Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ

Հունիս 22,2002 00:00

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ Ի՞նչ կպատահի, եթե, ասենք, հասարակ քաղաքացին փորձի կառավարության օղակներից ձեռք բերել գաղտնիք չհամարվող, հայ եւ միջազգային հանրության անվտանգության հետ կապ չունեցող որեւէ տեղեկություն: Քաղաքացին, բազում քաշքշուկների միջով անցնելով, չի ստանա անհրաժեշտ տեղեկությունը: Քանի որ մեր բոլոր նախարարությունները կարծես թե, ինչ172որ գաղտնի հրահանգով վերածվել են Ազգային անվտանգության նախարարության զանազան մասնաճյուղերի, իսկ չինովնիկները հատուկ դասընթացների միջոցով տիրապետում են ցանկացած տեղեկատվությունը չտրամադրելու ամենատարբեր մեթոդներին: Հասարակության իրազեկությունը լուրջ խնդիր է Հայաստանի համար: Ոչ իշխանությունները, ոչ էլ հասարակությունը դեռ պատրաստակամություն չեն ցուցաբերում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորելու, տեղեկատվության մատչելիությունը սոցիալական իրականություն դարձնելու գործում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ առանց տեղեկատվության ազատության՝ կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները վեր են ածվում դատարկ գաղափարախոսության, վերացական գաղափարների, քանի որ պարզապես անհնար է դառնում դրանց իրականացումը: Իշխանության ներսում կոռուպցիան ամենալայն իմաստով կարող է ապարդյուն դարձնել հասարակական ցանկացած բարեփոխում: Հակակոռուպցիոն արդյունավետ միջոցներից մեկը հենց տեղեկատվության ազատության ապահովումն է: Այն կոչված է հասարակությանը հնարավորինս մատչելի դարձնել իշխանությունների գործունեությունը: Տասնյակ երկրներում այս ոլորտը կարգավորվում է տեղեկատվության մատչելիության մասին օրենքներով: Հայաստանում տեղեկատվության ազատությունը հռչակված է Սահմանադրության 24 հոդվածում, որտեղ յուրաքանչյուրին տրված է «տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը»: Իհարկե, Սահմանադրությունը տալիս է այն ընդհանուր մոտեցումը, որով հետագայում պետք է կարգավորվի երկրի օրենսդրությունը: Տեղեկատվության ազատությունը Հայաստանում չի կարգավորվում մեկ միասնական օրենքով, դրա տարբեր տարրերը «սփռված» են ներկայումս գործող ողջ օրենսդրությունով մեկ: Բացի դրանից, եղած օրենքները, ինչպես միշտ, խախտվում են, ավելին՝ հայտնի չեն հասարակությանը: Ուշադրություն դարձնենք տեղեկատվության ազատության միայն մեկ դրույթին՝ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությանը: Մինչեւ վերջերս տվյալ հարցերը կարգավորվում էին «ՀՀ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգի մասին» օրենքով: Սակայն 2002 թվականի ապրիլի 3-ին ընդունվեց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որը շատ ավելի մանրամասն է նկարագրում տվյալ ոլորտը: ՀՀ-ում հրապարակման ենթակա պարտադիր իրավական ակտերը լույս են տեսնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»: Առաջինում հրապարակվում են ՀՀ օրենքները, ԱԺ-ի, ՍԴ-ի որոշումները, ՀՀ նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, կառավարության եւ վարչապետի որոշումները: «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակվում են գերատեսչական նորմատիվ ակտերը: Ընդ որում՝ օրենքները եւ այլ նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ոչ շուտ: Եթե տվյալ իրավական ակտը այս կամ այլ կերպ սահմանափակում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները, ապա այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 օրից հետո: Այսպիսով, հասարակության իրազեկության խնդիրը լուծվում է հասարակական շահերին առնչվող բոլոր իրավական ակտերը պարտադիր մատչելի դարձնելու միջոցով: Նշված տեղեկագրերը «ենթակա են ազատ իրացման եւ բաժանորդագրության»: «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրապարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, իսկ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 15-ին: Դրանք հրապարակում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Եթե Երեւանում պաշտոնական տեղեկատվության հրապարակման հարցը ինչ-որ չափով լուծվում է (չնայած մեծամասնությանը տեղեկագրերը անհասանելի են փոքր տպաքանակի եւ թանկության պատճառով), գյուղերում վիճակը շատ ավելի վատ է: Օրենքի 63 հոդվածի համաձայն՝ գյուղական եւ քաղաքային համայնքի ավագանու եւ ղեկավարի նորմատիվ որոշումները պետք է պաշտոնապես հրապարակվեն «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կամ փակցվեն համայնքի տարբեր վայրերում տեղադրված հատուկ ցուցատախտակների վրա: Տեղեկագրի տպաքանակը պետք է որոշարկվի ըստ համայնքի բնակչության թվի՝ 100 բնակչին մեկ օրինակից ոչ պակաս սկզբունքով: Ցուցատախտակների քանակը պետք է համապատասխանի 300 բնակչին մեկից ոչ պակաս հարաբերակցությանը: Պետությունը հետզհետե լուծում է պաշտոնական հրապարակումների հիմնահարցը, տեղեկատվության մատչելիությունը որպես այդպիսին դեռեւս չլուծված օրախնդիր է: Սրանում մեծ է նաեւ հասարակության, քաղաքացիների դերը, որոնք պետք է ընկալեն տեղեկատվության մատչելիության կարեւորությունը: Մյուս կողմից էական է տեղեկատվության ազատության մասին օրենքի ընդունումը, քանի որ այն կնպաստի ողջ ոլորտի կարգավորմանը թե իշխանությունների, թե հասարակության կողմից: Նման օրենքը կընդգրկի իր մեջ բոլոր հնարավոր դեպքերը եւ էապես կհեշտացնի տվյալ ոլորտի կարգավորումը թե իշխանություների, թե հասարակության համար: ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել