Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՆ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ

Հունիս 25,2002 00:00

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՆ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ «HSBC բանկ Հայաստանը» հանդես է եկել նախաձեռնությամբ: Բանկը որոշել է խթանել արտահանումը: Եվ՝ հանուն այս գործի՝ 10000 դոլար մրցանակ է սահմանել լավագույն արտահանող տեղական ընկերության համար: Ինչպես նաեւ հնարավորություն՝ մեկ տարվա ընթացքում օգտվել բանկի ծառայություններից՝ 50% զեղչով: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Չարլզ Բ Գրեգըրիի մեկնաբանությամբ, սույն ձեռնարկի նպատակը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը խթանելն է: Սա առնվազն անսպասելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս բանկն անտարբեր չէ իր բիզնեսի նկատմամբ. հիշենք, որ մեր երկրում բանկային համակարգի վերջին ճգնաժամին «HSBC բանկ Հայաստանը» արձագանքեց միանգամայն գործնականորեն՝ ավանդների ներգրավման տոկոսադրույքները հավասարեցնելով զրոյի: Իսկ սա, կարելի է ասել, բարեգործության նման մի բան է: Ներդրումը կա, շահույթը հարցական է: Ուստի, բնական հարց է առաջանում. որքանո՞վ է այս նախաձեռնությունը նպաստում բանկի բիզնեսին: «Առավոտի» այս հարցին պարոն Գրեգըրին բավականին աբստրակտ պատասխան տվեց, նշելով, որ ցանկացած բիզնեսի հաջողությունն առաջին հերթին կախված է այն բանից, թե ովքեր են գործընկերներդ եւ ինչ հաջողություններ ունեն: Բանկը կարծում է, որ Հայաստանն այսօր արդեն բավականաչափ արտադրանք եւ ծառայություններ է արտահանում եւ նախադրյալներ կան նման նախաձեռնություններ անցկացնելու համար: Մրցույթի պայմանները բավականին մատչելի են եւ պարզ: «HSBC բանկ Հայաստանը», ճիշտ է, մեծ մասամբ ոչ հրապարակային, բայց շատ է քննադատվում տնտեսության իրական հատվածում պասիվության մեջ (բանկը առավել ակտիվ է պետական պարտատոմսերի շուկայում, ավանդների ներգրավման ոլորտում, որոնք պայմանականորեն կոչվում են սպեկուլյատիվ գործարքներ): Չարլզ Բ Գրեգըրին հիմնավորված է համարում իր բիզնեսը. «Իհարկե, ռեալ հատվածի վարկավորմամբ զբաղվում ենք: Միգուցե հնարավոր էր 100% զբաղվել վարկավորմամբ, բայց վերադարձելիությու՞նը: Սպեկուլյատիվի հետ չէի համաձայնի: Պետական պարտատոմսերը ամենախոշոր հատվածն են Հայաստանի տնտեսության»։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել