Լրահոս
Օրվա լրահոսը

Ես լավն եմ, գնեք ինձ

Հունիս 22,2002 00:00

Ես լավն եմ, գնեք ինձ Ուսումը այլեւս ապրանք է, գին ունի, կարելի է ասել՝ վաճառվում է եւ, ուրեմն, հարկ կա նաեւ գովազդելու։ Բայց քանի որ դա թանկ հաճույք է, հարկավոր է այդ անել կարճ ու դիպուկ։ «Անանիա Շիրակացի» կրթօջախն իր հեռուստագովազդում այդպես էլ վարվում է. էկրանին հայտնվում է ուսումնական հաստատության էմբլեմը, եւ լսվում է հաղորդավարի ձայնը. «Շիրակացի ճեմարան՝ բարձրակարգ ուսում»։ Ընդհանրապես, ազդի եւ գովազդի տարբերությունը մեզ ներկայանում է այսպես. ազդն այն է՝ ինչ-որ կա, գովազդը՝ այդ «ինչ-որ կա»-ի փաթեթավորումը։ Ապրանքը քոնն է, փաթեթավորիր ինչպես ուզում ես։ Ամենահասարակ ապրանքն էլ կարելի է ներկայացնել շքեղ փաթեթով։ Բայց եթե սովորական ապրանքի պարագայում (ասենք՝ լվացքի փոշու) մեկ անգամ օգտագործելիս, կարճ ժամանակահատվածում կարող ես պարզել, թե այն իրոք այնպիսի՞ն է, որպիսին գովազդվում է (կատարյալ մաքրություն, ձմեռային թարմություն, ձյունաճերմակ մաքրություն եւ այլն, եւ այլն), ապա կրթության հարցում, ինչպես հասկանում եք, հանգել եզրակացության (բարձրակարգ է այն, թե ոչ)՝ կարճ ժամանակում անհնար է, իսկ առարկայական (օբյեկտիվ) գնահատական տալ՝ անհնար է առավել եւս։ Կարո՞ղ եք պատկերացնել այսպիսի տեսարան. ուսանողը ներկայանում է քննության եւ ասում դասախոսին. «Իմ գիտելիքները գերազանց են, գնահատեք ինձ գերազանց», եւ դասախոսը այդպես էլ վարվում է՝ առանց քննելու ուսանողին, առանց պարզելու իրական գիտելիքը։ Կրթահամալիրները մեզանում շատացել են, ինչպես սնկերը անձրեւից հետո։ Մրցավազքի ազդանշանը տրված է, կարելի է ենթադրել, որ նրանցից յուրաքանչյուրը կսկսի իր՝ «ավելի բարձրակարգ ուսումը» գովազդել։ Մեր համեստ կարծիքով, պետք չէ գովազդով առանձնապես ոգեւորվել։ Նախ՝ կա հակառակ էֆեկտի գործոնը («լավ ապրանքը չեն գովազդում»), ապա՝ մարդիկ ձեռք են բերել իմունիտետ, անտարբեր են դարձել գովազդի հանդեպ, անտեսում են այն։ …Սակայն գովազդի՝ առանց այն էլ ահռելի չափաբաժինը եթերում գնալով անտանելիորեն մեծանում է։ Շուտով կկարողանանք ասել, թե գովազդի դադարների ժամանակ հաղորդումներ են տրվում։ Կրթությունը ծխախոտ կամ թունդ ալկոհոլային խմիչք չէ, ոչ մեկի մտքով չի անցնի արգելել դրա գովազդը, բայց խելամիտ լինել՝ չի խանգարի։ Նաեւ գումարներն են ափսոս։ Կ. ՎԱԼԵՐՅԱՆ Այս արձագանքին հավելենք, որ այս շրջանում ակտիվացող կրթական գովազդների մեջ առանձնանում են հատկապես մասնավոր բուհերի գովազդները, որոնք հաճախ կեղծում են իրականությունը։ Մասնավորապես, ներկայանում են որպես հավատարմագրված բուհեր, երբ միայն մեկ մասնագիտությունն է հավատարմագրված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել