Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ

Հունիս 22,2002 00:00

ՄԵԶ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ Աջաձախյան կենտրոնամետ իշխանամոլ ժողովրդահեղափոխական կուսակցության (ԱԿԻԺԿ) քաղաքական գերագույն խորհրդի նախագահության նախագահ Պերճո Իրզասանյանը հասարակությանը ներկայացավ իր կուսակցության նախընտրական ծրագրով: Ազգային ժողովում մեծամասնություն նվաճելու դեպքում պարոն Իրզասանյանը խոստացավ, որ կուսակցության անդամներից կձեւավորվի արհեստավարժ կառավարություն, որը կոնկրետ քայլեր կձեռնարկի երկրի տնտեսական ու սոցիալական հրատապ խնդիրների լուծման համար: Իսկ այդ խնդիրները կարճ ժամկետներում լուծելու համար ԱԿԻԺԿ-ն գտել է մի յուրօրինակ, համաշխարհային պրակտիկայում նախադեպը չունեցող բանաձեւ, որը թույլ կտա արդյունավետ լուծել երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները: Հաշվի առնելով, որ ձեւավորված քաղաքական ու տնտեսական համակարգի պայմաններում պետական բյուջեի եկամուտների հետագա ավելացումը անհնար է, քանի որ շարունակ ավելանում են մեծ ու փոքր տանիքների ստվերում ծաղկող բիզնեսի տեսակները եւ նվազում է ազգաբնակչությունը, իսկ տարեցտարի ավելացող ներքին ու արտաքին պարտքը սպառնում է երկրի կայունությանն ու անվտանգությանը՝ ԱԿԻԺԿ-ն որոշել է ընտրվելու դեպքում կառավարությանը կից հիմնել ֆուտբոլի էլիտար դպրոց: Ըստ պարոն Իրզասանյանի, դրա համար անհրաժեշտ միջոցներն արդեն հայթայթված են սփյուռքում եւ ընտրություններից անմիջապես հետո կտրամադրվեն կառավարությանը՝ մի մասը երկարաժամկետ վարկի, մյուսը՝ գրանտի տեսքով: Կառավարությանը առընթեր ֆուտբոլի դպրոցի նպատակն է՝ պատրաստել որակյալ պաշտպաններ, կիսապաշտպաններ, դարպասապահներ եւ հարձակվողներ, որոնք կվաճառվեն եվրոպական առաջնակարգ ակումբներին, իսկ գոյացած հասույթը կհամալրի պետական բյուջեն: Այս աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում Հայաստանի բյուջեի մուտքերը առաջիկա 3-5 տարիներին կարելի է կրկնապատկել ու եռապատկել: Կուսակցության ղեկավարի խոսքերով, եթե կարողանանք պատրաստել եւ վաճառել Քրիստիան Վիերիի («Ինտեր») կամ Մայքլ Օուենի («Լիվերպուլ») մակարդակի խաղացողներ, ապա բյուջեն յուրաքանչյուրի դիմաց կհամալրվի 50 մլն ԱՄՆ դոլարով: Ֆրանչեսկո Տոտտիի («Ռոմա») կարգի խաղացողի գինը կազմում է 47 մլն, Ռոբերտո Կարլոսինը («Ռեալ»)՝ 55 մլն, իսկ Ռիվալդոյինը («Բարսելոն»)՝ 52 մլն: Եթե յուրաքանչյուր տարի մեր դպրոցը կարողանա տալ 10 նման կարգի շրջանավարտ, ապա բյուջեն կհամալրվի ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլարով: Բնականաբար, սկզբնական շրջանում դժվար կլինի ապահովել նման մակարդակ. առաջին 1-2 տարում կարելի է սկսել Խիդետոսի Նականայի («Պարմա»)՝ 26 մլն կամ Սինդզի Օնոյի («Ֆեյենորդ»)՝ 10,4 մլն, կարգի խաղացողների կամ գոնե Ռուսլան Նիգմատուլինի («Վերոնա»)՝ 4,5 մլն, Յումիթ Դավալայի («Միլան»)՝ 3,4 մլն, Էլ Հաջի Դիուֆի («Լանս»)՝ 9 մլն պատրաստումից: Սա սկզբնական շրջանում կապահովի միջինը 100 մլն ԱՄՆ դոլարի մուտք պետբյուջե: Դպրոցի գործունեության առաջին իսկ տարում պետությունը կհրաժարվի բյուջեի պակասորդի արտաքին ֆինանսավորումից՝ տարբեր վարկերից, զգալիորեն կկրճատի բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձի պարտքերը: Սկսած 3-րդ տարուց, կարելի կլինի երկրում կտրուկ ավելացնել աշխատավարձերը, նպաստները եւ ապահովել այլ սոցիալական խնդիրների լուծումը: 5-րդ տարում պետությունը արմատական շրջադարձ կկատարի իր արտաքին քաղաքականությունում, քանի որ համաշխարհային ֆուտբոլը մեծապես կախված կլինի մեր դպրոցից: Վերջում կուսակցության ղեկավարը նշեց, որ համոզված է գալիք ընտրություններում ԱԿԻԺԿ-ի հաջողությանը եւ արդեն հարմար տեղ է որոնում ապագա դպրոցի համար: Նախնական ցանկությունն էր դպրոցի շենքը կառուցել Ֆրանսիայի կամ Արգենտինայի դեսպանատների հարեւանությամբ, բայց հիմա նախընտրելի է համարվում Թուրքիայի կամ Սենեգալի դեսպանատան շրջակայքը: Է. ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել