Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՒԿԼԱ» ՍԱՐՔԵԼ ՉԷ»

Հունիս 25,2002 00:00

«ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՒԿԼԱ» ՍԱՐՔԵԼ ՉԷ» Հանրահայտ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի կարծիքով, այսօր վիճակն ավելի քան ողբալի է։ Պատճառներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ «միջակությունը ոջիլի նման լափում է ազգն ու երկիրը, մյուս կողմից էլ քաջնազարներն են դարձել թագավոր։ Մանուկները ձեռքները պարզած հաց են մուրում, իսկ պրեզիդենտը շոտլանդիաներում ու բեռլիններում կոնֆերանսների է նստում»։ «Դե եկ ու այսքանից հետո արվեստ արա»,- տխրում է Վարպետը։ Սիրտը ցավում է այս երկրի համար, անշուշտ, ինքն էլ «ամագ» ունի ն րա վրա. «Թամանյան է աշխարհ բերել, Արմեն Տիգրանյան, Օրբելի եղբայրներ, «Սասունցի Դավիթ» մետրո։ Իսկ լուսահոգի վեհափառ Վազգեն Առաջինը կոնյակի գործարանը տեսնելուց հետո պատվիրել է սբ. Սարգիս եկեղեցին, այն դեպքում, երբ «Սովետի օրոք Աստվածամայր նկարել-կերտելը կամ ազգային բոլորաքանդակը փլավ ուտել չէր»։ Չէ՜, հպարտանալու բաներ ունի, բայց չի մեծամտանում, ոչ էլ ուրիշների նման կոչումներ ստանալու փափագով է տարված։ Ինչի՞ն է պետք։ Իբր «շա՜տ է հասկանում քանդակագործությունն ինչ է, մնաց՝ ակադեմիկոս դառնա»։ Ով ուզում է, թող «կուկլա շինի ու պատվանդաններին կանգնեցնի, կամ ռնգեղջյուր ու գորտ շինելով՝ կոնկուրս շահի, հեչ պետքն էլ չէ»։ Կոնկրետ իրեն կիսատ մնացած գործերն են հետաքրքրում։ Վերջերս քաղաքական գործիչներից մեկն էլ հենց կենացի վրա շատ տեղին հիշեցրել է, որ «էս պետությունը Սովետի փողով Արտաշես Հովսեփյանին 170 հազար ռուբլի է պարտք»։ Բայց չէ, ասելն այն չի, որ «տան էդ փողը», պարզապես ուզում է պայմաններ ստեղծեն, որ կիսատ գործերը հասցնի ավարտել։ Չէ՞ որ նորեն 30 տարեկան չէ (հունիսի 22-ին լրացավ Վարպետի 71 տարին). «Կասկադս է կիսատ, Դավթիս կյանքը, Վազգենը (Սարգսյանը) Խոր Վիրապի համար Նոյի հուշարձան էր երազում», դեռ Քրիստոս ու Նարեկացի չի կերտել, դեռ ինչքա՜ն անելիք կա։ «Բայց երբ բանը հասնում է փողին, ամեն ինչ խափանվում է»,- ասում է Ա. Հովսեփյանը։ Ախր քանդակագործությունը միայն «կուկլա» սարքելով չի սկսվում ու ավարտվում (ինչի ականատեսն ենք ամեն քայլափոխի)։ Վարպետը գտնում է, որ իսկական արվեստագետը պիտի այնպիսի գործեր թողնի, որ դրանք հազարավոր տարիներ հետո էլ, եգիպտական սֆինքսի նման, կանգնեն ու ասեն. «Բարեւ, մարդ-արարած, գիտե՞ս որտեղից եմ գալիս»։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Ա. Հովսեփյանը միշտ հավատարիմ է մնացել իր կոչմանը. 3-4 տարի կիսաքաղց է ապրել, բայց չի ընկրկել, չի հրաժարվել ընտրած ուղուց։ «Մարդ 100 լեզու չի ունենա, ես էլ մեկն ունեմ։ Իմ լեզուն էլ արձաններն են, «րիսունըկներս»՝ հարյուրավոր տներում կախված։ Բանաստեղծ չեմ, որ ցաված սրտով, բլբուլի լեզվով խոսեմ»,- ասում է Վարպետը։ Հետո էլ կատակում է. «Բոլոր գործերիցս հատկապես առանձնացնում եմ Խանդութիս ու Մհերիս, իհարկե, էդքանը միայնակ չէի կարող անել առանց կնոջս՝ Հասմիկի»։ Օրը վայրկյանի պես անցավ Ա. Հովսեփյանի արվեստանոցում։ Խոսեց ամեն-ամեն ինչի մասին։ Չմոռացավ երախտագիությունը հայտնել իրեն դժվար պահերին սատար կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանին ու Աշոտ Աղաբաբյանին։ Ուրախացավ, որ գտնվել են բարի մարդիկ ու աջակցել Հրանտ Մաթեւոսյանի վիրահատությանը եւ այլն։ Օրը կարծես չէր ուզում մթնել։ Վարպետը նույնիսկ կատակեց, թե իրիկնաժամին նորից է արեւ ծագել։ Ախր շա՜տ պայծառ օր էր։ Պատճառն էլ, ըստ իս, ինքն էր ու իր լուսավոր երազը Մհերի՝ Ագռավաքարից դուրս գալու մասին։ Զարմանալի զուգահեռ էր անցկացնում Հիսուսի գալու ու Մհերի արթնանալու միջեւ։ «Ոչ մի քանդակագործ, ակադեմիկոս, Փիլիպոս դեռ նման զուգահեռ չի արել»,- կատակում էր նա։ Համոզված էր, որ երբ ողորմելի մարդ կոչվող կենդանիները պատրաստ լինեն Հիսուսի ոտքը համբուրելու, այն ժամանակ էլ նա կգա, որովհետեւ «Քրիստոսն էնքան խելոք է ու իմաստուն, որ հասկանում է՝ չարժե գալ, կգզեն իրեն»։ Մհերն էլ կգա, բայց ոչ հիմա. «Դեռ վաղ է։ Հո չի՞ գալու, որ մի Մսրա Մելիք մեջտեղից կես անի, միեւնույն է, դրանով աշխարհը չի փրկվի։ Մհերը կգա, երբ մոլորակը արեւով շաղախված ու կյանքով լեցուն կլինի»։ Թե չէ, հա՜յ գարի ու ցորեն, հա՜յ աշխարհը կքանդվի ու նորեն կշինվի, ե՞րբ… Դեռ շա՜տ ենք անկատար, դարերով Հիսուսը մեջներս պիտի մշակվի, նստվածք տա։ Ի դեպ, Վարպետը ինձնից մի խոստում «պոկեց», որ 17 մլն տարի հետո (կամ գուցե ավելի ուշ) թեկուզ մեղվի ու ծաղկի տեսքով, մեկ էլ հանդիպենք ու մեկմեկու աչքալուսանք տանք, որ «վերջապես Հիսուսը եկել է, իսկ Քուռկիկ Ջալալին արթնացրել է Մհերին, թե՝ վե՛ր կաց, Ագռավաքարից դուրս գալ է պետք»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» հունվարի 19-ի համարում էլ գրել էր Արտաշես Հովսեփյանի մասին։ Ուրախությամբ ուզում ենք նշել, որ հրապարակումից անմիջապես հետո Վարպետը պատվեր է ստացել կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանից, ինչի արդյունքը նրա կերտած հրաշալի Ջիվանին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել