Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցակցային փուլ՝ բանկային համակարգում

Հունիս 25,2002 00:00

Մրցակցային փուլ՝ բանկային համակարգում 2001 թվականին «Հայէկոնոմբանկը» ճանաչվել է ՀՀ կառավարության ներքին պարտքի սպասարկման լավագույն գործակալ: Ներկայացնելով 2001թ. բանկի տարեկան հաշվետվությունը, վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ընդհանուր գնահատականներով 2001 թվականը բանկի համար զարգացման տարի բնութագրեց. «Ակտիվներն աճել են միջինը 30%-ով՝ 1,5% եկամտաբեր ակտիվների հաշվին, 900 մլն-ով աճել է վարկային փաթեթը, պարտատոմսերի շուկայում բանկն առաջնային դիրք է պահպանել՝ 16 մլրդ դրամին համարժեք պարտատոմսերի ծավալով։ Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 186,5 մլն դրամով, որից 100-ը կանոնադիր կապիտալի ավելացումով, 86,5-ը՝ շահույթի հաշվին»։ Բանկի առաջիկա հիմնական ծրագրերից է լինելու մանր եւ միջին բիզնեսի վարկավորումը, ավելանալու են սպառողական վարկերի ծավալը, անշարժ գույքի վարկավորումը։ Մինչեւ տարվա վերջ ակնկալվում է կապիտալի եւս 300 մլն դրամի աճ։ Ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, «Հայէկոնոմբանկը» համակարգում առանցքային բանկ է, որի «կոնսերվատիզմն ուղղված է ռիսկերի գրագետ կառավարմանը եւ չի վտանգում սեփականատերերի ունեցվածքը»։ Բանկի «բարգավաճմանը»՝ ԿԲ նախագահի հավաստմամբ, «նպաստում է ԿԲ-ի այն քաղաքականությունը, որով արգելվում է խիստ ռիսկային գործունեությամբ զբաղվող բանկերի գործունեությունը»։ Դաշտի մաքրումը եւ «արդար խաղի կանոնների» ստեղծումն, ըստ ԿԲ նախագահի, համակարգը գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրումների համար։ Իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ «համակարգում մրցակցությունն ուժեղանալու է»։ Դա հիմնականում պայմանավորվելու է բանկերի մենեջմենթով՝ ՀՀ-ում գոյություն ունեցող ռիսկերի ճիշտ գնահատմամբ եւ համապատասխան ծրագրերի մշակմամբ։ Այդ առումով Տ. Սարգսյանը գտնում է, որ «Հայէկոնոմբանկին» հաջողվել է «խնդիրը լուծել» եւ զերծ մնալ գրպանային բանկ դառնալու հեռանկարից։ Սակայն ԿԲ-ն չի բավարարում բանկի կապիտալի մակարդակը եւ այսօրվա մրցակցային դաշտում անհրաժեշտություն է տեսնում «կտրուկ ավելացնել հիմնական կապիտալը եւ մտածել նոր տեխնոլոգիաների ներդրման մասին»։ Ի դեպ, Եվրոպական բանկը մասնակցելու է «Հայէկոնոմբանկի» հիմնադիր կապիտալի ավելացմանը, որն ըստ ԿԲ նախագահի, կբարձրացնի բանկի վարկանիշը ոչ միայն ՀՀ-ում եւ նոր հնարավորություններ կբացի։ Առաջիկա ամիսների ընթացքում մեր երկրում իրենց գործունեությունը կսկսեն երեք բանկեր՝ ամերիկյան կապիտալով, շվեյցարական կապիտալով եւ ՀՀ-ի ռեզիդենտ երկրների կողմից հիմնադրվող բանկը։ Այս «նախնական համաձայնության արժանացած իրատեսական առաջարկները», սակայն, ըստ ԿԲ նախագահի, «վկայում են, որ «Հայէկոնոմբանկը» զարգացման ռազմավարություն պետք է մշակի, իմանալով, որ այդ նոր բանկերի հայտնվելը համակարգում նշանակում է, որ ավելի էժան ռեսուրսներով սուբյեկտներ են հայտնվելու, եւ պայքարը մրցակցային դաշտում ուժեղանալու է»։ 2003-ից ԿԲ-ն «Հայէկոնոմբանկի» հետ համատեղ կսկսի աշխատեցնել բանկային ռեգիստրի ծրագիրը։ Վերջինիս կմասնակցեն բոլոր առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները։ Այն ենթադրում է բոլոր վարկերի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում եւ, ըստ Տ. Սարգսյանի, «ռիսկերի նվազեցում կունենաք»։ 2003-ի հունիսից կսկսվի եւ 2005-ի հունիսին կավարտվի դեպոզիտների հավաքագրման համակարգի ներդրումը, որը, ԿԲ նախագահի վստահեցմամբ, «մի քանի անգամ կավելացնի դեպոզիտների ծավալը համակարգում»։ Վերջինիս կարծիքով, «այսօր 400 մլն-ին համարժեք գումար բարձերի տակ է»։ Դրա պատճառները երկուսն են՝ «սուբյեկտը չի ցանկանում՝ ինֆորմացիա լինի իր ունեցվածքի վերաբերյալ եւ համակարգի նկատմամբ վստահություն չկա»։ Կապիտալի դեպոզիտների հավաքագրման համակարգը պետք է ապացուցի ՀՀ-ում բանկային գաղտնիքի լիակատար գործունեությունը։ Իսկ համակարգի նկատմամբ վստահությունը Տ. Սարգսյանն է ներշնչում, վստահեցնելով, որ «7 բանկերի սնանկացման այսօրեական փուլում մենք սոցիալական խնդիր չունենք։ Պետությունն ունի բավարար մակրոտնտեսական կայունություն եւ համախառն արտաքին ակտիվներ, որպեսզի ՀՀ-ին զերծ պահի ֆինանսական կատակլիզմներից»։ Եվ, այնուամենայնիվ, ըստ ԿԲ նախագահի, «մեր հիմնական խնդիրը հանրապետության սոցիալական խնդիրն է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել