Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ»

Հունիս 25,2002 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Ինչպե՞ս եք գնահատում վերջին իրադարձությունները խորհրդարանում եւ դրա շուրջ, նաեւ՝ իշխանության քայլերն այդ ուղղությամբ։ – Վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ բացահայտեցին իշխանության դեմքը։ Այս իշխանությունը հերթական անգամ ընտրեց անօրինականությունների, սպառնալիքների եւ շանտաժի ուղին, ինչը հեռանկար չունի։ Իշխանությունը իր իսկ քայլերով միայն խորացնում է անվստահությունը իր նկատմամբ։ – Դուք ասում եք, թե ընդդիմության նպատակը պիտի լինի այլընտրանք ներկայացնելը, եւ որ ընդդիմությունը պետք է ներկայացնի այդ այլընտրանքը, սակայն բավականին երկար ժամանակ 13-ը միասին են եւ ցայսօր չունեն միասնական ծրագիր եւ միասնական թեկնածու։ – Շատ հարցերի շուրջ համագործակցող կուսակցությունների տեսակետները համընկնում են։ Իհարկե, կուսակցությունների ծրագրերում կան նաեւ տարբերություններ, սակայն դա խոչընդոտ չպիտի հանդիսանա համագործակցության համար։ Հասարակությունը այսօր ակնկալում է համախմբում եւ քաղաքական ուժերը պետք է դա գիտակցեն։ Միասնական ծրագրի եւ թեկնածուի շուրջ համախմբման գալը ժամանակ եւ աշխատանք է պահանջում։ ՀԺԿ-ն հետեւողականորեն նպաստելու է համախմբման գործընթացներին։ – Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ հնարավո՞ր է, մի քանի կուսակցություններ միասնական թեկնածուով հանդես գան եւ ինչ-որ պահի դավաճանեն տվյալ թեկնածուին, անցնելով Քոչարյանի կողմը։ Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք։ – Եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Տեսականորեն որեւէ բան բացառել չի կարելի։ Բայց այսօր հիմքեր չունեմ այդպիսի ենթադրություն անելու։ – Պրն Դեմիրճյան, ընդդիմության համար խիստ կարեւոր պահերի դուք մեկ վիրահատվում էիք, մեկ էլ մեկնեցիք ԱՄՆ։ Ի դեպ, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Նահանգներում հանդիպումներ եք ունեցել մի շարք հայտնի հայերի, այդ թվում՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ։ – Որոշ լրատվամիջոցների միջոցով նորից շրջանառության մեջ են դրվում լուրեր, որոնք պակաս անհեթեթ չեն, որքան ԱՄՆ նախորդ այցելությանս ժամանակ շրջանառվածները։ ԱՄՆ կատարած այցը մասնավոր բնույթի էր եւ նախատեսված էր վաղուց։ Արմեն Սարգսյանին հանդիպել եմ պատարագի ժամանակ, դա չի եղել պայմանավորված հանդիպում։ Իսկ ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա բժիշկներն են որոշում՝ ե՞րբ է պետք վիրահատել, եւ ոչ թե քաղաքական իրադարձությունները։ – Իշխանության որոշ ներկայացուցիչների հետ ձեր կուլիսային շփումների մասին շշուկներ են տարածվում։ Դուք ի՞նչ նպատակով եք նման հանդիպումներ ունենում։ Արդյո՞ք դա կապված է Ա. Բազեյանի ակնարկած «ականների» հետ։ – ՀԺԿ գործունեությունը պետք է գնահատել՝ հիմք ընդունելով կուսակցության հրապարակային գործունեությունը, արված հայտարարությունները եւ այլն։ Ինչ վերաբերում է «ականներին», ապա այս իշխանության գործելակերպը ինքնին ամենամեծ «ականն» է իր համար։ Մենք կարող ենք հանդիպել տարբեր մարդկանց հետ, բայց կուլիսային խաղերի կարիք չունենք։ – Իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, թե վերջինս որոշ հարցեր շահարկելով ձգտում է գալ իշխանության։ – Այն հարցերը, որ այսօր բարձրացնում է ընդդիմությունը, հուզում են ամբողջ հասարակությանը։ Երբ պահանջվում է հրապարակային քննարկել համապատասխան մարմինների գործունեությունը՝ կապված «Հոկտեմբերի 27»-ի հետ, դա ի՞նչ է, քաղաքական շահարկո՞ւմ է։ Ակնհայտ է, որ այդ մարմինները թերացել են իրենց պարտավորություններում, հակառակն ապացուցել պարզապես անհնար է։ Առհասարակ, այս իշխանությունը իր բոլոր ձախողումները բարդում է ընդդիմության կամ ինչ-ինչ հանգամանքների վրա, իսկ երբ ընդդիմությունը իրավացիորեն մատնանշում է իշխանության սխալները, ասվում է՝ իշխանություն են ուզում։ Եվ, ի վերջո, ինչպե՞ս կարելի է երկիրը թողնել մի իշխանության ձեռքում, որի օրոք խախտվում է երկրի Գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, չեն բացահայտվում բազմաթիվ քաղաքական սպանությունները, ծաղկում են կոռուպցիան, անօրինականությունները, կամայականությունը, տեղի են ունենում սեփականաշնորհման խայտառակ գործընթացներ, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Հասարակությունը այլեւս չի հանդուրժում այս իշխանությանը, եւ դա որեւէ կապ չունի շահարկումների հետ։ – Շահարկումների մասին խոսում է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը չվարանեց մազոխիստ անվանել նրանց, ովքեր «Հոկտեմբերի 27»-ի մասին են շարունակ հիշեցնում, եւ անվերջ սուգ պահելու մասին ակնարկ արեց։ – Ոճրագործության լիարժեք բացահայտմանը հետամուտ լինելը եւ անվերջ սուգ պահելն ու մազոխիզմը տարբեր բաներ են։ Լիարժեք բացահայտումը պետք է ոչ միայն զոհվածների հարազատներին, այլեւ անչափ կարեւոր է մեր պետության համար։ Իսկ մազոխիզմի դրսեւորումները տարբեր են մեր իրականությունում։ Օրինակ, մենք տեսնում ենք նաեւ մազոխիզմի աստիճանի հասնող նվիրվածություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ընդ որում, այն մարդկանց կողմից, որոնք ժամանակին ամենաշատն էին հայհոյում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել