Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Հունիս 22,2002 00:00

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ «Հայավարի ենք «գործում» միայն ֆինանսների հարցում, իսկ արվեստում փորձում ենք լինել պրոֆեսիոնալ։ Սովորական հայկական վիճակ է»,- ասում է «Նանե» շոու-բալետի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը։ «Նանե» շոու-բալետը ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից (ԱՄՆ, ՌԴ քաղաքներ) դուրս։ «Էթնո-ջազ» ոճում կայացած պարային այս կոլեկտիվը՝ պահպանելով հայկական պարարվեստի սկզբունքները, առանձնանում է կատարման յուրահատուկ ոճով։ 1996 թվականին ծնված կոլեկտիվի համար անցած (թեկուզ ոչ երկար) ստեղծագործական ճանապարհը այնքան էլ հարթ չի եղել։ Շտապելով ասենք, որ մեր հանդիպման ժամանակ, շոու-բալետի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի հետ, չլսեցինք եւ ոչ մի դժգոհության ակնարկ նույնիսկ։ Նրա խոսքերով. «Անհանգիստ ու լարված մթնոլորտում, ամենածանր հոգեվիճակի մեջ անգամ ես եւ Ասյա Մխիթարյանը (ի դեպ, կոլեկտիվն ունի երկու գեղարվեստական ղեկավար), տնօրեն Անահիտ Բաբայանը չդադարեցինք աշխատել ու սովորել, հղկվել ու կատարելագործվել։ Բալետի իսկական արտիստուհին միշտ էլ ինչ-որ տեղ աշակերտուհի է մնում, անվանի լինի, թե կորդեբալետի պարուհի։ Ամենօրյա համառ ջանքերով կարելի է հասնել ամրության ու սեփական մարմնին տիրապետելու ուժին։ Ամենադժվար պարաքայլերը ամենաարագ տեմպով կատարելիս անգամ հանդիսականին դժվար չպիտի թվան…»։ Իհարկե, տեխնիկայով փայլելու համար երկար տքնել է հարկավոր, սակայն այդ տեխնիկան, ընդհանրապես աշխատանքի «խոհանոցը» թաքցնելու համար պետք է կրկնակի տեխնիկա ունենալ, իսկ աշխատանք կատարելու համար, բնականաբար՝ աշխատատեղ։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Ոսկին ցեխի մեջ էլ է փայլ տալիս, միայն՝ վերցնող է պետք»։ Եվ այս «ոսկին» վերցրեց, ասել է թե՝ փորձասենյակ տրամադրեց (միայն ամիսներ առաջ) պետական գույքի կառավարման նախարարությունը։ Երկու գեղարվեստական ղեկավարներն էլ զարմանալի լրջությամբ են վերաբերվում ամենօրյա պարապմունքներին, վարակում են ամբողջ խմբին. նրանց կողքին անհնար է հենց այնպես պարապել։ Մեկը մյուսի հետեւից հաղթահարվում են ժողովրդական, դասական եւ ժամանակակից պարերի դժվարագույն տեխնիկայով հագեցած դերապարերը։ Սակայն պարն անողոք օրենքներ ու ներքին օրինաչափություններ ունի։ «Ոչ մի ձեռքբերում քոնը չի մնա, եթե թեկուզ կարճ ժամանակով դադարես աշխատել, աշխատել՝ բառիս բուն իմաստով, ֆիզիկապես։ Մեկ ժամ, երկուսը, երեքը, չորսը…»,- ասում է Ն. Տոպոլյանը։ «Նանեի» բեմական հմայքի մասին խոսել հարկավոր չէ, այն պետք է միայն դիտել ու վայելել։ Գեղարվեստական ղեկավարների կողմից բեմադրած «Էրվում եմ, էրվում», «Դլե յաման», «Մայրիկ», «Շինդլերի ցուցակը», «Մուշ», «Իսպանական», «Clogging» համարները տպավորիչ են ու արտասովոր թատերական, ամբողջովին լցված զգացմունքով, կրակով ու կրքով։ Պարային արվեստում «գործողությունները», սովորական բեմական տեսարանների իմաստով, հասցված են նվազագույնի, իսկ հիմնական գործող անձինք արվեստում իր տեղը փնտրող ստեղծագործողի հոգեկան ապրումներն ու հույզերն են։ Սա նշանակում է, որ կերպարները բնութագրելու ծանրությունը հավասարապես բաշխվում է երաժշտության եւ արտիստների բեմական արտահայտչության վրա։ Այստեղ է, որ անհրաժեշտ ու միանգամայն համոզիչ է դառնում խորեոգրաֆիայի թարմացումը։ Այստեղ է, որ բարդ խնդիր կամ խնդիրներ են լուծում Ն. Տոպոլյանն ու Ա. Մխիթարյանը, այն է՝ «Էթնո-ջազ» ոճում սինթեզել ժողովրդականը, դասականը, ժամանակակիցը։ Վերջերս Ազգային օպերային թատրոնում կայացավ «Էրվում եմ, էրվում…» երգի եւ պարի թատերականացված համերգը «Նանե» շոու-բալետի ու Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ։ Ամբողջ ծրագիրը հանդիսականին պարզապես էրեց ոչ միայն կատարողական բարձր մակարդակով, այլ նաեւ զգեստներով, բեմում տեղադրված էկրանային համակարգով, բեմի ձեւավորմամբ եւ, իհարկե, բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանի ինքնատիպ երեւակայությամբ։ Դժվար է հավատալ, բայց այս կոլեկտիվում ամեն ինչ արվել եւ արվում է առանց դրսի միջամտության, ասել է թե՝ որեւէ մեկի հովանավորության։ Ինչեւէ, կա ամենակարեւորը՝ սերը, նվիրվածությունը, ամենօրյա «ներխուժումը» պարային արվեստի գաղտնարաները։ Այսօր արդեն փաստ է մի բան՝ «Նանեն» քայլում է իսկական արվեստի ճամփաներով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել