Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՍԸ ՏԱՐԻՆԵՐ

Հունիս 22,2002 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՍԸ ՏԱՐԻՆԵՐ Ղարաբաղյան հակամարտության գոտում (1994թ. մայիս) հրադադարի հաստատումը նշանավորեց հակամարտության կարգավորման առաջին՝ պատերազմական փուլի ավարտը: Սակայն կարգավորման հաջորդ քայլերը, որոնք պետք է նպատակամղված լինեին անշրջելի խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային ինտեգրացիայի ապահովմանը, առ այսօր անորոշ ժամանակով հետաձգվում են: Ելակետ ընդունելով այն իրողությունը, որ ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում իրական առաջընթացը հրադադարն էր, չպետք է թերագնահատել բանակցային գործընթացի փակուղին հաղթահարելու հարցում այն վճռորոշ գործոնները,որոնք խթանեցին զինադադարի հաստատումը: Ավելի քան 10 տարի է անցել այն օրից (1992-ի մարտ), երբ ԵԱՀԿ-ն ստանձնեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությունը եւ որդեգրեց կարգավորման այսպես կորչված «փուլ առ փուլ» հայեցակարգը: Միջնորդները գիտակցում էին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ չհամընկնող եւ անհաշտելի դիրքորոշումները կարող են սառեցնել ողջ բանակցային գործընթացը: Թե՛ հակամարտող կողմերը, թե՛ միջնորդները համամիտ էին մի հարցում. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կարգավիճակի հարցի քննարկումները կարելի է սկսել միայն քաղաքական համաձայնագրի կնքումից հետո: Հենց այս հայեցակարգը ամրագրվեց ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992թ. ընդունված որոշմամբ, հենց այդ փաստաթղթում ընդգծվեց, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը պատկանում է այդ հեղինակավոր Եվրոպական կազմակերպության Մինսկի կոնֆերանսի իրավասությանը: Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես հակամարտության եւ նրա կարգավորման լիիրավ կողմ: 1993թ. գարնանը դիտորդական առաքելության ստեղծման ձեւը, մանդատը, զինադադարի հետ կապված այլ հարցեր որոշելու նպատակով Վիեննայի հակամարտությունների կանխարգելման կենտրոնին կից ստեղծված պլանավորման խմբի շրջանակներում ԼՂՀ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ անցկացվեց բանակցությունների 5 փուլ: Բացի այդ, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարների հետ Ռուսաստանում առանձին-առանձին անցկացվեց բանակցությունների մի քանի ռաունդ: Միջնորդները կիսում էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այն տեսակետը, որ ղարաբաղյան հիմնահարցը մարդու իրավունքների եւ ինքնորոշման խնդիր է, ուստի հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է գտնվի ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Մինչեւ 1998թ. Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն էր, որ Հայաստանը տարածքային հավակնություն չունի Ադրբեջանի նկատմամբ եւ հակամարտության մեջ ներքաշվել է Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու էթնիկ զտումների քաղաքականության պատճառով: Ուստի առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հաշտություն կնքելը դատապարտված է: Երեւանը նաեւ հավաստիացնում էր, որ Հայաստանի համար նախապես ընդունելի է ցանկացած համաձայնություն, որը ձեռք կբերվի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ (1993թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր տարածքով անցնող հաղորդակցության ուղիները բաց են Նախիջեւանի համար եւ կառավարությունը երաշխավորում է տրանզիտի անվտանգությունը): ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի (1994թ.