«Արարատը» ականապատված է Հունիսի 8-ին «Արարատ» ռեստորանում խիստ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել «Ազգային Միաբանություն», ՀՅԴ եւ ՀՌԱԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը մասնակցել են այս քաղաքական ուժերի առաջին դեմքերը` Արտաշես Գեղամյանը, Հրանտ Մարգարյանն ու Ռուբեն Միրզախանյանը: Ականատեսներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ներկա են եղել նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, «ԱՄ» ակտիվիստ Նապոլեոն Ազիզյանը: «Տարեգիր»-ի հարցին, թե Քոչարյանի պաշտոնանկության հարցը ԱԺ-ում ներկայացնելուց հետո ինչ խնդիրներ են քննարկվել այդ հանդիպման ընթացքում, վերջինս շատ շփոթված հրաժարվեց պատասխանել` ասելով, որ նման հանդիպում տեղի չի ունեցել: Ավելացնենք, որ ըստ ականատեսի, այդ հանդիպման մասնակիցները «Արարատ» ռեստորանից հեռացել են հետեւի դռնով: Ի դեպ, ԱԺ-ում ներկայացված՝ Քոչարյանի պաշտոնանկության որոշման նախագծի հեղինակներից մեկը հենց այդ հանդիպմանը մասնակցած Նապոլեոն Ազիզյանն է: Վստահաբար կարելի է ասել, որ անգամ այս տեղեկությունից հետո Ալբերտ Բազեյանը չի կարող համաձայնել Բաբկեն Արարքցյանի այն գնահատականի հետ, որ Գեղամյանը ական է ընդդիմության շարքերում: Այնուամենայնիվ, որոշ դիտորդներ ընդդիմությանը խորհուրդ են տալիս դիմել ԱՄՆ պետդեպարտամենտին` ականազերծման նպատակով դրամաշնորհներ ստանալու համար: