Հրատապ պահանջ Հայ ժողովրդի ցրված բնակեցումը, որ դարասկզբին Թուրքիայում կազմակերպված եղեռնի հետեւանք է, մինչեւ հիմա եղել է մեր ցավը, մեր մտատանջությունը։ Եվ դա բնական է, որովհետեւ հայերիս ընդհանուր թվի շուրջ 3/4-ը ապրում է մի քանի տասնյակ երկրներում եւ միայն 1/4-ը՝ հայրենի երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները։ Այժմ այլ երկրներում ապրող հայերը հնարավորություն ունեն իրենց ապրած երկրի գիտատեխնիկական նվաճումները բերել եւ ներդնել հայրենի երկրում։ Ի դեպ, պատերազմից հետո, ճապոնացիներն իրենց բուհերն ավարտած երիտասարդներին ուղարկեցին արտասահմանյան զարգացած երկրների համապատասխան բուհերում գիտելիքները խորացնելու, ավելի պարզ ասած՝ դրսի տեխնիկայի եւ տեսական նվաճումները հայրենի երկրում ներդնելու նպատակով։ Նաեւ նման գործունեությամբ կարելի է բացատրել, որ կարճ ժամանակում Ճապոնիան կարողացավ վերականգնել պատերազմի հետեւանքով ավերված տնտեսությունը եւ զարգացման մակարդակով հասնել եւ անցնել առավել զարգացած երկրներից։ Եվ դա գնահատվեց որպես «ճապոնական հրաշք»։ ԽՍՀՄ տարիներին նման քայլ հնարավոր չէր իրականացնել, եւ միայն Միության փլուզումից հետո, երբ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, հնարավորություն ստեղծվեց օգտագործել աշխարհով մեկ սփռված հայերի ներուժը։ Ահա հենց այդ մտադրությամբ կազմակերպեցի ուսանողական համազգային վեհաժողովներ, որոնց, բացի տեղացի ուսանողներից, մասնակցում էին նաեւ Սփյուռքի մեր հայրենակից ուսանողները։ Յուրաքանչյուր վեհաժողովին մասնակցում էր 80-100 արտասահմանցի ուսանող։ Ընդ որում, յուրաքանչյուր վեհաժողովի արդյունքները հրատարակվել են առանձին գրքույկներով։ Վեհաժողովները մեծ դեր էին խաղում նաեւ Սփյուռքի գաղթօջախների եւ Հայաստանի ուսանողների բարեկամական հարաբերությունների ձեւավորման գործում։ Ես հավատում էի, եւ այժմ էլ լիովին հավատում եմ, որ աստիճանաբար ճապոնական փորձը կիրականացվի նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում։ Ի դեպ, աշխատանքները խելացի՝ «ճապոնավարի» կազմակերպելու պարագայում կարող ենք մեծապես շահել։ Այո, այսօր ժամանակները աշխատում են հայերիս, նաեւ մեզ նման ցրված ժողովուրդների օգտին։ Այդ աշխատանքը գիտական հիմքի վրա՝ հիմնավորված կազմակերպելու դեպքում, կարող ենք մեծապես շահել։ Ահա այդ նպատակով առաջարկում եմ Հայրենիք-Սփյուռք բազմաբնույթ աշխատանքը հիմնավոր կազմակերպելու համար ԱԳՆ կառույցում ստեղծել համապատասխան կոմիտե կամ Հայրենիք-Սփյուռք կապերի համակարգման նախարարություն։ Գտնում եմ, որ առանց հետաձգելու հրատապ պետք է գնալ այդ քայլին։ Ավելին, միաժամանակ օգտակար կլինի հիմնադրել Հայրենիք172Սփյուռք մամուլ։ Անշուշտ, արժե պարզել, թե, այնուամենայնիվ, ինչպես եղավ, որ դադարեցվեցին «Պարմանի» հիմնադրամի կողմից կազմակերպվող համազգային վեհաժողովները։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Պարմանի» համազգային բարեգործական հիմնադրամի նախագահ