մասնակցել ընտրությանը, նրանից անձնագրային տվյալների ստուգում չէր պահանջվում, սակայն ստուգվել է։ «Նման կարգի ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- արդարացավ Խ. Ասատրյանը եւ ապա ընթերցեց մարզային ընտրական հանձնաժողովի գրությունը. «Խնդրում եմ ձեզ, մինչեւ սույն թվականի մայիսի 23-ը մարզային ընտրական հանձնաժողովին տրամադրել կից ներկայացված համայնքների ընտրողների անձնագրային տվյալները»։ Ըստ վկայի, հրապարակված փաստաթղթում «որեւիցե անձանց նկատի չի առնվել»։ «Դուք ունեցել եք ժամանակի սղություն եւ կատարվել են ինչ-ինչ ստուգումներ։ Ինչպե՞ս է կատարվել ընտրությունը։ Ի՞նչ կարգով է կատարվել տվյալ կոնտինգենտի ընտրությունը» ՍԴ նախագահի հարցին ՆԳ մարզային վարչության պետը պատասխանեց այսպես. «Ստացված ցուցակները մարզային վարչությունում առանձնացվել են ըստ շրջանների։ Հանձնարարվել է բաժնի պետերին, որպեսզի կատարվեն համապատասխան ստուգումներ։ Չի ասված, թե ումը ստուգեն, ումը՝ չէ։ Խնդիր է եղել. ստուգել՝ ինչքան հնարավոր է շատ»։ Վկան չգիտեր. ցուցակները այբբենական են ներկայացվել, թե ոչ։ 67 ընտրատարածքի հարցի քննությունը կշարունակվի հունիսի 28-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