Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնում բոլորը խենթ են»

Հունիս 22,2002 00:00

«Թատրոնում բոլորը խենթ են» Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազարյանը իր մուտքը թատրոն համարում է ճակատագիր։ Նա կոմեդիայի թատրոն եկել է 75 թվականին՝ Կարպ Խաչվանքյանի հրավերով։ Նրան շատերը հիշում են իր հրաշալի դերերով (Ադելաիդա՝ «Տաքսի-տաքսիում», Զառա՝ «Իմ զոքանչում», Կոզա՝ «Պահանջվում է ստախոսում» եւ այլն)։ «Ես շատ ուրախ եմ եւ միաժամանակ հպարտ, որ մասնակցելով միջազգային թատերական փառատոնի, կարողացել եմ ըստ արժանվույն ներկայացնել հայ թատերարվեստն օտար բեմերում (նկատի ունի Իրաքի 8-րդ միջազգային փառատոնում կանացի լավագույն դերի համար ստացած Գրան պրին)։ Մեր հաղթանակը զարմանալիորեն անչափ ջերմ էր ընդունվում օտար բեմերում, ինչը, ցավոք, բացակայում է մայր հայրենիքում։ Այսօր, չգիտես ինչու, նվազել է իշխանավորների սրտացավ վերաբերմունք-ուշադրությունը արվեստի՝ մասնավորապես թատրոնների նկատմամբ, որտեղ, ինչպես մեր գեղարվեստական ղեկավարն է սիրում կրկնել, եւ ես համամիտ եմ, «բոլորը հերոսներ են եւ խենթեր»։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր ի պաշտոնե պիտի տեր կանգնեն թատրոնին, որ մնան իրենց տեղերում, որովհետեւ թատրոնը ազգի պատմությունն է ու մնայուն արվեստ»,- կարծում է Մ. Ղազարյանը։ Մեր զրույցի ընթացքում անդրադառնալով թատրոնի այսօրվա վիճակին եւ այնտեղ տեղի ունեցող սերնդափոխությանը, դերասանուհին նկատեց. «Այսօր գերխնդիր է դարձել թատրոնների պահպանումը։ Ցավալի է, բայց նաեւ փաստ, որ մեր թատրոնում ֆինանսական սուղ պայմաններից ելնելով՝ գրեթե չեն բեմադրվում մեծ ծախսեր պահանջող շատ արժեքավոր գործեր, հիմնականում օպերետներ եւ վոդեւիլներ։ Փոխարենը ունենք քիչ ծախսատար կոմեդիաներ։ Ինքնաֆինանսավորման պայմաններում հազիվ ենք կարողանում ապահովել մեր թատրոնի խաղացանկը։ Միակ ուրախալի բանն այն է, որ կան շատ շնորհալի երիտասարդներ, որոնց վրա արժե հույս դնել»։ Դերասանուհին հպարտ է, որ պատիվ է ունեցել աշխատելու բեմի այնպիսի նվիրյալների հետ, ինչպիսիք են Կ. Խաչվանքյանը, Ստ. Հարությունյանը, Մ. Համամջյանը, Ս. Գնունին եւ այլք։ 1975թ. մինչեւ օրս կերտած իր դերերի մասին նա այսպես է արտահայտվում. «Միշտ ձգտել եմ, որ դրանք նման չլինեն իրար։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր դերասան պետք է ունենա իր ինքնատիպ խաղ-ձեռագիրը։ Իմ դերերի մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք առավել սիրելի են ինձ, քանի որ դժվարությամբ են տրվել, օրինակ, Էլիզը՝ «Իմ չքնաղ լեդիում», Ագաֆիան՝ «Ամուսնությունում», Մարիամը՝ «Ամենափրկիչ ջրհեղեղում», Խանումը՝ «Խանումի արարքներում»։ Անչափ կարեւորելով թատրոնի ու բեմի դերն իր կյանքում, Մ. Ղազարյանն ասում է. «Մինչ օրս անասելի հուզվում եմ բեմ բարձրանալիս, ինչն, ի դեպ, շատ անհրաժեշտ է դերասանին։ Երբ դերասանը հուզմունք չի ապրում, նշանակում է ստեղծագործելու ընդունակ չէ։ Այն օրը, երբ դադարեմ հուզվել, ես էլ բեմ չեմ բարձրանա»։ Մարիամ Ղազարյանն այժմ պատրաստվում է թատրոնի 60-ամյակին նվիրված «Ատամնաբույժն արեւելյան» օպերետի բեմադրությանը, որտեղ կմարմնավորի գլխավոր հերոսուհուն՝ Մարթային։ Ըստ նրա, Մելինե Համամջյանի մեկնաբանումից հետո, Մարթայի դերը շատ բարդ է եւ անչափ պատասխանատու։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել