Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ «ԽՈՒՑԱՅԻՆ» ՄԵԹՈԴՈՎ

Հունիս 25,2002 00:00

ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ «ԽՈՒՑԱՅԻՆ» ՄԵԹՈԴՈՎ Ցանկացած երկրում օրենսգրքերը ընդունվում են հրապարակայնության սկզբունքով, այն է՝ օրենսդիր մարմնի կողմից, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո դրվում է ժողովրդական քննարկման։ Մամուլում հրապարակվում է օրենսգրքի նախագիծը, լուսաբանվում արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնց քննարկման արդյունքում ընդունելի են դառնում հիմնավոր տեսակետները։ Ինքնին հասկանալի է, որ որքան շատ կարծիքներ, առաջարկություններ, դատողություններ ու վերլուծություններ արվեն օրենսգրքի նախագծի վերաբերյալ, այնքան ավելի կատարյալ ու անթերի կլինի օրենսգիրքը։ Հարկ է նշել, որ թեեւ Ռուսաստանն էլ ունի ճանաչված իրավագետներ, որոնք իրենք են մշակում օրենսգրքերի նախագծերը, սակայն Պետդումայի կողմից նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, պարտադիր կարգով, այն հրապարակվում է մամուլում եւ դրվում է ժողովրդական քննարկման։ Որքան էլ զարմանալի է, մեր օրենսգրքերի նախագծերը մշակվում են «խուցային» մեթոդով, այն է՝ մի քանի հոգի մշակում է այն, իսկ Ազգային ժողովն էլ հապճեպ ամբողջությամբ ընդունում։ Մինչդեռ պետք է ղեկավարվել ժողովրդական իմաստնությամբ, որ մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ։ Ուստի հազարավոր իրավաբանների եւ ժողովրդի կարծիքը չպետք է անտեսել։ Ամերիկան տարբեր երկրների թշվառների հավաքածու է եւ ցույց տվեց, որ շատ թշվառներ նույնպես տաղանդավոր են։ Ինչպես հայտնի է, ԱՊՀ անդամ երկրները համատեղ մշակել են տիպային քրեական նոր օրենսգիրքը, որը պետք է ուղեցույց հանդիսանա ԱՊՀ անդամ երկրների քրեական նոր օրենսգրքի մշակման եւ ընդունման համար։ Ռուսաստանի քրեական նոր օրենսգիրքը ընդունվել եւ գործողության մեջ է դրվել 1997 թվականի հունվարի 1-ից, իսկ մեր քրեական նոր օրենսգիրքը մինչեւ օրս չի ընդունվել։ Տիպային օրենսգրքով ոչ ծանր հանցագործություն կատարելու համար, որպես հիմնական պատժատեսակ, նախատեսված է տուգանքը։ Հայաստանի բյուջեի ճեղքվածքը զգալի չափով փոքր կլիներ, եթե մեր քրեական նոր օրենսգիրքը նույնպես ընդունվեր 1997 թվականին, ինչը միանգամայն հնարավոր էր։ Քանի որ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իր կարծիքը պնդելու իրավունք ունի, ուստի առաջարկում եմ ռեցեպցիայի (ընդօրինակման) ենթարկել ԱՄՆ-ի հետեւյալ օրինակը։ Երբ ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչում եւ չի պահանջում դատաքննություն կատարել, ապա ԱՄՆ-ի դատավորը, միանձնյա, հեռակա կարգով, մեկ օրում 25 քրեական գործ է ավարտում՝ համեմատաբար, մեղմ պատիժ նշանակելով։ ԱՄՆ-ի մեկ դատավորը, այսպես կոչված, «րՊպսՍՈ Տ տՐՌջվՈվՌՌ ՉՌվօ» (մեղքն ընդունելու գործարք) սկզբունքով մեկ տարում հինգ հազար քրեական գործ է ավարտում։ Այդպես է նաեւ Գերմանիայում եւ այլ երկրներում։ Հայաստանում ամբաստանյալների, մեղադրյալների 90-95 տոկոսը իրենց լիովին մեղավոր են ճանաչում։ Եվ եթե ԱՄՆ-ի օրինակով այդ խելամիտ մեթոդը կիրառվի նաեւ մեզ մոտ, ապա դատավորների թվաքանակը ոչ թե պարբերաբար ավելացնելու, այլ կրճատելու անհրաժեշտություն կլինի, որը բխում է նաեւ օպտիմալացման քաղաքականությունից։ Հարց է ծագում, եթե անձը բռնվել է հանցանքի վայրում, հաճախ էլ իրեղեն ապացույցը ձեռքին, իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու չի ցանկանում դատաքննություն, ապա արդյոք ավելի օպտիմալ մեթոդ չէ, երբ առանց դատաքննություն կոչվածի, հեռակա կարգով եւ կոդավորված մեթոդով նրան նշանակել համեմատաբար մեղմ պատիժ։ Շատերը նույն օրը հեռուստատեսությամբ խոստովանում են իրենց մեղքը, երբ դեռ ոչինչ խեղաթյուրված չէ։ Դատարանները հախուռն կերպով կիրառում են պայմանական դատապարտություն կոչվածը։ Մինչդեռ, պայմանական դատապարտություն կիրառել նշանակում է փաստորեն հանցագործին անպատիժ թողնել, քանզի քրեական օրենքի համաձայն, պայմանական դատապարտությունը չի հանդիսանում պատժի տեսակ։ Պայմանական դատապարտության եւ դատավճռի կատարման հետաձգման կիրառումը ստեղծում են անպատժելիության համոզմունք, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններ կոռուպցիայի համար։ Ստացվում է, որ քրեական հետախուզությունը, քննչական մարմինները ամիսներով հետաքննություն ու նախաքննություն պետք է կատարեն, իսկ դատարանը օրերով դատաքննություն, միայն նրա համար, որ կիրառվի տխրահռչակ պայմանական դատապարտություն կամ դատավճռի կատարման հետաձգում, որոնք միայն պատիժ նշանակելու պատրանք են ստեղծում եւ փաստորեն հավասար են հանցավորին անպատիժ թողնելուն։ Բացի այդ, նման դեպքերում ներքին գործերի մարմինները նրանց վարքագծի նկատմամբ տարիներով բոլորովին անիմաստ վերահսկողություն պետք է իրականացնեն։ Մինչդեռ դրանցից որեւէ մեկի փոխարեն կարելի է տուգանք նշանակել, որը բխում է պետության եւ հասարակության շահերից, քանզի դրա շնորհիվ կփոքրանա բյուջեի ճեղքվածքը եւ տուգանքի գումարի մի մասը կտրվի սոցիալական ոլորտին։ Նույնիսկ մի քանի հազար դրամ տուգանք նշանակելը ավելի արդյունավետ պատժամիջոց է, քան տխրահռչակ պայմանական դատապարտությունը կամ դատավճռի կատարման հետաձգումը։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան «Առավոտի» իրավական բաժինը չի կիսում փաստաբանի կողմից նոր մեթոդի՝ «մեղքն ընդունելու գործարքի» կիրառումը՝ մեզանում այլասերված դատաիրավական համակարգի պայմաններում։ Մենք չենք ընդունում նաեւ այն, որ մեզանում ամբաստանյալների 90-95%-ը իրենց լիովին մեղավոր են ճանաչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել