Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն ստանալը օրեցօր դժվարանում է

Հունիս 25,2002 00:00

Տեղեկատվություն ստանալը օրեցօր դժվարանում է Ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհը բռնած Հայաստանի Հանրապետության համար պետական մարմինների գործունեության թափանցիկությունը եւ մատչելիությունը էական նշանակություն ունեցող գործոն է: Այն հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն կառավարման մեխանիզմների կատարելագործման, այլեւ իշխանության եւ հասարակության միջեւ հստակ փոխհարաբերությունների ձեւավորման համար: Բացի այդ, եթե մարդիկ տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին, ավելի վստահորեն կպայքարեն դրանց համար, եւ իշխանավորները ստիպված կլինեն հարգել դրանք: Դեռեւս 2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «Քաղաքացիական հասարակության զարգացման միություն» հասարակական կազմակերպության կատարած մի շարք ուսումնասիրություններ պարզեցին, որ Հայաստանում նախարարությունների եւ հասարակության միջեւ կապը գրեթե չի գործում: Կազմակերպությունը գրավոր հարցումներով դիմել էր նախարարություններին, այնուհետեւ ստացված պատասխանները ուսումնասիրել բովանդակային եւ ժամկետային առումով եւ ամփոփել արդյունքները: 2002 թվականի մարտ ամսին հարցումը կրկնվեց՝ ավելի հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Պաշտոնական գրություն է ուղարկվել 13 նախարարություն, որում խնդրվում էր տեղեկատվություն տրամադրել տվյալ մարմնի՝ հասարակության հետ կապերն իրականացնող օղակի գործունեությունն ապահովող նորմատիվ ակտի, տեղեկատվական ապահովումն իրականացնող նորմատիվ ակտի, հասարակության կողմից ստացվող դիմումների վերահսկողության կարգի, հասարակության հետ կապերն իրականացնող օղակի աշխատակիցների պաշտոնների համար մշակված պաշտոնական հրահանգների վերաբերյալ: Պատասխաններ ստացվեցին ընդամենը երեք նախարարությունից, որից երկուսն էին՝ ստույգ եւ հստակ: Պետք է նշել նաեւ, որ պատասխանները ստացվել էին օրենքով սահմանված ժամկետներում (15 օրվա ընթացքում): Մեկ այլ հարցմամբ կազմակերպությունը դիմեց նաեւ ՀՀ պետական մարմիններին` փորձելով տեղեկատվություն ստանալ նրանց կողմից մշակվող եւ ներկայումս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ստացված տեղեկատվությունը հնարավորություն պետք է տար հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին տեղեկանալ օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքներին եւ հնարավորության դեպքում համագործակցության հայտ ներկայացնել: Ուղարկված տասնհինգ գրություններին լիարժեք պատասխանեց երկու գերատեսչություն: Պետական մարմինների կողմից նման վերաբերմունքի ցուցաբերումը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով՝ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը խիստ գաղտնի է, թեեւ այդ մասին ոչ մի օրենսդրական ակտով ամրագրված չէ, կամ պետական մարմինների աշխատակիցները ճիշտ չեն պատկերացնում իշխանություն-հասարակություն կապը: Ուսումնասիրությունները մեկ անգամ եւս հաստատում են այն փաստը, որ Հայաստանում պետական կառույցների աշխատանքի թափանցիկության եւ հասարակության հետ հետադարձ կապի համակարգը դեռեւս չի կայացել: Ավելին` եթե համեմատելու լինենք երկու տարիների հարցումների արդյունքները, ապա համակարգի վատթարացման փաստն ակնհայտ է: Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ եթե 2001 թվականին կատարված հարցման ժամանակ գովասանքի էր արժանի ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ստացված պատասխան-գրությունը, որը ոչ միայն լիարժեք տեղեկատվություն էր տալիս բարձրացված հարցերի վերաբերյալ, այլեւ փայլուն օրինակ կարող էր հանդիսանալ մյուս նախարարությունների համար, ապա ներկայումս պարզվեց, որ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, անհասկանալի պատճառներով, այլեւս չի գործում: Այսպիսով, եթե նման պատասխանի է արժանացել հասարակական կազմակերպությունը, որը պաշտոնական գրությամբ դիմել է պետական մարմիններին, ապա ինչպիսի վերաբերմունքի եւ պատասխանի կարժանանան սովորական քաղաքացիները, որոնց հնարավորություններն իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ այդքան սահմանափակ են: Ճիշտ է, տեղեկատվություն ստանալու համար գրավոր հարցումներով դիմելուց բացի գոյություն ունեն նաեւ այլ աղբյուրներ, սակայն դրանց հիմնական մասը վճարովի է (Իրտեկ, Ինտերնետ, Պաշտոնական եւ գերատեսչական տեղեկագրեր), իսկ մի մասն էլ՝ որոշակի խավի համար խիստ սեղմ եւ անհասկանալի: Մնում է միայն ենթադրել եւ հուսալ, որ 2003 թվականին նախարարությունները կձեւավորեն եւ գործող կդարձնեն իրենց համապատասխան օղակները եւ օրենսդրական ակտերը, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն ընձեռեն ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: ԳՈՀԱՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել