Լրահոս
Օրվա լրահոսը

Տույժ ու տուգանք՝ չունեցած պարտքի վրա

Հունիս 22,2002 00:00

Տույժ ու տուգանք՝ չունեցած պարտքի վրա Պետական տարբեր գերատեսչությունների անփույթ գործունեության մասին գրելու առիթները բազմաթիվ են։ Եվ հաճախ էլ գրվում է այդ մասին։ Բայց այդպիսի «անփութություններից» առավել ուշագրավ են նրանք, որոնց հետեւանքով այլ սուբյեկտներ են տուժում, այդ թվում եւ պետական օղակներ՝ ընդհուպ մինչեւ լուծարումը։ Իսկ լուծարման հետեւանքներն առաջին հերթին արդիական են գործազուրկ դարձած, հիմնականում տասնյակ տարիների փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների առումով։ Մինչեւ լուծարումն իրենց գործը լավ արած բարձրակարգ մասնագետները, սիրած աշխատանքից ու գոյատեւման միջոցից զրկվում են ոչ թե իրենց վատ աշխատանքի, թերանալու, այլ, ասենք, գանձապետարանի վատ աշխատանքի հետեւանքով։ ՀՀ գյուղնախարարության հանրապետական անասնաբուժա- սանիտարական կայանի 10 աշխատակիցներ իրենց շուրջ 60 գործընկերների անունից գրում են. «Կայանը 1999թ. դեկտեմբերի 7-ին, 17-ին եւ 31-ին Մաշտոցի շրջանի կենսաթոշակային հիմնադրամին փոխանցել է համապատասխանաբար 319155, 291349 եւ 553500 դրամ (ընդամենը 1 մլն 164 հազար դրամ)։ Սակայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից Երեւանի թիվ 2 ՏԳԲ-ի քլիրինգները (քլիրինգը ֆինանսական հոսքերի, այսպես կոչված, մաքրման գործընթացն է, որի արդյունքում փոխանցումներին մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտ ստանում է իրեն հասանելիք գումարը՝ նվազագույն ֆինանսական շարժով- Ա. Ու.) չկատարելու հետեւանքով այդ փոխանցումները չեն կատարվել եւ գումարները վերադարձվել են ՀՀ պետական բյուջե»։ Նշվածը իր համապատասխան գրությամբ հաստատում է նաեւ Երեւանի թիվ 2 գանձապետական բաժանմունքի պետ Ս. Գեւորգյանը։ Իսկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն իր մի գրությամբ հավաստում է, որ «համաձայն 1999թ. ՀՀ պետբյուջեի տարեկան հաշվետվության, անասնաբուժական հանրապետական կայանի պահպանման ծախսերի պարտադիր սոցապ վճարումների գծով պարտքը ընդամենը կազմում է 1 մլն 102 հազար դրամ»։ Հետաքրքիր է, որ գլխավոր գանձապետի մտքով իսկ չի անցնում խոսել պարտքը մարված համարելու կամ որեւէ այլ կերպ խնդրի լուծման մասին, քանի որ պարտքն իրականում գոյացել է իր իսկ հիմնարկի չկատարած պարտականության պատճառով։ Թեեւ գանձապետարանի մեղքն այստեղ միանշանակ չէ։ Հիշում ենք, թե հանրապետությունում ինչ վիճակ էր տիրում 1999-ի տարեվերջին։ Սակայն պնդում են, որ հիմա ամեն ինչ կարգին է, հատկապես կապված պետբյուջեի հետ։ Բայց, չգիտես ինչու, ոչ միայն չի կարգավորվում այս հարցը, այլ նաեւ չունեցած պարտքի վրա տույժեր է կուտակել կայանը, պարտքի չափը հասցնելով 1,5 մլն-ի։ Այնուհետեւ հայտնում են, որ կայանին թույլ չեն տվել մասնակցել Պետական գնումների գործակալության անցկացրած՝ կրծողների դեմ անասնաբուժա-սանիտարական ծառայության մատուցման մրցույթին։ Հետո գործակալության պետից պարզեցինք, որ կայանը մասնակցել է, սակայն մրցույթը չի շահել՝ պարտքեր ունենալու պատճառով։ Նույնիսկ փորձել են ֆիննախի հետ համաձայնության գալ՝ պարտքը չեղյալ համարելու մասին, սակայն տույժի հարցը մնացել է առկախ եւ անասնաբուժա-սանիտարական կայանը դուրս է մնացել մրցույթից։ Մինչդեռ, ըստ գործակալության պետ Գագիկ Խաչատրյանի, օրենքի պահանջն է, որ պարտք ունեցող ընկերությանը մերժվում է մրցույթի մասնակցությունը հենց սկզբից։ Իսկ կայանի աշխատակիցներն արձանագրում են, որ 30 տարի է, ինչ պետական կարգավիճակով գործող հիմնարկությունը անհրաժեշտ ու անփոխարինելի ծառայություններ է մատուցել հանրապետության անասնապահական, թռչնաբուծական, տոհմաբուծական ու խոզաբուծական տնտեսություններին։ Նրանց տեղեկություններով, ի դեպ, հաղթած ընկերությունը մինչ օրս որեւէ ծառայություն չի մատուցել կրծողների դեմ աշխատանքների համար (այս տարվա մասին է խոսքը)։ Այս տեղեկության հավաստիությունը չհաջողվեց ճշտել։ «Կատարողական ակտ կա՞» մեր հարցին բյուջեի պլանավորման եւ պետական գնումների բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Գուցե կա, գուցե կատարել են պատվերը»։ Ավելի հստակ պատասխան հետո չհաջողվեց ստանալ՝ տեխնիկական պատճառներով։ Այս ամենից հետո, երբ մեկը մյուսից տեղյակ չեն, երբ կայանի վրա անօրինականորեն պարտք է բարդված, երբ այս չեղած պարտքի պատճառով հիմնարկին օրինականորեն դուրս են թողել մրցույթից, անիմաստ է դարձել կայանի հետագա գործունեությունը։ Լուծարման գործընթաց է սկսվել։ Այս մտահոգությամբ գյուղնախարար Դավիթ Զադոյանը դիմել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրանքով. «Գտնել հնարավորություն լուծելու 1999 թ. ՀՀ պետբյուջեի տարեկան հաշվետվությամբ անասնաբուժական հանրապետական կայանի պահպանման ծախսերի պարտադիր սոցապ վճարումների գծով առաջացած (տույժի հետ միասին) պարտքի մարման համար 1,5 մլն դրամի ծախսերի հատկացման հարցը»։ Մնում է հուսալ, որ պետական գերատեսչությունները խելք խելքի կտան, իրենց իսկ սխալը կուղղեն, որ դրա պատճառով 60 մասնագետ չտուժի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930