դեկտեմբեր) որոշումը խարսխվում է այս սկզբունքների վրա, ընդգծում է դրանց կարեւորագույն նշանակությունը հակամարտության առաջին փուլի հաղթահարման գործում: Հիշեցնենք, որ հրադադարի համաձայնագիրը կնքել էին Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Սակայն արդեն 1995թ. փետրվարին անցկացված քաղաքական համաձայնագրի շուրջ եռակողմ բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, Բաքուն փորձ արեց հրաժարվել Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության կարգավորման լիիրավ կողմ: Սակայն ԵԱՀԿ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն (1995թ. մարտ, Պրահա) վերահաստատեց ԵԱՀԿ նախորդ որոշումները՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտող կողմ բանակցությունների բոլոր փուլերի լիարժեք մասնակից է: Այդ շրջանում պաշտոնական Բաքուն չէր թաքցնում «դարի պայմանագրի» (Կասպից ծովի նավթի շահագործման մասին), ինչպես նաեւ նավթամուղների երթուղիների համար պայքարի միջոցով հաղթանակի հասնելու իր ձգտումը: Նավթային գործոնով գերազանցության հասնելու Ադրբեջանի նկրտումները փոխադարձաբար հանգեցրին Լեռնային Ղարաբաղի դիրքորոշման կարծրացմանը: Նա պահանջեց, որպեսզի քաղաքական համաձայնագրի շուրջ եռակողմ բանակցություններում սահմանվի ԼՂՀ քաղաքական կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի պնդմամբ, 1995թ. վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձեց «փուլայինի» փոխարեն կիրառել հարցի «փաթեթային» լուծման հայեցակարգը: Ընդ որում, Հայաստանն ամեն կերպ ջանում էր կանխել ձեռք բերված սկզբունքային համաձայնություններից շեղումը եւ շարունակում էր պաշտպանել կարգավորման փուլային մոտեցումը: Սակայն, ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի համառ ջանքերի հետեւանքով, հակասելով իր իսկ ընդունած որոշումներին, 1996թ. հունվարին ԵԱՀԿ-ն առաջարկեց ԼՂ քաղաքական կարգավիճակը կանխորոշող նախագիծ, ըստ որի, Լեռնային Ղարաբաղը ստանալու էր ինքնավարություն Ադրբեջանի կազմում եւ ցամաքային կապ Հայաստանի հետ: Հակամարտությունը փաթեթային հայեցակարգով կարգավորելու ջանքերը ոչ միայն չխթանեցին կողմերի միջեւ փոխզիջումների պատրաստակամությունը, այլեւ խորացրին հակասությունները: Փաթեթային լուծման ճակատագրական էությունն ապացուցվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում (1996թ. դեկտեմբեր), որտեղ հակասությունների խորացման ծայրահեղ դրսեւորումը դարձավ Լիսաբոնում տեղ գտած «վետոների պատերազմը»: Արդյունքում գագաթաժողովը ոչ միայն չխթանեց բանակցային գործընթացը, այլեւ ստեղծեց կարգավորման ուղիների որոնման երկարատեւ «հետլիսաբոնյան» վակուում: Հիմնահարցը փաթեթային հայեցակարգով լուծելու նպատակով 1997թ. ձեռնարկած եւս մի փորձի ձախողումից հետո միջնորդները վերադարձան «փուլային» հայեցակարգին: Հայաստանն ու Ադրբեջանը որպես հիմք ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները: Ըստ այդմ, նախ նախատեսվում էին ռազմական հակամարտությունը դադարեցնելու պայմանագրի կնքումը (ներառյալ զինադադարի հետ կապված տեխնիկական խնդիրները), եւ դրանից հետո միայն՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ: Որպես ԼՂ բնակչության անվտանգության երաշխավոր, Հայաստանը ստանձնում էր մի շարք կարեւոր պարտավորություններ՝ նպաստել խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ փախստականների վերադարձին, ապահովել հաղորդակցության ուղիների վերաբացումը եւ տնտեսական համագործակցությունը: Ադրբեջանը համաձայնեց վերադառնալ «փուլային» հայեցակարգին: Սակայն, այդ առաջարկները մերժվեցին ԼՂ ղեկավարության կողմից, եւ հիմնախնդրի կարգավորման մեթոդոլոգիայի հարցում Երեւանի ու Ստեփանակերտի տարաձայնությունները Հայաստանում օգտագործվեցին որպես պետական հեղաշրջման պատրվակ: Հեղաշրջմամբ (1998թ. փետրվար) իշխանությանը տիրացած ուժերը որդեգրեցին աշխարհում եւ տարածաշրջանում Հայաստանի տեղի եւ դերի վերաբերյալ էապես այլ, ժամանակակից զարգացման համատեքստին խորթ մոտեցումներ: Հրաժարվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրենց արդյունավետությունն ապացուցած սկզբունքներից՝ Հայաստանի նոր իշխանությունները միջնորդներից պահանջեցին վերադառնալ կարգավորման «փաթեթային» հայեցակարգին: Հատկանշական է, որ այս անգամ արդեն Ադրբեջանը մերժեց «փաթեթային» լուծման առաջարկները եւ ընդհանրապես որդեգրեց ապակառուցողական դիրքորոշում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ձգտելով ամեն գնով պահպանել հակամարտության վրա խարսխված անձնական իշխանությունը, բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից տեղափոխեցին երկկողմանի հանդիպումների ֆորմատ: Սակայն 1998-2001թթ. տեղի ունեցած մոտ երկու տասնյակ անպտուղ հանդիպումների արդյունքում Քոչարյանն ու Ալիեւը հետեւողականորեն փոշիացրին զինադադարն ամրապնդելու եւ անշրջելի խաղաղություն հաստատելու նախկինում արձանագրված ձեռքբերումները: Լեռնային Ղարաբաղին դուրս մղեցին իր իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններից, հրաժարվեցին նրան ճանաչել որպես կարգավորման գործընթացի կողմ եւ հակամարտության սուբյեկտից վերածեցին հակամարտության օբյեկտի: Քոչարյանն ու Ալիեւը ղարաբաղյան հիմնախնդիրը ինքնորոշման հարցից նենգափոխեցին Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի: 2000թ. վերջին եւ 2001թ. առաջին կեսին կարգավորման գործընթացում նկատվում էր անսովոր աշխուժացում, որին սակայն հաջորդեց հանկարծակի արգելակումը: Այս վայրիվերումները վկայում են, որ արդեն սպառվում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները, եւ դրանով իսկ բախտախաղին է դրված հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների անվտանգությունն ու ապագան: Մասնավորապես, ուրվագծվող հանգուցալուծման մասին բազմաթիվ լավատեսական կանխատեսումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները անակնկալ հայտարարեցին, որ 2001թ. հուլիսին Ժնեւում նախատեսվող Ալիեւ-Քոչարյան խոստումնալից հանդիպումը տեղի չի ունենալու: Այստեղ անտրամաբանական է ոչ այնքան ժնեւյան հանդիպման ձախողումը, որքան համանախագահների պատճառաբանությունը, թե իբր երկու երկրների ղեկավարները պատրաստ են խաղաղության, իսկ հասարակությունները՝ ոչ: Երեք համանախագահների այս գնահատականը մեզ մղում է մեկ այլ հարցի՝ իսկ փոխադարձ զիջումներ ապահովելու եւ երկու հասարակությունների քաղաքական համակեցությանն աջակցելու ինչպիսի՞ նախաձեռնություններով են հանդես գալիս իշխանությունները: Ուսումնասիրությունների արդյունքում ձեւակերպվում է տրամագծորեն հակառակ եզրակացություն. Հայաստանի եւ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները ոչ միայն իրենք պատրաստ չեն խաղաղության, այլեւ շահագրգռված են մշտարթուն, 8220stand by8221 ռեժիմում պահել հակամարտությունն ու ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Ակներեւ օրինակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածաշրջան կատարած այցելությանը (2002թ. նոյեմբեր) հաջորդեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ ինքն անընդունելի է համարում եռանախագահների առաջարկած նոր ծրագիրը: Իր հերթին, պաշտոնական Երեւանը երկրորդեց, թե (փարիզյան սկզբունքներից բացի) այլ լուծման այլ տարբերակներ չի պատրաստվում քննարկել: Նշենք, որ փարիզյան սկզբունքները վերաբերում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ 2001թ. սկզբին Փարիզում ձեռք բերված նախնական համաձայնությանը, ըստ որի, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր որպես Հայաստանի մաս, փոխարենը մեր հանրապետության հարավում ստանում էր համահավասար տարածքային փոխհատուցում եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք: ԼՂՀ նախագահի հետ խորհրդակցելու նպատակով Քոչարյանի Ստեփանակերտ այցը հուշում է, որ Հայաստանի կողմից հերթական անգամ առաջարկների ընդունումը պայմանավորված էր Բաքվի մերժմամբ, այլ ոչ թե զիջումների պատրաստակամությամբ: Այդ իմաստով ամենեւին անակնկալ չէր Ալիեւի հայտարարությունը, որտեղ խոսք անգամ չկար միջազգային նորմերի, փոխզիջումների, խաղաղության անհրաժեշտության եւ այլնի մասին, այլ հռչակվում էր ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես Ադրբեջանի ազգային շահերի հիմքի վրա կարգավորելու մասին: Ներքաղաքական օգուտներ քաղելու թե Քոչարյանի, թե Ալիեւի մարտավարությունը ինչպես հաղորդակից անոթներում փոխնիփոխ կոշտացնում է կողմերի դիրքորոշումները: Այն նպատակաուղղված է միջնորդների ցանկացած նախաձեռնության կասեցմանը եւ հրահրում է մյուս կողմի հերթական առարկությունը: Մշտապես կրկնվող այսպիսի սցենարը խորացնում Է հասարակության հիասթափությունը, ծնում է ագրեսիվ մթնոլորտ եւ հաղթանակի հույս, ինչը պրակտիկորեն բացառում է փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: Ուստի պատահական չէ, որ պաշտոնական Երեւանն ու Բաքուն Ալիեւ-Քոչարյան հանդիպումներից հետո դադարել են խոսել փոխզիջումների եւ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Ավելին, «դավաճանական» են որակվում հակամարտության աստիճանական սրումը կանխարգելելուն, լարվածությունը լիցքաթափելուն ուղղված հասարակական եւ քաղաքական գործիչների բոլոր ջանքերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրագործումը Բաքուն ընդհատված բանակցությունները վերսկսելու նախապայման է առաջադրում՝ իրականում հետապնդելով բանակցությունների վերսկսումը տապալելու նպատակ: Անհանդուրժելի է դրանց չհիմնավորվածությունը բացահայտելու գործում Հայաստանի իշխանությունների իներտությունը: Ղարաբաղյան հակամարտության ամենասուր շրջանում՝ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բոլոր չորս բանաձեւերը (թիվ 822, 853, 874, 884) չեն կատարվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի կողմից: Հետեւաբար այդ բանաձեւերի պահանջները չկատարելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքները սոսկ իր երկրի հասարակությանը եւ միջազգային հանրությանն ուղղված քարոզչական միջոցառում է: Հակառակ վերոհիշյալ բանաձեւերի, բոլոր երեք կողմերը ճակատային գծի մոտ անց են կացրել մի շարք զորավարժություններ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին շարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանի կողմից Շուշիի հարցի շահարկումները: Պատերազմական գործողությունների ընթացքում Շուշիի աշխարհագրական նպաստավոր դիրքը օգտագործելով՝ Ստեփանակերտի եւ շրջակայքի հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ լայնածավալ ռմբակոծություններ իրականացնելու նպատակով, Ադրբեջանը հրահրեց ղարաբաղյան զինված կազմավորումներին Շուշիի նկատմամբ պատասխան գործողությունների: 1992թ. մայիսին ԼՂՀ ուժերը հսկողություն հաստատեցին Շուշի քաղաքում: Այդ իրադարձությունը Ալիեւի վարչախումբը մշտապես օգտագործում է իր քաղաքական հակառակորդների դեմ. մի շարք աղմկոտ դատավարություններ են անցկացվել, որոնց ընթացքում որոշ ռազմական գործիչների մեղսագրվել է, որ ղարաբաղյան կողմը Շուշին գրավել է ոչ թե ռազմական գործողությունների միջոցով, այլ ադրբեջանական զորամիավորումները, թողնելով դիրքերը, կամովի հանձնել են քաղաքը: Ներկայումս Ադրբեջանը Շուշիի հարցը շահարկում է միջազգային ատյաններում, ուռճացնում այն եւ փորձում Շուշիին տալ «Երուսաղեմի հարցի» նշանակություն: Ակնհայտորեն երեւում է, որ Ադրբեջանը Շուշիի հարցը, մի կողմից, դարձրել է ներքաղաքական եւ հակահայկական քարոզչության կարեւոր տարր, իսկ մյուս կողմից՝ բանակցային գործընթացի ներկա փակուղին ավելի խորացնելու լրացուցիչ լծակ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չեն պահանջում ԼՂ զորքերի դուրս բերում Շուշիից եւ Լաչինից: Իսկ ինչ վերաբերում է Շուշիի փախստականների հարցին, ապա այն պետք է լուծում ստանա խաղաղ կարգավորման համաձայնագրում՝ իրենց բնակավայրեր փախստականների վերադարձի համատեքստում: Բանակցային գործընթացը վերսկսելու Ադրբեջանի առավել հաճախ հնչող նախապայմաններից է կորցրած տարածքների վերադարձը: Սակայն Բաքվում «մոռանում» են, որ այսօրվա վիճակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակով Ադրբեջանի իսկ նախաձեռնած պատերազմական գործողությունների, ինչպես նաեւ երկար ժամանակ (մինչեւ 1994թ. մայիսը) զինադադար հաստատելու մերժման ուղղակի արդյունք է: Միայն ռազմական մեծ անհաջողություններից հետո Բաքուն հարկադրված համաձայնեց զինադադարին, ինչին համառորեն հետամուտ էին ինչպես Հայաստանը, այնպես էլ միջնորդները: Վերջերս Ադրբեջանը, օգտագործելով աշխարհաքաղաքական նոր զարգացումները, ահաբեկչության դեմ ծավալված միջազգային պայքարի համատեքստում հրապարակ նետեց նոր քարոզչական «հնար»: Նա ոչ միայն մեղադրեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին իրենց տարածքը թմրաբիզնեսի տարանցիկ ուղու վերածելու մեջ, այլեւ կոպտորեն դեմ արտահայտվեց, որպեսզի ԵԱՀԿ-ի ու միջազգային այլ կառույցների դիտորդական առաքելություններ գործուղվեն ԼՂՀ՝ իրականությունը պարզելու նպատակով: Ի դեպ, նման տեսչական ստուգում անցկացնելու խնդրանքով դիմել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, որպեսզի այդպիսով բացահայտի Բաքվի այդ կարգի մեղադրանքների անհիմն լինելը: Հաշվի առնելով տրամադրությունները, որոնց նպաստել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, անդրադառնանք հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավոր տարբերակներին: Առաջին տարբերակ. Բաքուն հասնում է ռազմական հաջողության, ոչնչացնում կամ տեղահանում է ղարաբաղցիներին: Երկրորդ. Ադրբեջանի ռազմական կամպանիան տապալվում է եւ նա կամ նոր տարածքներ է կորցնում, կամ առկա ճակատային գիծը էական փոփոխություն չի կրում: Առաջին սցենարով իրադարձությունների ծավալման դեպքում դժվար չէ կանխատեսել, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը եւ հատուցման ինչպիսի ծրագրեր կնախագծվեն Հայաստանում ու Սփյուռքում: Բացի այդ, Երեւանում էլ ավելի կամրապնդվի «ռուսական գործոնը», եւ գլոբալ շահերի բախումների արդյունքում Հարավային Կովկասը կվերածվի աշխարհաքաղաքականորեն խիստ բզկտված «չավարտվող պատերազմների» տարածքի: Առնվազն մի քանի տասնամյակով կհետաձգվեն խաղաղություն, կայունություն հաստատելու եւ տարածաշրջանի տնտեսա-քաղաքական ինտեգրացիայի բոլոր ծրագրերն ու նախագծերը: Երկրորդ սցենարի դեպքում՝ առավել քան աննախանձելի վիճակում է հայտնվում Ադրբեջանը, քանի որ չարդարացված ռիսկի է դիմում՝ նա կորցնում է փոխզիջումների ճանապարհով հիմնախնդիրը կարգավորելու վերջին տարիների դիվանագիտական նպաստավոր ձեռքբերումներն օգտագործելու բոլոր հնարավորությունները. հակամարտությունը դեֆորմացվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, ԱՄՆ պետդեպարտամենտը քիվեսթյան հանդիպումներից առաջ արձանագրել է, որ Հայաստանն ագրեսոր է, իսկ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է թիվ 907 բանաձեւը վերացնելու մասին որոշումը եւ այլն: Բացի այդ, ղարաբաղյան հարցի քննարկումներ անցկացնելու Եվրախորհրդի նախաձեռնությունը, որն ինքնորոշման հարցի դեպքում կերաշխավորեր ղարաբաղյան կողմի զգալի առավելությունը, տարածքային վեճի դեպքում խոստանում է Ադրբեջանի դիրքերի էական ամրապնդում: Հետեւաբար, կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանի շահերից է բխում առաջիկայում պահպանել եւ ամրապնդել ստեղծված իրավիճակը: Իսկ դա մի ավելորդ անգամ հաստատում է այն վարկածը, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու կամ հակամարտությունն իր ազգային շահերի հիման վրա կարգավորելու մասին Բաքվում հնչող կոչերը, ինչպես նաեւ Շուշիի հարցի ակտիվ շահարկումները նպատակաուղղված են բանակցությունները տապալելուն: Այդ կարգի հնարքներից չեն խուսափում նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ երբ, ասենք, իրենց կողմից որպես զիջում են ներկայացնում Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջի փոխարինումը Լեռնային Ղարաբաղի լիակատար քաղաքական անկախություն տրամադրելու պահանջով: Կարգավորման գործընթացն արգելակելու տրամադրվածությունը լավագույնս դրսեւորվում է կողմերի դիրքորոշումներում առկա բազմաթիվ հակասությունների տեսքով: Մասնավորապես, Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնավարություն տրամադրել, սակայն միանշանակորեն չի ընդունում նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի ճանաչում որպես ինքնորոշման սուբյեկտ, ի՞նչ ինքնավարություն կարող է նրան տալ Բաքուն: Մեկ այլ դեպքում՝ Ադրբեջանի իշխանությունները մի շարք պահանջներ են ներկայացնում ԼՂՀ-ին, սակայն կտրականապես հրաժարվում են բանակցել նրա հետ: Հայաստանում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, սակայն խորհրդարանական կուսակցությունները հանդես են գալիս ԼՂ քաղաքական կարգավիճակը կանխորոշող հայտարարություններով, եւ այդ ճանապարհով հակամարտությունը փոխակերպում են տարածքային վեճի՝ Լեռնային Ղարաբաղին զրկելով իր իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելու իրավունքից: Նման հակասությունները վկայում են, որ հակամարտությունը տարածքային վեճի փոխակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների փոխգործակցության արդյունքում հիմնախնդիրը տեղափոխվել է մի ֆորմատ, որի շրջանակներում անհնար է բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Այդ իմաստով եռանախագահների նոր մոտեցումները, որոնք պահպանում են հիմնախնդիրը որպես տարածքային վեճ դիտելու միտումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները դասում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների իրավասությանը, չի կարելի իրատեսական համարել: Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ նրա սուվերենության նվազեցման հաշվին (խոսքը Հայաստանի այն տարածքների մասին է, որոնցով անցնում են Ադրբեջանը եւ Նախիջեւանը իրար կապող հաղորդակցության ուղիները) հակամարտության կարգավորումը գնահատելով անընդունելի, տողերիս հեղինակը ողջունում է եռանախագահների Ժնեւի հանդիպման տապալումից հետո կարգավորման փուլային հայեցակարգին վերադառնալու ուրվագծվող տրամադրվածությունը: Վերջապես հաշվի է առնվում ճշմարտությունը. մեկ փաթեթով հիմնախնդրի բոլոր սկզբունքային հարցերը լուծելու, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի տեսակետները համաձայնեցնելու ջանքերը լուրջ հարված են հասցնում խաղաղ բանակցային գործընթացին: Փուլային կարգավորումը պետք է հիմնվի փոքր, երբեմն ասիմետրիկ, սակայն արագ քայլերի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլ կառուցվում է նախորդի ընթացքում ձեռք բերվածի հիման վրա, իսկ քաղաքական կարգավիճակի հարցի քննարկումները հետաձգվում են մինչեւ այն փուլերի հաղթահարումը, որոնց ընթացքում կսկսվեն լարվածության թուլացմանը, փոխադարձ վստահության հաստատմանը, հաղորդակցային զարգացմանը եւ տարածաշրջանում ինտեգրացիոն պրոցեսների խթանմանը միտված գործընթացները: Նման հետեւողականությունը անխուսափելիորեն կհանգեցնի ողջ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը, լեգիտիմ իշխանությունների ձեւավորմանը, որն ինքնաբերաբար դառնում է բանակցությունների սեղանի շուրջ երկուստեք ընդունելի ԼՂ կարգավիճակ որոնելու միակ երաշխիք: Բանակցային գործընթացը վտանգավոր փակուղուց հանելու նպատակով անհրաժեշտ է հաշվի նստել անհերքելի իրողությունների հետ՝ * ղարաբաղյան հիմնախնդիրն ինքնորոշման եւ մարդու իրավունքների հարց է, * խաղաղ կարգավորման գործընթացում պետք է հարգվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, * Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում առանց բանակցություններին նրա լիիրավ մասնակցության՝ որեւէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել, * հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան փոխզիջումները հիմնական հակամարտող կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, * Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, * հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետ ատյանը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Բանակցություններում իրական առաջընթացը խոչընդոտող խնդիրները վնասազերծելու եւ խաղաղ գործընթացն անշրջելի դարձնելու նպատակով անհրաժեշտ է՝ * անհապաղ վերադառնալ հիմնախնդրի լուծման «փուլային» հայեցակարգին: Նման մոտեցումը կստեղծի նաեւ վստահության տարրեր, կնվազեցնի սաստկացող լարվածությունը եւ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը, * խաղաղ կարգավորման բանակցությունները Քոչարյան-Ալիեւ հանդիպումների ֆորմատից շուտափույթ վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ, * Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը պետք է քննարկվի եւ որոշվի կարգավորման մասին Համաձայնագրի ընդունմանը հաջորդող բանակցությունների արդյունքում, այլ ոչ նախքան Համաձայնագրի ընդունումը, * Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող միջազգային ծանրակշիռ երաշխիքների շարքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի որոշակի պատասխանատվություն: Այս սկզբունքների ճանաչումը կկրճատի դեպի անշրջելի խաղաղություն տանող բանակցությունների ուղին, որոնց արդյունքում հնարավորություն կստեղծվի գտնել Լեռնային Ղարաբաղի փոխադարձաբար ընդունելի կարգավիճակ: Հակամարտության կարգավորումը ենթադրում է բոլոր կողմերի համատեղ եւ նպատակաուղղված ջանքեր: Բացառելով միմյանց մասին կանխակալ կարծիքներ եւ հրաժարվելով արմատացած նախապաշարումներից՝ կողմերը պետք է կարողանան հաղթահարել միմյանց նկատմամբ անվստահությունը, ինչը երաշխավորելու է կենսական իրավունքների պաշտպանությունը, անգամ եթե դա պահանջի գնալ որոշակի զիջումների: Այս իմաստով միմյանց վստահությունը ձեռք բերելու կարեւորագույն միջոցը մյուս կողմի իրավունքների ճանաչումն է եւ բոլոր կողմերի անվտանգությունն ապահովելուն միտված բանակցությունները: Համընդհանուր անվտանգության հայեցակարգը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը եւ բարօրությունը կառուցվում է կողմերի անվտանգության եւ բարօրության նվազեցման ամրապնդման վրա, այլ ոչ դրանց հաշվին: Հարավային Կովկասի անվտանգությունը ներառում է ոչ միայն արտաքին վտանգի դեմ պաշտպանվելու, այլեւ պետությունների քաղաքական, տնտեսական, հումանիտար զարգացման անհրաժեշտությունը: Այս սկզբունքների հիման վրա կառուցվող տարածաշրջանային անվտանգության համակարգը ոչ միայն թույլ կտա հաղթահարել հակամարտությունները, այլեւ ժողովուրդներին կմիավորի ընդհանուր շահերի շուրջ, կամրապնդի սեփական, տարածաշրջանային եւ համընդհանուր անվտանգությունը: Հարավային Կովկասի պետությունները պետք է գիտակցեն, որ իրենց ընդհանուր շահերն ավելի շատ են, քան հակասությունները: Եթե առաջիկա տարիներին նրանք կարողանան համատեղ գիտակցել իրենց համատեղ շահերը եւ Հարավային Կովկասը վերածել միասնական աշխարհաքաղաքական գործոնի, տարածաշրջանը կարող է հասնել կայունության, ներդաշնակ զարգացման եւ դառնալ Եվրոպայի լիարժեք մաս: ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Տպագրված է CENTRAL ASIA AND THE CAUCASUS, N 3 (15) 2002 անգլերեն եւ ռուսերեն լեզուներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930