Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՒՖԱՆԱԴԱ

Հունիս 25,2002 00:00

ԲՈՒՖԱՆԱԴԱ Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանը նախագահին անվայել խոսքերով անդրադարձավ խորհրդարանական խոսափողը զավթած պատգամավորներին: Ի պատասխան դրան, պատգամավոր Մանուկ Գասպարյանը շատ ավելի կոպիտ եւ վիրավորական ձեւով անդրադարձավ նախագահին: Այդ ամենը մենք հրապարակեցինք ոչ թե այն պատճառով, որ շատ հավանում ենք բանավեճի այս ոճը, այլ պարզապես՝ մեր ընթերցողին ԱԺ պատգամավորների մակարդակին տեղյակ պահելու նպատակով: Ինձ, օրինակ, թվում է, որ անձնական վիրավորանքներն ավելի շատ բնութագրում են հենց այն մարդուն, որն այդ վիրավորանքներն արտասանում է: «Առավոտը» եւ, մասնավորապես, տողերիս հեղինակը ոչ այս իշխանության, ոչ էլ այս ընդդիմության կողմնակիցը չէ: Մենք արձանագրում ենք փաստերը, կարծիքները /նույնիսկ անպատեհ ոճով արտահայտած/ եւ փորձում ենք գտնել դրանց տրամաբանությունը: Այս պահին հնարավոր չէ չարձանագրել, որ այսպիսի ընդդիմությունը խիստ ձեռնտու է երկրի ներկայիս ղեկավարներին, եւ նույնիսկ փոքր-ինչ զարմանալի է, թե ինչու են իշխանավորները եւ նրանց քարոզչամեքենան այդքան եռանդ ծախսում այդ ընդդիմադիրներին քարկոծելու վրա: Լավագույն դեպքում դրանց մեծ մասը իտալական buffo /կատակերգային/ օպերայի հերոսներ են, որոնք կարող են զվարճացնել եւ աշխուժություն մտցնել կիսաքնած հասարակական կյանքի մեջ: Արտահայտած մտքերն էլ արժանի են բուֆոնային բասի արիաների: Եթե կլանների դեմ պայքարի ամենաազդեցիկ միջոցն է նրանց ներկայացուցիչներին ինքնաթիռ նստեցնելն ու Հայաստանից հեռացնելը, ապա ոչ մի երկրում ոչ մի կլան չէր մնա: Կլանները անձնապես Միկան կամ անձնապես Տաբակիչը չեն: Դա համակարգ է, որը հիմնված է պետական եւ, առաջին հերթին, ուժային կառույցների՝ տնտեսության մեջ ներթափանցելու հնարավորության վրա: Եթե մեր իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները ենթադրում են, որ Հայաստանի քաղաքացիներն այդքան անմակարդակ են եւ հավանում են այդ ամբողջ բուֆանադան, ապա նրանք սարսափելի մոլորության մեջ են: Մարդիկ վաղուց երես են թեքել քաղաքականությունից: Եվ դա ինքնին մեծ առավելություններ է տալիս գործող իշխանությանը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել