Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդիկ քիչ կարդալ սկսած են»

Հունիս 25,2002 00:00

«Մարդիկ քիչ կարդալ սկսած են» «Երանի թե հայոց փոքրիկ աշխարհի ղեկավարներն ալ Հայաստանն այնքան լավ վարեին, որքան հայոց սավառնակին օդաչուները»,- երազում է Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագիր, գրող Ռոբեր Հատտեճյանը։ Նա համոզված է, որ Հայաստանի նման փոքրիկ հայոց «սավառնակը», որ ասես դրսի աշխարհից վախեցած եւ կուչ եկած լինի, ունի վարպետ օդաչուներ։ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովից անմիջապես հետո Ռ. Հատտեճյանի համար Հայաստան այցելելու հաջորդ առիթը Գրողների առաջին համաժողովն էր։ Նա սկզբում մեծ հույսեր չէր կապում գրչի մարդկանց անդրանիկ հավաքի հետ, սակայն ի վերջո համոզվել է, որ Գրողների միության հարկի ներքո հավաքվել էին մարդիկ՝ «ստեղծելով տաքուկ մթնոլորտ, որ վերածվեցավ եղբայրության»։ Ըստ «Մարմարայի» խմբագրի՝ բոլոր խորհրդաժողովների գլխավոր նպատակը նախ եւ առաջ «իրարու գոյությունեն տեղյակ լինել է, որ ավելի կարեւոր է, քան պաշտոնական գետնի վրա խոսիլը»։ Մի բան, որ այս անգամ կարծես հաջողվեց։ Ինչպես յուրաքանչյուր գրողի ու խմբագրի, Հատտեճյանին եւս զբաղեցնում է կարեւոր մի հարց. ինչու թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում քիչ են կարդում։ Նրա կարծիքով, պատճառները երկուսն են. «Մարդիկ նախեւառաջ իրենց փորը պիտի կշտացնեն, վերջը նստեն ու սկսեն հանգիստ ու երջանիկ հոգեվիճակով կարդալ»։ Երկրորդ պատճառը պարզելու համար նա գրողներին հետեւյալ կոչով է դիմում. «Գրողները պիտի հարցնեն իրենց, եթե ժողովուրդը քիչ կարդալ սկսավ, արդյոք հանցավորը ե՞ս եմ։ Արդյո՞ք ես ժողովրդին ընթերցասիրությունը լարող-հրահրող նյութեր չեմ կրցած տալ, որ նա այլեւս ձանձրացած է կարդալե»։ Ի դեպ, Ռ. Հատտեճյանից տեղեկացանք, որ «Մարմարան» ունի հայաստանյան բոլոր թերթերին հատուկ պրոբլեմներն ու հոգսերը, որոնք փորձում է հաղթահարել նույնկերպ, ինչպես մեր տպագիր մամուլը։ Ըստ նրա խմբագրի՝ «Մարմարա» հայատառ օրաթերթի առաջին էջում պարտադիր տպագրվում է 2-3 լուր Հայաստանի կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ։ Թերթը ունի բաժին, ուր նույն օրն էլ տեղ են գտնում թուրքական մամուլում Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ այդ օրն իսկ տպագրված հրապարակումների թարգմանությունները։ Նման հնարավորություն ստեղծվել է շնորհիվ նրա, որ թերթը լույս է տեսնում օրվա երկրորդ կեսին. «Թուրքական թերթերին մեջ կարդացված, հայերը հետաքրքրող բոլոր լուրերը 4 ժամվա մեջ «Մարմարային» մեջ կարդալ կարելի է»։ Ռ. Հատտեճյանին Հայաստանում հատկապես ցնցել են մուրացկանությունն ու արտագաղթը. «Բնավ հաճելի չէր Երեւանի կեդրոնական պողոտաներուն վրա շարունակ հետապնդվիլ խեղճ մուրացկան կիներու կողմե. իսկ որքա՜ն պիտի ուզեի չգործածել «մուրացկան» բառը, որ այնքան կը խոցեր մեր բոլորին սիրտը»։ Ըստ Ռ. Հատտեճյանի, միայն Պոլսում շուրջ 10 հազար հայաստանցի է ապրում, որոնք Թուրքիայում են հայտնվել աշխատանք գտնելու ակնկալիքով։ «Մարմարայի» խմբագիրը նաեւ հպարտ է, որ վերջիններս Թուրքիայում արժանապատվորեն են իրենց պահում. «Համալսարաններ ավարտած հայաստանցիներ կան, որ տուներին մեջ ծառայություններ կմատուցին եւ ամբողջ վաստակը առանց իրենց հաշվին 1 դոլար ծախսելու՝ Հայաստան կը ղրկին»։ Գրողը նրանց ավելի մեծ բարերար է համարում, քան միլիոնավոր դոլարներ Հայաստան ուղարկող մեծահարուստներին, քանի որ առաջիններն, ըստ նրա, արդար քրտինքով ընտանիքը պահելու համար հաճախ ոչ իրենց վայել աշխատանքներ են կատարում։ Ռ. Հատտեճյանը նաեւ փաստում է, որ հայաստանցիներն իր համաքաղաքացիներից ավելի ընթերցասեր են. «Հայաստանցիներն այնքան ընթերցասեր են, որ մեր «Մարմարան» ու գիրքերը կարդացողներն անոնք են։ Անոնք շատ կզարմանան, որ իրենց աշխատած տուներուն տերերը իրենք չեն կարդում։ Եվ կստիպեն, որ «Մարմարա» կամ Հատտեճյանի մեկ գիրքը առնեն»,- կատակում է խմբագիրը։ Նա նաեւ անչափ ուրախ է, որ Հայաստանից հեռարձակվող հաղորդումներ դիտելիս, մամլո ասուլիսներում երիտասարդ ու բարետես թղթակիցների է տեսնում։ Մինչդեռ թուրքահայ մամուլը զուրկ է նման հնարավորությունից։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել