Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Հունիս 22,2002 00:00

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ «Մի օր շուտ օրենք ու իրական իրավունք ունենանք՝ այս է իմ ցանկությունը»: 1999թ. հոկտեմբերի 16-ին, ՍԴ-ի նիստին մասնակցելուց հետո, մտնելով մամուլի քարտուղարի սենյակը, Վլադիմիր Նազարյանն այսպես գրեց այցելուների համար նախատեսված մատյանում: ԱԺ իրավաբանական վարչության այն ժամանակվա պետը թե ինչու էր դժգոհ իրական իրավունքի բացակայությունից, միայն ինքը գիտեր ու հիմա էլ միայն իր իմացածով ցավալիորեն հեռացավ կյանքից: Շրջապատի որոշ մարդկանցից նեղված, աշխարհից մի քիչ խռով, լյարդի մշտական ցավերից արդեն հոգնած՝ նա մի քիչ վերագտավ իրեն, երբ սրտամոտ ընկերն առաջարկեց աշխատանքի անցնել Սահմանադրական իրավունքի կենտրոնում որպես խորհրդական: ԱԺ-ի իր աշխատանքից, կարծում եմ, այնքան էլ ոչ հիմնավոր պատճառներով հեռացված մարդը պարզապես քայլող հանրագիտարան էր, եւ խելամիտ մարդիկ պիտի որ օգտվեին Նազարյանի շռայլ գիտելիքներից ու փորձից: Եվ շահեց աշխատանք առաջարկողը՝ մշտապես իր կողքին ունենալով փորձառու իրավագետին եւ համահեղինակային արժեքավոր մի գրքի հրատարակումը նախաձեռնելով (մարդուն բարոյապես ու սոցիալապես աջակցելը մի կողմ), շահեցին սահմանադրական դատարանի այն աշխատողները, ում համար պարբերական խորհրդատվական սեմինարներ էր անցկացնում, օգտվեցին տարբեր բուհերի իրավաբանական բաժինների ուսանողները, որոնք ՍԴ գրադարանում համարյա ամենօրյա հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ էին ունենում Վլադիմիր Նազարյանի հետ: Կյանքում ոչ մեկին երբեւէ վատություն չարած այդ բարի մարդը, զարմանալի է, մեն-մենակ թողեց իր աղջկան՝ գնալուց առաջ իր թողած գրությամբ խնդրելով. «Ինչքան լավ բան եմ արել, այդ բոլորը թող փոխանցվի աղջկաս»: Առեղծվածային, հանելուկային մահը 70-ամյա իրավագետին հեռացրեց մեզանից, եւ այլեւս հուշի տեսքով կմնան նրա խելացի խորհուրդները, աշխույժ զրույցներն ու հումորը, որոնք ոչ մի կերպ չեն համադրվում մահվան գնալու նրա ընտրած ա՛յդ ճանապարհի հետ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել