Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՈՆԻ «ԳԼՈՒԽՆ» ԱՅՍՏԵՂ Է Կամ Weekend Երեւանում

Հունիս 22,2002 00:00

ԼԻՈՆԻ «ԳԼՈՒԽՆ» ԱՅՍՏԵՂ Է Կամ Weekend Երեւանում Տա Աստված, որ Ֆրանսիայի երկրորդ մեծ շրջան Լիոնում ուրբաթից երկուշաբթի որեւէ, թեկուզեւ փոքր, «գեշ բան» չպատահի։ Քանի որ հանգստյան եռօրյան որոշել են Երեւանում անցկացնել Մեծ Լիոն համայնքի նախագահ ու Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, նրա նախագահական 3 եւ քաղաքապետական 4 տեղակալները, չհաշված տասնյակ վարչական պատասխանատուների եւ գործարարների։ Ըստ ծրագրի, առաջին հանդիպումը եղբայր-քաղաք Երեւանի քաղաքապետարանում էր, ու «եղբայր» Ռ. Նազարյանն էլ պատվիրակությանն առաջնորդեց նիստերի դահլիճ։ Հանդիպումն սկսվեց ուշ, տեւեց կարճ, բայց բոլորի տրամադրությունը բարձր էր. մսյե Կոլոմբինը՝ որովհետեւ շատ է սիրում հայերին (իր խոստովանությամբ), պարոն Նազարյանն էլ, դե, լիքը նվերների ակնկալիք ունի, այն է՝ Լիոնից պետք է ուղարկեն խիստ «սիմվոլիկ» գներով ներքաղաքային ավտոբուսներ, բուժսարքավորումներ, սպասվում է նաեւ ներդրումների մեծ հոսք։ Լիոնի քաղաքապետի կարծիքով, ինչքան էլ մեր ժողովուրդն իր ապրելակերտից գոհ չէ, բայց 15 տարի առաջ իր տեսած Երեւանը շատ է փոխվել (դեպի լավը), ուղղակի տեղացիները չեն նկատում։ Ոչ թե պատվիրակության հետ, այլ առանձին եկած ճարտարապետ, Լիոնի քաղաքային խորհրդի անդամ Վահե Մուրադյանն էլ, առանձին տված հարցազրույցում նշեց, որ պետք է ամեն ինչ անի Երեւանում «գործեր ձեռնարկելու համար»։ Բայց նա զուր էր համարում Լիոնի հայերին համոզելու կամ գայթակղելու հույսը։ «Անոնք ժամանակ չունին հոս գալու եւ երկարաժամկետ գործ մը ձեռնարկելու համար, մեծամասնությունը բարեգործությանը քիչ մը դրամ կուտա ու վերջ»,- ասաց Վ. Մուրադյանը, շեշտելով, որ իր հույսը ֆրանսիացի «բիզնեսմեններն» են, որովհետեւ նրանք չեն ասի, թե «քանի որ հայ ենք, մեզի արտոնյալ պայման պիտի տաք»։ Ինչեւէ, հյուրերը կհանդիպեն երկրի նախագահին, կաթողիկոսին, կայցելեն կրթական ու մշակութային մի քանի օջախներ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930