Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻՆԱՆ

Հունիս 25,2002 00:00

ՋԻՆԱՆ Ինքնաթիռի ուշացման պատճառով մեր չվերթը հետաձգվել էր։ Չձանձրանալու համար մոտակա կրպակից գնեցի թերթեր եւ տեղ զբաղեցրի օդանավակայանի սպասասրահի նոր բացված սրճարանում։ Մինչ բարետես մատուցողը ինձ կսպասարկեր, բարձրախոսով հայտարարվեց, որ սկսվում է Երեւան-Փարիզ-Լոս Անջելես երթուղով մեկնողների տոմսերի հաշվառումը եւ բեռների ձեւակերպումը։ Քիչ անց սրճարանի դիմաց գտնվող գրանցման բաժնում երեւացին առաջին ուղեւորները, ապա եկան նորերը։ Ժամանակ առ ժամանակ ակամայից հայացքս ուղղում էի հերթի կանգնած ուղեւորների կողմը։ Դատելով նրանց ուղեբեռների քանակից ու չափերից՝ կարելի էր եզրակացնել, որ նրանք մեկնում էին ընդմիշտ։ Այդ մասին կարելի էր կռահել նաեւ տիրող մթնոլորտից։ Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ, ասես, հուղարկավորության եկած լինեին։ Թախծոտ դեմքեր, արցունքակալած աչքեր, հրաժեշտի տխուր տեսարաններ։ Չգիտես, թե ով ում էր մխիթարում, թեւ տալիս, մեկնողը՝ մնացողի՞ն, թե՞ հակառակը։ Գնացողը հույս ուներ, որ օտար երկրում բախտը կժպտա իրեն։ Հայրենիքում նա իր համար այլեւս հեռանկար չէր տեսնում։ Հայրենիքը նրա համար իմաստազրկվել, դարձել էր լոկ աշխարհագրական հասկացություն, որի հետ այսուհետեւ նրան կապելու էր անցած տարիների հուշը։ Տարիներ առաջ, երբ Օպերայի հրապարակում կուշտ ու անհոգ վանկարկում էին «Լենին, պարտիա, Գորբաչով», հետո՝ «Միացում, անկախություն», այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ ընդամենը մի քանի տարի անց մնալու էին հացի կարոտ, տառապելու էին ցրտի ու մթության մեջ, խաբված ու արհամարհված բռնելու էին նոր գաղթի ճամփան։ Եվ շատ շատերը փորձում էին գտնել այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր էր, արդյոք, երկրաշարժ, պատերազմ տեսած, տնտեսական խոր ճգնաժամում հայտնված երկրում անսահմանափակ հարստություն դիզել։ Եվ եթե մեր աղքատ ժողովրդի սոցիալական ծանր վիճակը օբյեկտիվորեն ինչ-որ բացատրություն ուներ, ապա դղյակների, սեփական հյուրանոցների, մարմարապատ խաղատների, սուպեր-ջիպերի առկայությունը անբնական էր թվում եւ չէր տեղավորվում ոչ մի օրենքի շրջանակում։ Ազգովի, ասես, հեղեղատում էինք հայտնվել, լող տալ չիմացողները միանգամից մեկընդմիշտ սուզվեցին ջրի տակ, մյուսները մեծագույն ճիգ գործադրելով մի կերպ ափ հասան, մի մասի համար մակույկներ ու նավակներ գտնվեցին։ Շատ շատերն էլ, չկորցնելով հույսը եւ դիմակայելով ալեկոծություններին, դեռ շարունակում են լողալ անափ թվացող ծովում։ Մեկնողների մեջ ուշադրությունս գրավեց բազմանդամ մի ընտանիք, որին, դժվար չէր կռահել, ճանապարհում էին ազգականները, հարեւանները, ընկերները։ Նկատեցի, որ նրանց մոտեցավ օդանավակայանի մի աշխատակից եւ ինչ-որ բան ասաց, որն էլ իրարանցման պատճառ դարձավ։ Այդ պահին նրանցից մեկը, ասես շրջապատին լսելի լինելու համար, ճչաց. «Վա՜յ, քոռանամ ես, Ջինաս փախել ա…»։ Տեսա, թե ինչպես մի քանիսը շտապեցին մոտակա պատշգամբ եւ սկսեցին «Ջինա, Ջինա» վանկարկել։ Մարդիկ զարմացած իրար էին նայում։ Հետաքրքրությունս բավարարելու համար ես էլ պատշգամբ դուրս եկա։ Այն, ինչին ականատես եղա, հիշեցնում էր կրկեսային մի փոքրիկ տեսարան։ Ինքնաթիռների կանգառից մի փոքր այն կողմ երկու երիտասարդ փորձում էին բռնել դաշտում անսպասելիորեն հայտնված շանը։ Դա Ջինան էր։ Նա այս ու այն կողմ էր փախչում, տղաները՝ նրա հետեւից։ Լուր էր տարածվել, թե իբր ուղեբեռների դասավորման ժամանակ, վանդակի փականի անսարքության պատճառով, դուռը բացվել էր, եւ օգտվելով առիթից՝ Ջինան ծլկել էր։ Քիչ անց նրանց մոտեցավ մի աղջնակ։ Շունը ճանաչեց նրան ու կանգ առավ։ «Ջինա, Ջինա» կանչելով՝ աղջիկը մոտեցավ նրան։ Շունը գլուխը դրեց թաթերի վրա ու սպասեց, որ իր տիրուհին ավելի մոտ գա։ Աղջիկը զգուշորեն ձեռքերը մոտեցրեց Ջինային, շոյեց գլուխը, ապա թաթերը։ Կենդանին հնազանդվեց։ Աղջիկը գրկեց նրան, ու հետո օդանավակայանի աշխատակիցների ուղեկցությամբ՝ նրանք մտան շենքի ներքնահարկի այն բաժինը, որտեղ Ջինային սպասում էր նրա մետաղյա վանդակը։ Ջինայի փախուստը, աշխույժ, սրամիտ կատակներով համեմված, մեկնաբանությունների առիթ տվեց։ 172 Ոնց երեւում է՝ շունն էլ է հասկանում, թե ուր են տանում, դրա համար էլ փախել է,172 կես լուրջ, կես կատակ իր կարծիքը հայտնեց տարեց մի մարդ։ 172 Ա՜յ քեզ բան, մարդ Ամերիկայից բա կհրաժարվի՞,- փիլիսոփայեց ճաղատ գլխով մեկը, երեւի չիմանալով, որ խոսքը ոչ թե մարդու, այլ շան մասին էր։ Մեկ ուրիշն էլ թե՝ «Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ հետն է քարշ տալիս»։ – էրնեկ Ջինային, էս շան կյանքից կպրծնի,֊ հեգնեց կողքիս կանգնածը, որն անմիջապես դիտողության արժանացավ։ 172 Ամեն ինչ լսել էի, բայց որ մարդը շա՞նը նախանձի… Տիրեց լռություն, որը սակայն շուտով խախտվեց։ 172 էս ամերիկացիներից մարդ բան չի կրնա հասկնա, շանը թույլ են տվել, իսկ կնկաս հա կմերժեն,172 փորձելով իր խոսքին քաղաքական երանգ տալ՝ դժգոհեց քառասունին մոտ մի քաղաքացի։ Գնալով ուղեւորների հոսքն ավելանում էր։ Եվ որքան մոտենում էր թռիչքի ժամը, հրաժեշտի տեսարաններն այնքան դառնում էին ավելի հուզիչ ու սրտաճմլիկ։ Հոգուս խորքում ես կարեկցում էի այդ մարդկանց։ Ինքս էլ եմ նման ապրումներ ունեցել, երբ այստեղից ճանապարհ եմ դրել իմ հարազատներին, որոնց այսօր կարելի է հանդիպել Ամերիկայում ու Կանադայում, Ռուսաստանում եւ Լեհաստանում, Անգլիայում, անգամ հեռավոր Ավստրալիայում։ Հաճախ եմ խորհում մեզ հետ պատահածի մասին, այս էլ որերո՜րդ անգամ անբարո ճակատագիրը դաժանորեն կտրում է մեր ժողովրդի երակը, բայց, փառք Աստծո, նա երբեք արյունաքամ չի լինում։ Միգուցե դա մեր գենետիկական գաղտնի՞քն է։ Հայտարարվեց, որ վայրէջք կատարեց Սանկտ Պետերբուրգից ժամանած ինքնաթիռը, որով ես մեկնելու էի հարազատ դարձած մի քաղաք, որտեղ ինձ էին սպասում հարազատներս, հատկապես թոռնիկներս, որոնց կարոտից տխրում էր հոգիս… ՅՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երեւան172Սանկտ Պետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել