Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԱՆՁԱՄԲ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՄ

Հունիս 22,2002 00:00

ԵՍ ԱՆՁԱՄԲ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՄ Բաց նամակ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր պրն Սամվել Ուզունյանին Հարգելի դատավոր, ինչպես գիտեք, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո հանրապետությունում ստեղծվել է բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որը չի կարող չմտահոգել քիչ թե շատ առողջ բանականություն ունեցող ցանկացած հայի։ Մթնոլորտի շիկացմանը էլ ավելի են նպաստում հանրությանը մատուցվող՝ հանրապետության նախագահի՝ «27»-ին մասնակցության կամ տեղյակ լինելու կասկածանքի վարկածները։ Իբրեւ ՀՀ շարքային քաղաքացի, ցավով եմ ընդունում իմ նախագահի (անկախ նրանից, որ ես նրան իմ ձայնը չեմ տվել) հասցեին բանավոր թե գրավոր ասվող ամեն մի մեղադրական խոսք, առավել եւս, երբ այդ խոսքում պարունակվում են քրեորեն պատժելի գործողություններ, թեկուզ կասկածանքներ։ Ես անձամբ շահագգռված եմ (հավանաբար նաեւ ինձ նման շատերը), որ օր առաջ պաշտոնապես եւ իրավաբանորեն (որն ավելի կարեւոր է) հերքվեն այդ լուրերը, որին կարող եք մեծապես ձեր նպաստը բերել։ Օգտվելով հոկտեմբերի 27-ի գործը վարող դատավորի ձեր լիազորություններից (գործի ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտման պարտականություններից), կարող եք ձեր պաշտոնական պարտականությունների իրականացման եւ իրավասությունների շրջանակներում դատարան հրավիրել հանրապետության նախագահին (մի միջնորդություն, որ կարող են անել տուժողների ներկայացուցիչ- փաստաբանները- խմբ.) եւ տալ Ռ. Քոչարյանին հետեւյալ հարցերը. 1. Հոկտեմբերի 27-ին կայացած Քոչարյան-Ստրոուբ Թելբոթ հանդիպման ժամանակ քննարկված հարցերը կարո՞ղ էին ստիպել Թելբոթին՝ փոփոխություն մտցնելու ժամանակացույցում եւ Մոսկվայի փոխարեն մեկնելու Ստամբուլ։ 2. Քոչարյան-Թելբոթ հանդիպման ավարտից հետո ի՞նչը ստիպեց ձեզ չգնալու Էջմիածին՝ մասնակցելու կաթողիկոսական ընտրություններին, այլ մնալ ձեր նստավայրում։ 3. Ոճրագործությունից անմիջապես հետո ձեր կողմից արված՝ «ոճրագործների թիկունքում ոչ ոք չկա» հայտարարությունը պահի՞ ազդեցության տակ, առանց խոր մտածելու արտասանված միտք էր, թե՞ որոշակի տվյալներով հիմնավորված կարծիք։ 4. «Ալֆա» ջոկատը Հայաստան ժամանեց Ձե՞ր խնդրանքով, թե՞ սեփական (ռուսական կողմի) նախաձեռնությամբ։ 5. Կաթողիկոսական ընտրություններին ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ներկա չգտնվելը ինչո՞վ եք բացատրում։ 6. Հանրապետությունում շատ թե քիչ հնչեղություն ունեցող միջոցառումներին մշտապես մասնակցող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ վեհափառի ընտրություններին ներկա չգտնվելը նույնպե՞ս պատահականություն է։ 7. Ազգային ժողովի պատգամավորների 18 ժամ պատանդ մնալու մեջ Դուք մեղք ունե՞ք, թե՞ ոչ։ (Ոճրագործների հետ ձեր հանդիպման ձգձգումով)։ 8. Ձեր եւ ոճրագործների հանդիպումը տեսագրվե՞լ է, գաղտնալսվե՞լ է, թե՞ ոչ, եթե ոչ՝ ապա ովքեր են պատասխանատու այդ բացթողման համար, պատժվե՞լ են, թե՞ ոչ, իսկ եթե կա տեսագրությունը, ապա ինչո՞ւ չի հեռարձակվում։ 9. Հոկտեմբերի 27-ից հետո հանրապետության քաղաքացիներին ուղղված Ձեր կողմից հեռուստաելույթ չունենալը քաղաքական անհեռատեսության արդյո՞ւնք էր, թե՞ «անթրաշ» լինելը (այդպես անթրաշ ինչպե՞ս էիք 3 ժամ առաջ մասնակցել օտարերկրյա պաշտոնյայի հետ հանդիպմանը)։ 10. Ինչո՞վ եք բացատրում հանրապետությունում մի «ուչաստկովիի» մակարդակի քննության արժանի քրգործի բացահայտման ձգձգումները։ 11. Զինդատախազ Գ. Ջհանգիրյանի կողմից ներկայացված հրաժարականի՝ ձեր կողմից չընդունումը ի՞նչ իրավական հիմքով արվեց, մանավանդ որ, պրն դատախազը ԱԺ-ում հայտարարեց, որ «եթե ես լինեմ շարքային քաղաքացի, կարող եմ ավելի ազատ խոսել»։ Ինչո՞ւ չտվեցիք այդ հնարավորությունը պրն դատախազին (ո՞ւմ ձեռնտու չէր նրա ազատ խոսելը)։ 12. Խորհրդարանում դեռեւս մահապատժի վերացման մասին օրենք չընդունած, Ձեր կողմից հայտարարությունը ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Ոճրագործներին կյանքի երաշխիք տա՞լը, թե՞ իմ դեմ խաղ չկա կարգախոսի հաստատում։ 13. Հանրապետության վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների նկատմամբ կիրառված ահաբեկչությամբ նրանց գլխատումից ավելի էլ ի՞նչ պետք է կատարվեր երկրում, որպեսզի պետական անվտանգության մարմինները Ձեր կողմից ճանաչվեին անգործունյա եւ պաշտոնանկ արվեին, եթե ոչ ողջ կազմով, ապա գոնե նախարարը։ 14. Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու փոխարեն պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելը ձեր ինքնիշխան ուժը ցուցադրելուց բացի, ժողովրդի երեսին (ձեր կուսակցությունը ժողովուրդն էր) թքած ունենալու փաստի հաստատո՞ւմն էր։ Հարգելի դատավոր, ամենեւին հավակնություն չունեմ վերոհիշյալ հարցերը ներկայացնել իբրեւ իրավաբան կամ ձեզ՝ հմուտ իրավաբանիդ խորհուրդներ տվող անձի կարգավիճակ ձեռք բերելու համար, այլ սրանք հարցերի այն շարանի մի մասն են, որ ծածուկ կամ բացեիբաց խոսվում է ամենուր։ Ուստի թախանձագին խնդրում եմ Ձեզ՝ օգնեք հանրապետության նախագահին՝ թոթափելու իր ուսերից այն բեռը, որը գուցե անիրավացիորեն բարդվում է նրա վրա։ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել