Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԸՄԼԱՐ-ՏԻԿԻՆՆԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Հունիս 25,2002 00:00

ՀԱՆԸՄԼԱՐ-ՏԻԿԻՆՆԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ Նախ սկսենք խոսել, հետո կորոշենք՝ ինչի մասին խոսել։ Մոտավորապես այսպիսի տպավորություն է թողնում հայ-թուրքական ցանկացած (բնականաբար՝ ոչ պետական) երկխոսություն։ Այս դեպքում «ինչի մասին»-ն էլ կարծես որոշված է, թեեւ դրանից ասելիքն ավելի որոշակի չէր դարձել։ Թուրք-հայ կանանց երկխոսությունների շրջանակում մի քանի օր Հայաստանում են Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ձախ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ (ի դեպ, ընտրված իրենց Ամասիայի շրջանից) Գյոնուլ Սարայը, Ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի («Մարմարա Գրուպ») մարդու իրավունքների պլատֆորմի նախագահ Մյուժդուն Սուվերը եւ նույն հիմնադրամի միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանատու Լալե Այթանջը։ Այս այցը պատասխանն է Կանանց միջազգային բիենալեին ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի եւ Հրանուշ Խառատյանի մասնակցության։ Այստեղ անցկացրած երեք օրվա ընթացքում թուրք տիկինները հանդիպել են «Կանանց կովկասյան երկխոսություն» եւ «Համալսարանական կրթությամբ կանայք» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ փնտրելու, ինչպես իրենք ասացին, գործընկերներ եւ համագործակցության եզրեր։ Այդպիսի ընդհանուր թեմաներ արդեն իսկ գտել են՝ ի դեմս կրթության, մշակույթի, սոցիալական եւ կանանց հարցերի։ Սակայն մինչեւ դրանց անցնելը, ինչպես ասաց Հերմինե Նաղդալյանը, «իրար հետ քայլ անել, ճանապարհ գնալը», հարկ է իրար ճանաչել։ Ասուլիսին ափսոսանք եւ տարակուսանք հայտնվեց նաեւ այն կապակցությամբ, որ Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում մի կառավարության կողմից, որը ներկայացնող կուսակցության անդամ է տիկին Սարայը։ Վերջինս իրենց հետաքրքրության հիմնական առարկան՝ կանայք եւ երեխաները, պատճառաբանեց նրանով, որ կանայք երբեք պատերազմի պատճառ չեն լինում, բայց պատերազմից հիմնականում տուժում են կանայք, երեխաները։ Իհարկե, ներկա տղամարդ լուսանկարիչներն ու օպերատորները չհամաձայնեցին խոսքի առաջին կեսին՝ «հասնելով» ընդհուպ մինչեւ Տրոյա։ Ինչպես ասաց Մ. Սուվերը, իրենց նպատակն է ժողովրդավարություն զարգացնել ոչ միայն Թուրքիայում, այլեւ իրենց հարեւան երկրներում։ Ակտիվ հարաբերություններ ունենալով Ադրբեջանի եւ Վրաստանի կանանց հետ, թուրք տիկինները զգացել են նաեւ հայ կանանց հետ շփվելու կարիքը։ Նրանք էլ են ընդունում, որ «պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում մի քիչ դժվարանում են կանանց փոխհարաբերությունները»։ Տիկինները նպատակ ունեն ստեղծել հայ-թուրքական կանանց հարաբերությունների խումբ, որտեղ ընդգրկված կլինեն քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ եւ գործարար կանայք։ Արվել է նաեւ «բաց եւ անկեղծ» առաջարկություն՝ մի քանի հասարակական կազմակերպություններից խումբ ստեղծել՝ որպես «Մարմարա Գրուպի» գործընկեր։ Առաջարկությունն ընդունվել էր առանց սկզբունքային առարկությունների։ Գ. Սարայը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անհաջողությունը բացատրում է նրանով, որ «նրանք (հանձնաժողովի անդամները- Ա. Գ.) սկսեցին մեր երկրների ամենադժվար խնդիրներից»։ Նույն ճակատագրին չարժանանալու համար տիկինները սկսել են «ամենաթեթեւ, ամենահեշտ հարցերից»։ Ասուլիսին անընդհատ հնչող ցեղասպանության հարցն իհարկե չշրջանցվեց։ Սակայն թե՛ հայ, թե՛ թուրք բանախոսները անընդհատ շեշտում էին, որ իրենք խնդիր եւ նպատակ չունեն քննարկելու ցեղասպանության հարցերը։ «Եթե Օսկանյանն ու Ջեմը նման խնդիրներ ունեն, թող քննարկեն։ Մեր գործունեությունը քաղաքական չէ»։ Առանց նախապայմանների տնտեսական հարաբերությունների համար պատասխանատվությունը հասցեագրվեց Թուրքիայի վարչապետին։ Թեեւ տիկին Սարայն ասաց, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում շատ կան պատգամավորներ, որոնք կողմնակից են Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին։ Չեն ուզում քչերը։ Տիկինն ասաց անգամ, որ իրենք Հայաստան ցանկացել են գալ ցամաքային ճանապարհով՝ ավտոբուսով, սակայն այդպես էլ թույլտվություն չեն ստացել։ Տիկինները չբացառեցին նաեւ իրենց վրա ճնշումների հնարավորությունը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել