Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբլոններից դուրս

Հունիս 25,2002 00:00

Շաբլոններից դուրս Ֆուտբոլի 17-րդ առաջնության եզրափակիչ են դուրս գալու Գերմանիան եւ Բրազիլիան: Ով դրա հետ համաձայն չէ, նրա ականջներից պետք է քաշել եւ տանել Սպանդարյանի քաղմաս: Վերջիվերջո, պե՞տք է կարգուկանոն լինի այս անտեր ֆուտբոլային աշխարհում: Թե չէ ո՞ւմ մտքով կանցներ, որ Կորեան եւ Թուրքիան կհասնեն մինչեւ կիսաեզրափակիչ: Պապը միշտ փլավ չի ուտի: Հերիք եղավ: Եկել է հանդուգն նորելուկների սուսուփուս պարտվելու ժամանակը: Այդպես կմտածի ցանկացած սթափ մարդ, որի գլխում դեռ մնացել են «ուժեղ թիմի» եւ «թույլ թիմի» մասին շաբլոնային պատկերացումները: Բայց կյանքն ընդհանրապես եւ ֆուտբոլի այս առաջնությունը մասնավորապես ցույց տվեցին, որ շաբլոն մտածելակերպը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ արդյունքը նախօրոք հայտնի է: Իսկ ֆուտբոլն ուղիղ եթերով հեռարձակվող real շոու է, մրցույթ, խաղ, որի վերջնական արդյունքը հայտնի չէ ոչ մեկին: Եվ դրա համար է այդ խաղը կլանում միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: 16-րդ դարի եվրոպացի հանճարեղ մտածող Էրազմ Ռոտերդամցին ճիշտ է նկատել. «Սովորաբար հաղթում է նա, ում լուրջ չեն ընդունում»: Այդ միտքը լիովին կիրառելի է Կորեայի հավաքականի հանդեպ: Իտալացիները 1/8-րդ եզրափակիչում կորեացիներին լուրջ չընդունեցին, եւ քաղեցին նման թեթեւամտության դառը պտուղը: Կարծես թե, դա պետք է դաս լիներ իսպանացիների համար: Բայց ոչ՝ նրանք էլ զոհ դարձան սեփական հզորության մասին շաբլոն պատկերացումների: Իսպանիայի հավաքականը Կորեայի հետ խաղում նման էր գերազանցիկ մի աղջնակի, որն անընդհատ հիսթերիաներ է սարքում այն դասատուների գլխին, որոնք հանկարծ հանդգնում են իրեն «4» նշանակել: Ամենաշատն, ի դեպ, ղժղժում էր կիսապաշտպան Խոակինը, եւ հետո հենց ինքն էլ չկարողացավ իրացնել 11-մետրանոցը՝ մի պահ հապաղեց եւ խփեց ուղիղ դարպասապահի վրա: Կարծում եք, պատահականությո՞ւն է: Այդ մրցավեճում, ինչպես եւ Ճապոնիայի եւ Կորեայի մասնակցությամբ բոլոր խաղերում, մրցավարն ակնհայտորեն դաշտի տերերի կողմն էր: Եգիպտացի Գանդուրն անընդհատ ժպտում էր, նույնիսկ հասցրեց քաշել կորեացիների մարզիչ, հոլանդացի Հիդինգի թշերից ու այդպես ժպտալով չհաշվեց, օրինակ, իսպանացիների խփած գոլը: Այդ ամենը կար: Բայց եթե իսպանացիների առավելությունը բացարձակ լիներ, ոչ մի Գանդուր նրանց չէր խանգարի: Առավելությունը բացարձակ չէր. հոլանդացու «հեղինակած» կորեական թիմը խաղում էր արագ եւ մտածված: Մի քիչ հիշեցնում էր 70-ականների Կրոյֆի թիմը: Միայն աչքերն էին նեղ: Վաղը Բրազիլիային դժվար մրցակից է սպասում: Թուրքերը վաստակած հաղթանակ տարան Սենեգալի նկատմամբ՝ ավելի հետաքրքիր էին, ավելի բազմազան՝ հարձակման մեջ: Եթե նրանց առաջատար Հական Շյուքյուրի բախտը բերի /ինչը տեղի չունեցավ Սենեգալի հետ խաղում/, ապա բրազիլական պաշտպանությանը մեծ փորձություններ են սպասում: Վտանգավոր է նաեւ Հասան Շաշը, որն ի հակադրություն իր ազգանվան, բավականին սթափ եւ կենտրոնացած ֆուտբոլիստ է: Իսկ բրազիլացիները հույսները պետք է դնեն իրար հետ մրցակցող Ռոնալդոյի եւ Ռիվալդոյի վրա, քանի որ մեկ այլ վառ անհատականություն՝ Ռոնալդինոն չի կարող խաղալ՝ նախորդ խաղում նրան առանց որեւէ լուրջ պատճառի հեռացրել են խաղադաշտից: Իսկ այսօր Սեուլում Կորեան կհանդիպի Գերմանիայի հետ, եւ եթե ինչ-որ հրաշքով հաղթեն դաշտի տերերը, ոչ ոք չի ափսոսա՝ գերմանացիներն այս առաջնությունում խիստ միատեսակ են ու ձանձրալի: Հետաքրքիր է, որ կորեացի երկրպագուներն իրենց թիմին մարզադաշտում քաջալերելու համար երգում են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից «Ցնծության ձոնը»: Գերմանացիների դեմ պայքարելու են իրենց իսկ կոմպոզիտորի միջոցով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել