Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԵՖՆԵՐՆ ԻՆՉ ԿՏՐՈՒՄ Է՝ ԱՆՈՒՄ ԵՆ»

Հունիս 22,2002 00:00

«ՔԵՖՆԵՐՆ ԻՆՉ ԿՏՐՈՒՄ Է՝ ԱՆՈՒՄ ԵՆ» Մամուլում հաճախ է տպագրվել, որ հասարակական կազմակերպություններում էլ չեն բացառվում չարաշահումները, եթե կան գումարային հարցեր։ Այդպիսի մի օրինակ էր նշվում «Հաշմանդամների հայկական ընկերության» Աջափնյակի համայնքի մասնաճյուղի հաշմանդամների անունից «Առավոտին» հասցեագրված նամակում։ Համայնքի հաշմանդամները բողոքում էին մասնաճյուղի նախկին նախագահ Տիգրան Մարտիրոսյանի կատարած չարաշահումների կապակցությամբ։ Նամակում նշվածի համաձայն, Տ. Մարտիրոսյանի՝ 1999-ից մինչեւ 2002թ. պաշտոնավարման ժամանակ օգնություն ստացած մթերքի մեծ մասը չի բաժանվել հաշմանդամներին։ Վերջիններիս համար բանկին փոխանցված 150 հազար դրամական օգնությունը եւս, նրանց խոսքերով, պրն Մարտիրոսյանը դուրս է գրել իբրեւ օգնություն, բայց գրպանել է որպես աշխատավարձ։ Իսկ 100-ական դրամով հավաքած անդամավճարները, հաշմանդամների պնդմամբ, չի մուտքագրվել։ Նամակում նաեւ նշվում է, որ վերոնշյալի համար համայնքի հաշմանդամներն իրենց դժգոհությունները հայտնել են ընկերության նախագահին, սակայն հարցն անուշադրության է մատնվել։ Իսկ թե «Հաշմանդամների հայկական ընկերության» նախագահ Հարություն Շարբաթյանը որքանո՞վ է տեղյակ խնդրին, «Առավոտը» փորձեց իրենից պարզել։ Հ. Շարբաթյանը նախ թվային տվյալներ տրամադրեց այն մասին, որ Հայաստանում կա մոտ 110 հազար հաշմանդամ, որից առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներ են մոտ 71 հազարը։ Հետո շեշտեց, որ իրենցը ոչ թե պետական, այլ հասարակական կազմակերպություն է եւ հիմնական նպատակը հաշմանդամներին օգնելն է, նրանց հոգսերը փոքր-ինչ թեթեւացնելն ու իրավունքները պաշտպանելը։ Նրա խոսքերով. «Մեր գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում պետությունից ոչինչ չենք ստացել։ Եվ քանի որ հանրապետությունում տնտեսական դժվարություններ կան, նաեւ զբաղվում ենք տարբեր կազմակերպություններից դեղորայք, սնունդ, հագուստ հայթայթելով, որպեսզի այս դժվարին պայմաններում գոնե ինչ-որ չափով օգնենք հաշմանդամներին։ Բնական է, մեր միջոցները սուղ են, ուստի օգնությունները առաջին հերթին տրվում են առաջին խմբի հաշմանդամներին, անդամահատվածներին, հետո՝ մնացածներին»։ Դիմումում նշված մեղադրանքները պրն Շարբաթյանը կետ առ կետ հերքեց՝ «Առավոտին» ներկայացնելով իրենց վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքները։ Նա հավաստիացրեց, որ գրվածը ոչ թե համայնքի բոլոր հաշմանդամների, այլ մի քանի շահագրգիռ անձանց ձեռքի գործն է, որոնք լսելով Տ. Մարտիրոսյանի՝ աշխատանքից ինքնակամ հեռանալու մասին լուրը, հավակնում են մասնաճյուղի նախագահի պաշտոնին։ Նրա խոսքերով. «Այնուամենայնիվ, մեր կողմից խնդիրն անուշադրության չի մատնվել, ինչպես իրենք են նշում։ Վերստուգիչ հանձնաժողովի ստուգումների արդյունքում պարզվեց, որ այնտեղ այդպիսի չարաշահումներ, թյուրիմացություններ չկան։ Ճիշտ է, Տ. Մարտիրոսյանը, ըստ հանձնաժողովի եզրակացության, ունեցել է մասնակի թերություններ, ասենք, հաշմանդամներին տրված դրամական օգնությունների չափը չի կարգավորել, գումարները ճիշտ չի բաշխել։ Ինչի համար նախազգուշացվել է։ Բայց եթե մեզ հայտնի լիներ, որ նա այդպիսի անարդարություններ է կատարել, ապա ոչ թե աշխատանքից կազատվեր իր դիմումի համաձայն, այլ՝ պատասխանատվության կենթարկվեր»։ Հաշմանդամների մուծած անդամավճարների չմուտքագրված լինելը Հ. Շարբաթյանը կրկին հերքեց, ասելով, որ նրանց ողջ եկամուտն այդ գումարներից է առաջանում եւ ցույց տվեց վերջին տարիների մուտքագրման անդորրագրերը։ Աջափնյակ համայնքի հաշմանդամներին Կարմիր խաչի կողմից հատկացված դեղորայքից, որը, նամակագրի պնդմամբ, այդպես էլ ոչ ոքի չի բաժանվել, պարզվում է, ընկերության նախագահը տեղյակ էլ չէր։ «Չեմ կարող ասել, թե ինչ դեղորայքի մասին է խոսքը, բայց բոլոր դեպքերում մենք զգուշացրել ենք մեր անդամներին, որ դեղորայքը միայն մեր միջոցով պետք է ստանան։ Քանի որ մասնաճյուղերում բժիշկներ չկան, կարող է պատահական մարդկանց միջոցով նրանց բաժանվի եւ վատ հետեւանքներ ունենա։ Եթե նույնիսկ այդ դեղորայքը վաճառված էլ լիներ, անմիջապես կհայտնաբերվեր»։ Տ. Մարտիրոսյանի՝ բանկում եղած գումարներից աշխատավարձ դուրս գրելու կապակցությամբ էլ պրն Շարբաթյանը մատնանշեց ընկերության կանոնադրությունը, ըստ որի, եթե բանկում հաշմանդամների հաշվին գումար կա, ապա ղեկավար անձինք կարող են վարձատրվել ընկերության կենտրոնական վարչության կողմից սահմանված կարգով եւ չափով։ Իսկ հաշմանդամների դժգոհությունները այն մասին, թե իրենց կողմից ժողով է հրավիրվել եւ Աջափնյակի մասնաճյուղի նախագահ են ընտրել Վանիկ Դավթյանին, որը հաշմանդամ է, բայց պրն Շարբաթյանը չի ընդունել եւ նշանակել է պատերազմի վետերանի, ընկերության նախագահը այսպես արձագանքեց. «Իրենք ոչ թե պետք է հավաքվեն, ինչ քեֆները կտրի անեն, այլ պետք է մեզ հետ էլ հաշվի նստեն։ Գործող կանոնադրության համաձայն, որպեսզի ընկերության մասնաճյուղերից որեւէ մեկում ընտրություններ լինեն, պիտի նախագահության որոշում կայացվի, ընկերությունից ներկայացուցիչ ուղարկվի։ Կարգը չի պահպանվել։ Հավաքվել են 10-15 հոգի եւ նախագահ են ընտրել։ Հետո, երբ նայեցինք եւ ստուգեցինք իրենց ներկայացրած ցուցակը, պարզվեց, որ ընդամենը 3-4 մարդ է տեղյակ այդ ամենին։ Եթե մեզ հետ համաձայնեցնեին, թաղապետարանն էլ տեղյակ լիներ, մեզ համար միեւնույն է։ Մենք նույնպես ուզում ենք, որ այս կազմակերպության դարդ ու ցավով ապրող մարդ աշխատի»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել