Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՓՈԽԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ…»

Հունիս 26,2002 00:00

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՓՈԽԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ…» Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Հուլիսին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նախօրեին նա համաձայնեց պատասխանել «Մեդիամաքս» գործակալության հարցերին: – Պրն Շվիմեր, 2001 թ. հունիսին մեր գործակալությանը տված հարցազրույցում դուք ասել էիք, որ մեկ տարի հետո պատրաստ կլինեք «ավելի լիարժեք պատասխան տալ» Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին հարցին: Կարո՞ղ եք այսօր որեւէ գնահատական տալ: – Անցած տարվա ընթացքում Հայաստանը լուրջ քայլեր ձեռնարկեց իր օրենսդրությունը Եվրախորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հայաստանը վավերացրեց մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան եւ նրա արձանագրությունների մեծամասնությունը՝ բացառությամբ 6-րդի: Կարեւոր քայլեր էին նաեւ խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոնվենցիայի վավերացումը, ինչպես նաեւ բանտային համակարգի փոխանցումը արդարադատության նախարարությանը: Բնականաբար, օրենսդրության ընդունմանը պետք է հետեւի դրա կյանքի կոչելը: Պետք է նշեմ նաեւ, որ սահմանադրական բարեփոխումների հապաղումը խոչընդոտում է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը դատական համակարգի եւ զանգվածային լրատվամիջոցների անկախության ոլորտում: – Մահապատժի վերացման խնդիրը լուրջ բանավեճեր է առաջացնում Հայաստանում: Քաղաքական ուժերի եւ հասարակության զգալի մասը պնդում է, որ 1999 թ. հոկտեմբերին խորհրդարանում կատարված ահաբեկչության իրականացնողների համար պետք է բացառություն արվի, եւ նրանք պետք է մահապատժի ենթարկվեն: Այս մոտեցման կողմնակիցները պնդում են, որ իրենց կհաջողվի փոխզիջումային լուծումներ գտնել Եվրախորհրդի հետ: – Մահապատիժը տեղ չունի քաղաքակիրթ ժողովրդավարական հասարակությունում: Մահապատժի վերացման եւ դրա իրականացման մորատորիում մտցնելու վերաբերյալ պարտավորություն ստանձնել է ոչ միայն Հայաստանը, այլեւ Եվրախորհրդի բոլոր անդամները: Վերջերս մենք մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նոր արձանագրություն ընդունեցինք, որը բացառում է մահապատժի կիրառումը նույնիսկ ռազմական հանցագործների նկատմամբ: Շուտով կավարտենք աշխատել նաեւ այդ արձանագրության հանձնարարականների վրա, ուր ասվելու է, որ «բացառություններ» չեն արվելու նաեւ ահաբեկչական գործողություններ իրականացնողների համար: Պատճառը չափազանց պարզ է. մարդու իրավունքները հիմնարար են բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց տարիքից, մաշկի գույնից կամ դատվածությունների քանակից: Մահապատժի վերացումը դյուրին չէր նաեւ Եվրախորհրդի այլ անդամների համար: Նույնիսկ այն երկրներում, որոնք ամբողջովին վերացրել էին մահապատիժը, այն «բացառիկ դեպքերում» կիրառելու կոչեր էին հնչում: Դա տեղի էր ունենում հատկապես այն ժամանակ, երբ առավել ծանր հանցագործություններ էին կատարվում: Նման կոչերի պատասխանը պետք է լինի հետեւյալը. մահապատիժը չունի ապացուցված զսպող արդյունք՝ մահը երբեք չի կարող արդարադատություն լինել: – ԵԽ Նախարարների կոմիտեն բավական երկար ժամանակ ուսումնասիրում է եւ պատասխան չի տալիս ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հ.Հովհաննիսյանի գրավոր հարցմանը՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստին ԵԽ-ի վերաբերմունքի մասին: Չե՞ք կարծում, որ դիրքորոշման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ԵԽ հեղինակության վրա: – Պետք է հաշվի առնել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի որոշումների ընդունման ընթացակարգը: Որոշման բացակայությունը նշանակում է, որ Նախարարների կոմիտեն միասնական կարծիք չունի, որն անհրաժեշտ է խորհրդարանականների գրավոր հարցումներին պատասխանելիս: Եվրախորհուրդը գերմանա-ֆրանսիական հաշտեցման վկան է եղել, որի դեպքում պատմական ժառանգությունը շատ ավելի բարդ էր: Ես վստահ եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար կա միայն մեկ ապագա՝ բաց սահմանների, սահմանամերձ համագործակցության, մարդու իրավունքների համատեղ պահպանման եվրոպական ապագան: – Հայաստանի քաղաքական եւ իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ են հայտարարում Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին: Ինչպե՞ս է դրանց արձագանքում Եվրոպայի խորհուրդը: – Եվրախորհուրդը քաջատեղյակ է հասարակական կազմակերպությունների հաղորդումներին՝ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին: Առավել հաճախ հաղորդվում է կամայական ձերբակալությունների, ազատ արտահայտվելու եւ ցույցերին մասնակցելու իրավունքներին խոչընդոտելու մասին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ Նախարարների կոմիտեն մոնիտորինգային ընթացակարգերի միջոցով ուշադիր հետեւում են մարդու իրավունքների պահպանմանը եւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ավելին, Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կարեւոր նախաձեռնություններ են իրականացվում Եվրախորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարական կայունության ամրապնդմանը: Այդ նախաձեռնություններն ընդգրկում են փորձագիտական եւ օրենսդրական աջակցություն, իրավապահ մարմինների աշխատակիցների, դատավորների եւ դատախազների ուսուցում: – Շատերին հետաքրքրում է Եվրախորհրդի վերաբերմունքը Հայաստանում անկախ ԶԼՄ-ների գործունեությանը: Նրանից հետո, երբ «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման լիցենզիայից, բազմաթիվ հայտարարություններ հնչեցին այն մասին, որ այդ որոշումը բացառապես քաղաքական բնույթի էր: Որքանով տեղյակ ենք, այդ խնդրի հետ կապված նյութերը փոխանցվել են ԵԽ ներկայացուցիչներին: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: – Այդ հարցը քննարկվել է բարձր քաղաքական մակարդակով՝ նախագահ Քոչարյանի եւ դեսպան Ագոյի հանդիպման ժամանակ: Ես կցանկանայի հիշեցնել Նախարարների կոմիտեի հանձնարարականները, որոնք սահմանում են հեռարձակման լիցենզիաների տրամադրման հիմնական սկզբունքները՝ թափանցիկություն եւ hրապարակայնություն լիցենզավորման գործընթացի ընթացքում: – Ինչո՞ւ է ձգձգվում ղարաբաղյան խնդրի հարցով Եվրախորհրդի զեկուցողի նշանակման գործընթացը: Ո՞րն է նման ինստիտուտի ստեղծման իմաստը, եթե հակամարտության կողմերը «հիմնական միջնորդ» են համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը: – Մենք ընդունում ենք Մինսկի խմբի դերը եւ առաջարկել ենք նրան մեր փորձագիտական աջակցությունը՝ Վենետիկի հանձնաժողովի միջոցով: Սակայն Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են գտնել խնդրի քաղաքական լուծում: Այդ պարտավորությունը ուժի մեջ է, ինչպես եւ՝ մնացած բոլորը, եւ Եվրախորհուրդը չափազանց լուրջ ուշադրություն է դարձնում դրան: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել