Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ

Հունիս 22,2002 00:00

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ Հայերենը բուհական համակարգում Հայաստանի Հանրապետության լեզվական օրենսդրության սկզբնավորման շրջանում (1990-93 թվականներ) քննարկման առարկա էր, թե արդյո՞ք հարկ կա հայերեն ուսուցանել բարձրագույն ուսումնական հաստատությունում: «Լեզվի մասին ՀՀ օրենքի» նախագծից համապատասխան դրույթը հանելու կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, որ միջնակարգ դպրոցն արդեն ապահովում է (կամ՝ պարտավոր է ապահովել) շրջանավարտների լեզվիմացության բավարար մակարդակ, ուստի բարձրագույն ուսուցման խնդիրը մասնագետ պատրաստելն է: Հայերենի՝ բուհական պարտադիր ուսուցման կողմնակիցները, լիովին ընդունելով այդ հակաճառությունը, այսինքն՝ ինքնին հասկանալի այն միտքը, որ բուհի խնդիրը հանրակրթության պակասը լրացնելը չէ, շեշտադրում էին մասնագիտական հայերենի հանգամանքը: Եվ ահա սեղանին է երկար սպասված, սակայն մեկեն հիասթափություն պատճառող մի գիրք՝ «Հայոց լեզվի դասընթաց տնտեսագիտական բուհերի համար, Եր., Տնտեսագետ, 2002»: Գիրքն այնքան պարզունակ է, հեղեղված լեզվաոճական ու տրամաբանական բազում սխալներով, փաստական անճշտություններով, որ միայն ու միայն արժանանալու է ուսանողության ծաղրուծանակին, ինչը, դժբախտաբար, հանգեցնելու է հայերենի վարկի իջեցմանը (որն առանց այդ էլ խիստ ցածր է հայոց լեզվի բուհական ամբիոնների գործունեության հետեւանքով): Ահավասիկ «բառ» հասկացության սահմանումը. «Լեզվական այն միավորը, որն օժտված է բառիմաստով, ինքնուրույն գործածությամբ, բառային շեշտով, կոչվում է բառ» (էջ 30): Պիտի սահմանվի «բառ»-ը, մինչդեռ արդեն գործածում ենք տակավին չսահմանվածի կապակցությունները: Այս սխալը (որը, ի դեպ, հաճախադեպ է լեզվաբանների աշխատություններում) կոչվում է «կրկնաբանություն սահմանման ընթացքում», երբ նույնը սահմանվում է նույնով (idem per idem): Մինչդեռ այստեղ գյուտ անելու կարիք բնավ չկա. տե՛ս «բառ»-ի սահմանումը «Լեզվաբանական բառարանում». «Լեզվական ինքնուրույն միավոր, որ ներկայացնում է հնչյունախմբի կամ առանձին հնչյունի եւ որոշակի նշանակության (իմաստի) միասնություն»: Որ սա պատահական սայթաքում չէ, այլ մտածելակերպ, համոզվենք եւս մեկ օրինակով՝ դարձույթներից մեկի հեղինակային սահմանմամբ. «Շրջասույթն այն արտահայտությունն է, երբ միեւնույն երեւույթը դրսեւորվում է այլ արտահայտությամբ, այսինքն՝ շրջասությամբ» (68): «Ոճ բառը ծագում է լատիներեն stilus բառից,- բացատրում են հեղինակները,- որը անցել է հունարենին stilos ձեւով, իսկ այլ լեզուներին՝ նաեւ stil ձեւով» (61): Սա «հայտնագործություն» է. ոչ միայն այդ, այլեւ համագիտական շատ բառեր հունարենից են անցել լատիներենին, այն պարզ պատճառով, որ լատիներենն ավելի ուշ է ձեւավորվել, քան հին հունարենը: Շարունակենք: «Ազգային կողմնորոշումը», ըստ հեղինակների, նշանակում է կողմնորոշում8230«դեպի որեւէ քրիստոնեական խոշոր տերություն» (12): Առհասարակ՝ «ազգային գաղափարախոսություն» թեման (գլուխ երրորդ) արհեստականորեն է խցկված գրքի մեջ: Փոխարենը՝ անտեսված է ՀՀ պետական լեզվաքաղաքականությունը, մի խոսք չկա լեզվական օրենսդրության մասին, սխալ է մեկնաբանված «պետական լեզու»-ն (54), իսկ «պաշտոնական լեզու»-ն առհասարակ չի հիշատակվել: Ասվում է, թե Մաշտոցը կատարել է մի շարք թարգմանություններ, «նախ՝ Սողոմոնի առակներից, ապա Սուրբ գրքից հատվածներ» (8): Հեղինակների անտեղյակության պատճառով այն տպավորությունն է առաջանում, թե դրանք տարբեր գրքեր են, այնինչ Սողոմոնի նշանավոր առակները հենց Սուրբ գրքի՝ Աստվածաշնչի մեջ են: «Քրիստոնեությունը նույնիսկ քարոզում է մարդուն դարձնել աստված» (11): Բնավ կարիք չկա կրոնի տեսաբան լինել այս տարօրինակ ձեւակերպումը մերժելու համար: Իսկ ի՞նչ գործ ունեն, առհասարակ, այս եւ այսօրինակ, ընդունելի կամ անընդունելի մտքերը (թեմաները) տվյալ աշխատության մեջ, մի՞թե բուն թեմայի վերաբերյալ՝ «տնտեսագիտական բուհի ուսանողների համար» նախատեսված գործնական հայերենի մասին, ամեն ինչ սպառիչ ասվել է, որ հեղինակները դիմում են հավելյալ նյութի: Աշխատության ոճական մակարդակը բնութագրող մի քանի նմուշ՝ «Թարգմանությունները ստացվում են առավել քան հաջողված» (8): «Լեզվի գերակա դիրքն առաջին անհրաժեշտությունն է աշխարհը ճանաչելու հարցում» (12): «Մեր մշակութային արժեքների մի հսկայական մաս այդպիսի զոհողությունների գնով են հանգրվանում մայր հայրենիքի համապատասխան օջախներում» (71): Սա հայերե՞ն է, սա՞ է այն հայերենը, որ մենք պիտի մատուցենք մեր բուհի ուսանողներին (ովքեր, ի դեպ, հայերենով են ունկնդրում դասախոսությունները՝ շատ ավելի կատարյալ հայերենով, քան այս գրքի կաղ լեզուն է): Մի՞թե մասնագետ լեզվաբանը կարող է իրեն թույլ տալ գործածելու «վեհանձն պահանջ» (8) բառակապակցությունը՝ ներքնապես անհամատեղելի բաղադրիչներով, կամ «մշակութային փայլատակումներ» (70) ճոռոմաբանությունը, վերջապես՝ տարրական սխալ՝ «ի ապացույց դրա» (10) եւ այլն: Հեղինակային նորամուծություններից է «դարձվածք» եւ «դարձված» հասկացությունների շփոթը (գլուխ տասներեքերորդ): Լեզվաբանական գրականության մեջ կայունացել է դրանց հետեւյալ տարաբաժանումը՝ առաջինը գործածվում է դարձվածաբանական միավորի (idiom) նշանակութամբ, երկրորդը՝ դերբայական դարձվածի: Եթե հեղինակներն այս վերջին դիտողությունը կարող են մերժել՝ վկայակոչելով, դիցուք, իրենց անձնական կարծիքի իրավունքը, ապա այդ ի՞նչ իրավունքով են նրանք լեզվաբանությունից վռնդում «առած» հասկացությունը՝ խոսելով միայն «ասացվածքներից» (50-51): Ինչո՞վ նրանց չի գոհացնում «առածանի» սքանչելի բառը (ասացվածքների ու առածների ամբողջությունը այդպես հաջող նշող), մի՞թե նրանց ծանոթ չէ Արամ Ղանալանյանի «Առածանի» մեծարժեք աշխատությունը, որի հեղինակը, ի դեպ, հատուկ քննարկել է «առածի» ու «ասացվածքի» տարբերության հարցը: Իհարկե, դարձյալ հեղինակների իրավունքն է, սակայն մի՞թե «տնտեսագիտական դարձվածները» (ըստ իս՝ դրանք համագործածական են, այլ ոչ թե նեղ ճյուղային. սա մի անճարակ փորձ է արդարացնելու գրքի երեւութական ուղղվածությունը տնտեսագիտական բուհի ուսանողներին) առավելապես խարդախությանն ու կաշառակերությանն են վերաբերում (51-52): «Լեզվաբանության մեջ հնդեվրոպացիների բնակության վայրի վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում արտահայտվել են տարբեր կարծիքներ» (4): Իհարկե, որոնել են հնդեվրոպական լեզուների (ցեղակից լեզուների ընտանիք՝ հունարենը, հայերենը, ալբաներենը, ռոմանական, սլավոնական եւ այլ լեզուներն ու լեզվախմբերը) հայրենիքը: «Հնդեվրոպացի» գոյություն չի ունեցել (ասենք, արդեն գոյություն ունի ԵրՊՏԻ հայոց լեզվի ամբիոնի հրատարակած գրքում): Ի դեպ, «հնդեվրոպացիների բնակության վայրի» որոնումներում հեղինակներն այնքան անփույթ են շարադրել ասելիքը, որ ակամա նորամուծություն են կատարել աշխարհագրության մեջ. պարզվում է «Եվրոպա»-ն զբաղեցնում է ընդամենը «Բալթիկայից մինչեւ Սեւ ծովը ընկած հատվածը» (4), եւ հենց «Բալթիկա»-ն էլ առեղծվածային մի բան է դառնում. եթե դա ծովն է, ապա հայերեն անվանվում է «Բալթիկ ծով», եթե լեզվախումբն է, ապա՝ «բալթիական լեզուներ», իսկ թե տարածք է՝ «Մերձբալթիկա»: «Ձեւաբանական ուղղագրություն» հասկացությունը լիովին ըմբռնելի է, ընդունված՝ լեզվաբանական գրականության մեջ, սակայն «ձեւաբանական ուղղախոսությունը» (22) հեղինակների ակամա գյուտերից մեկն է: Ավարտական մասը՝ «Գործնական գրություններ»-ի բաժինը հնացած է, սխալաշատ, զիջում է եղած տեղեկատուներին: Հիասթափեցնում է գրքի «Բովանդակություն»-ը. երկու էջանոց ցանկում 14 (տասնչորս) կետադրական սխալ կա: Տասներորդ գլխի անվանումն էլ աղավաղված է: Գրքի ենթավերնագիրը («տնտեսագիտական բուհերի ուսանողների համար») ընդամենը մերկապարանոց հայտարարություն է: Շարադրանքը բոլորովին չի համապատասխանում մասնագիտական հայերենի ձեռնարկ լինելու հավակնություններին: Թե՛ տեսական, թե՛ առավել եւս գործնական առումով այս հրատարակությունը օգտակար ոչինչ չի կարող տալ ժամանակակից ուսանողին: Բանը զավեշտի է հասնում. ուզում ես ակամա հարցնել՝ եթե «Էդգարի նախընտրած մասնագիտությունը տնտեսագիտությունն է» (73) վերլուծման ենթակա օրինակ-նախադասության մեջ Էդգարի նախընտրությունը լիներ բժշկությունը, հնարավո՞ր չէր դառնա սույն դասընթացը վերահասցեագրել ապագա բժիշկներին: Պակաս զավեշտ չէ խճողված հայերենով հավակնոտ հայտարարությունը. «Հետազոտվող նյութերի գերագույն նպատակը (անտարակույս, այսօրինակ գրքում նյութերն էլ ինքնուրույն նպատակ կունենան, այն էլ գերագույն – Վ. Մ.) համազգային լեզվի մի որոշակի շերտը կազմող տնտեսագիտական ենթալեզվի առանձնացումն ու մատուցումն է ապագա մասնագետներին, առանց որի վերջիններս ակնհայտորեն կդժվարանան հաղորդակցվել սեփական մասնագիտական բառապաշարով» (3): Մենք, ընդհակառակը, համոզված ենք, որ տնտեսագետները սեփական մասնագիտական բառապաշարով հրաշալի հաղորդակցվում են եւ հաղորդակցվելու են այսուհետ եւս, եթե հեռու մնան այս մեծադղորդ հայտարության հեղինակներից: Առավել քան զավեշտական է նախաբանում արված հավաստիացումը, թե «նախադեպը չունեցող նման դասընթացը» կազմելիս հեղինակներն «առաջնորդվել են ոչ միայն իրենց ուսումնասիրություններով, այլեւ յուրաքանչյուր ուղղությանը վերաբերող միջազգային ձեռքբերումներով» (3): Բարեբախտաբար, ե՛ւ միջազգային ձեռքբերումները, ե՛ւ հայ լեզվաբանների գիտական ու գործնական ուղղվածության շատ հրապարակումներ ընդհանրություն չունեն տկարամտության հետ: Թեպետ, հեղինակներն իսկապես «առաջնորդվել» են. գրքի մեծ մասը արտագրություն է՝ կա՛մ «ամոթխած» ծաղկաքաղի տեսքով, կա՛մ բացահայտ գրագողության՝ բառ առ բառ: Այսպես՝ համեմատենք: «Հաղորդակցումները վերեւից ներքեւ ուղղվածություն ունեն այն դեպքում, երբ կառավարման բարձր մակարդակից տեղեկությունը հաղորդվում է ստորին մակարդակին: Կառավարման ստորադաս մակարդակին հաղորդվում է տեղեկություն ընթացիկ խնդիրների, տարբեր առաջադրանքների, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքների առաջնահերթության փոփոխության եւ այլնի մասին» (88): Ահա «մեջբերման» (իհարկե, ո՛չ մի մեջբերում, ո՛չ մի հղում, անգամ հիշատակում չկա արտագրության աղբյուրի մասին) բնագիրը. «Կոմունիկացիաները վերեւից ներքեւ ուղղվածություն ունեն, երբ կառավարման բարձր մակարդակից տեղեկությունը հաղորդվում է ստորադաս մակարդակին: Կառավարման ստորադաս մակարդակներին հաղորդվում է տեղեկություն ընթացիկ խնդիրների, տարբեր առաջադրանքների, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքների առաջնահերթության փոփոխության եւ այլնի մասին» (Մենեջմենթ/Տ.գ.դ., պրոֆ. Յու. Մ. Սուվարյանի ընդ.խմբ., Եր., Տնտեսագետ, 1999, էջ 148): Փոքր-ինչ խմբագրել էին, չէ՞: Իսկ այս մեկը իրենց երեւի շատ է դուր եկել. «Բացի նշված վարընթաց ուղղությունից, ձեռնարկությունում իրականացվում են նաեւ վերընթաց հաղորդակցումներ, այսինքն՝ տեղեկության փոխանցումը ստորին մակարդակներից բարձրերին, որի շնորհիվ վերջինները տեղեկացվում են ստորին մակարդակներում առկա հիմնահարցերի եւ իրավիճակների մասին ու առաջարկում դրանց վերացման, կարգավորման հնարավոր տարբերակներ: Վերընթաց եղանակով տեղեկության փոխանակումը հիմնականում տեղի է ունենում հաշվետվությունների, առաջարկությունների, ահազանգերի, զեկուցագրերի եւ այլնի ձեւով» (88): Ահա աղբյուրը. «Բացի նշված վարընթաց փոխանակումից, ձեռնարկությունում իրականացվում են վերընթաց հաղորդակցումներ: Այսինքն՝ տեղեկության փոխանցումը ստորին մակարդակներից բարձրերին, որի շնորհիվ վերջինները տեղեկացվում են ստորին մակարդակներում առկա հիմնահարցերի եւ իրավիճակի մասին ու առաջարկում դրանց վերացման (կարգավորման) հնարավոր տարբերակներ: Վերընթաց եղանակով տեղեկության փոխանակումը հիմնականում տեղի է ունենում հաշվետվությունների, առաջարկությունների, ահազանգերի, զեկուցագրերի եւ այլնի ձեւով» (Մենեջմենթ, էջ 148): Ավարտենք գրախոսվող (մենք, ցավոք, խախտեցինք կարգը՝ մեզանում գրախոսություն ասվածը գրեթե ներբողական է) աշխատությունից մի մեջբերումով. «Խոսքը հասկանալի է, ազդեցիկ, համոզիչ, միայն այն դեպքում, երբ նկատի է առնվում տրամաբանական մտածողության պահանջները» (91): Ի դեպ, չմոռանանք նաեւ այս մտքի աղբյուրը նշել. «Խոսքն ազդեցիկ է, եթե հասկանալի է ու համոզիչ, եթե8230համապատասխանում է տրամաբանական մտածողության պահանջներին» (Մենեջմենթ, էջ 349): Լիովին համաձայն ենք թե՛ բնագրի, թե՛ դրա պատճենման հեղինակների հետ: Սակայն առաջիններից վերջինները գոնե արտագրել են՝ այնքան որ ազդեցիկ ու համոզիչ է եղել նրանց խոսքը: Իսկ ի՞նչ կարող ենք ասել հայոց լեզվի այս դասընթացի մասին, որին այսքան սպասում էինք. միայն մեկ բան, որքան շուտ դուրս հանվի շրջանառությունից, այնքան լավ: Տիտղոսավոր լեզվաբանների երկնած այս խոտանը, վնասից բացի, ոչինչ չի տալու ուսանողին: Եվ կարծես արդարացի են նրանց տրտունջները, ովքեր դեմ են հայերենի բուհական ուսուցմանը. գուցե մե՞նք ենք սխալ եղել, պնդելով հակառակը: Բուհական մասնագետների այս «գլուխգործոցը» այլ եզրակացության տեղ չի թողնում: ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել