Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում «օրենքով» գողեր չեն եղել»

Հունիս 22,2002 00:00

«Հայաստանում «օրենքով» գողեր չեն եղել» «Ազգ» օրաթերթում վերջերս հրապարակվել էր, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքում միմյանց են հանդիպում «վաղուց մոռացված դեմքեր»՝ «օրենքով» եւ «ոչ օրենքով» գողեր, «հայտնի եւ նվազ խաբեբաներ», որոնք, ըստ նույն թերթի, 93-94 թթ. այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի «ջանքերով փախուստ էին տվել եւ ապաստան գտել Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում»: Վերոնշյալ թերթի իրազեկները, ինչպես իրենք են նշում, այդ մոռացված դեմքերի վերադարձը վկայակոչում են ոչ միայն ՌԴ-ում նրանց ապրուստի դժվարացմամբ, այլեւ Հայաստանում «նոր գործունեություն ծավալելու հնարավորության մեծացմամբ»: Թերթն այնուհետեւ գրում է. «Ինչպես հայտնի է, գողերը գնում են այնտեղ, որտեղ գողանալու բան կա: Իսկ Երեւանում գողանալու բաները վերջերս շատացել են»: Այս տեղեկատվությունն իսկապես ուշագրավ է ոչ միայն նրանով, որ մենք կամաց-կամաց սկսում ենք շրջապատվել ոչ սովորական մարդկանցով, որոնք ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի «ջանքերով» փախուստի են դիմել, այլեւ՝ թե որքան «հետեւողական» են ռամկավարները Վանո Սիրադեղյանի՝ այն թվականներին ծավալած գործունեության նկատմամբ: Քանի որ այդ տեղեկատվության մեջ չէր նշվել «օրենքով» կամ «ոչ օրենքով» գոնե մեկ գողի կամ «խուլիգանի» անուն, որը կհաստատեր դրանց գոյությունը, բնականաբար, չէինք կարող գտնել ու զրուցել նրանցից որեւիցե մեկի հետ: Այդ իսկ պատճառով, մենք զրուցեցինք ՆԳ համակագի նախկին մի աշխատակցի հետ (որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում), պարզելու՝ որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, կամ՝ իրականում ինչ իրավիճակ է եղել այդ թվականներին Հայաստանում: Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում ընդհանրապես ծիծաղելի է խոսել «օրենքով» եւ «ոչ օրենքով» գողերի առկայության մասին, քանի որ այդպիսիք այստեղ ոչ այն ժամանակ եւ ոչ այսօր գոյություն չունեն: «Միշտ Հայաստանի ամենալավ գողերը եղել են Մոսկվայում, Տաշքենդում… Իսկ այստեղ եղել են ընդամենը մանր- մունր խուլիգաններ, թալանչիներ, հանցագործներ, որոնք զբաղվում էին օբյեկտների թալանով ու սպանություններով: Այդ թվականներին Երեւանի փողոցներում կատարվեցին մի շարք սպանություններ, սպանվում էին անգամ ոստիկաններ, եւ այդ հանցագործությունների ու սպանությունների դեմը բնականաբար պետք էր առնել: Դրանք, կրկնում եմ, «օրենքով» կամ «առանց օրենքի» գողեր չէին, դրանք լավագույն դեպքում եղել են փրչոտ, ինչ-որ բանից դժգոհ ֆիդայիներ եւ դրանց դեմ ենք մենք պայքարել: Մեզ մոտ մորուքով ֆիդայիներն ավելի գող էին, քան, եթե կարելի է թաղի հեղինակություններին գողեր ասել, նրանք: Այստեղ այդ թվականներին, այո, ծաղկում էին ռեկետն ու ռազբորկան, սպանություններն ու այլ հանցագործությունները, բայց դրանք «օրենքով» ու «ոչ օրենքով» գողերը չէին անում: Մենք այդպիսի գողեր երբեւէ չենք ունեցել»: Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ «Ազգ»-ի այն դիտարկմանը, թե գողերը 93-94 թթ. «փախուստ էին տվել Վանո Սիրադեղյանի ջանքերով»: «Իմ նշած թալանչիները այդ մութ ու ցուրտ տարիներին, իհարկե, Հայաստանում մնալ չէին կարող: Այդ ժամանակաշրջանում այստեղից ոչ միայն նրանք փախան, այլ շատ ու շատ մարդիկ, որոնք սովորական քաղաքացիներ էին: Տարրական տրամաբանությունն անգամ հուշում է, որ երբ այդ տարիներին մարդիկ ջեռուցում չլինելու պատճառով վառում էին իրենց տան իրերն ու անգամ շենքի մուտքի դռները, գողերին այլեւս գողանալու բան չէր մնում: Եվ նրանք արդեն ստիպված այստեղից փախչում էին: Նրանք այլեւս այստեղ չէին կարողանում մնալ, որովհետեւ նաեւ մեր հսկողությունն էր ուժեղացել. նրանք արդեն չէին կարողանում օբյեկտներ թալանել, սպանություններ կատարել: Այո, նրանք այստեղից փախան, որովհետեւ երբ դեւի ջուրը կտրում ես, նրանք այդտեղից փախչում են: Վանոն, իմիջիայլոց, ոչ ոքի չի ասել՝ նավթի, բենզինի առեւտուր մի արեք: Վանոն ուղղակի ասում էր, որ մենաշնորհ չպետք է լինի: Իրականությունն այն է, որ Վանո Սիրադեղյանի շնորհիվ վերականգնվեց քաղաքի անդորրը, վերջ տրվեց քաղաքում անընդհատ լսվող կրակոցներին եւ անկարգություններին»: Իսկ ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե գողերը վերադառնում են, որովհետեւ «վերջերս Երեւանում գողանալու բաները շատացել են», ապա մեր զրուցակիցը նկատեց. «Երեւի եկել են, որ ասեն` պետական հանրախանութը սրան պիտի տաս, ԳՈՒՄ-ը՝ նրան: Կրկնեմ, որ իսկական գողեր այն ժամանակ Հայաստանում չեն եղել: Հայաստանում հիմա էլ գողեր չկան, կան մաֆիոզներ: Հիմա Միխայել Բաղդասարովն ու Ֆլեշն ավելի մեծ գողեր են, քան, ասենք, «Սվոյ Ռաֆը», որին խփեցին: Եթե Վանոն այն թվականներին թույլատրեր, մենք էլ այսօր կունենայինք իսկական օրենքով գողեր, որոնք եղել են եւ կան թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում: Բայց դրանից մեր հանրապետությունը չի տուժել: Նորից եմ կրկնում, ոչ մի գողի Վանոն այստեղից, այսպես ասած, չի լարել: Թող մի գող գա ու ասի, որ իրեն Վանոն այստեղից լարել է: Վանոն ոչ գող է տեսել, ոչ էլ ասել է՝ այսինչ կամ այնինչ գողին «կերեք»: Նրանք դրսում էին «ապաստան» որոնում, որովհետեւ այստեղ նրանց «աշխատելու» համար ֆրոնտ չկար: 1993-95 թվականները Ռուսաստանից լիքը հայ գողերի էին բերում ու այստեղ թաղում»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել