Լրահոս
Օրվա լրահոսը

Մակարդակի բացահայտման հերթական առիթը

Հունիս 22,2002 00:00

Մակարդակի բացահայտման հերթական առիթը Վերջերս խորհրդարանում ծագած կոնֆլիկտը մեկ անգամ եւս ի հայտ բերեց իշխանավորների ու իշխանամետների մտածելակերպի ու խորագիտակության անբավարար մակարդակը։ Հիրավի, համազգային դժբախտություն է, երբ նման հասարակական պետական դիրքեր գրաված այրերն այդքան սահմանափակ ու պրիմիտիվ, ուղղակի փողոցային տղայական պատկերացումներ ունեն հասարակական այս կամ այն երեւույթների ու նրանց զարգացումների նկատմամբ։ Անհնար է համակերպվել, օրինակ, այն փաստի հետ, երբ ինքը՝ հանրապետության նախագահը, խորհրդարանում կոնֆլիկտի փոքրամասնություն կազմող կողմի վարքագիծը պիտակավորում է ոչ այլ ձեւով, քան «խուլիգանական արարք» (խոսքը պատգամավորներ Արամայիս Բարսեղյանի, Ղուկաս Ուլիխանյանի, Ստեփան Զաքարյանի, Վարդան Մկրտչյանի եւ այլ սակավաթիվ, Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի վստահությունը չչարաշահած ու նրանց հիշատակին հավատարիմ մնացած, որեւէ իշխանավորի չծախված, բարձր բարոյականության ու քաղաքական հետեւողականության տեր, անձնվեր մարդկանց մասին է)։ Ավելին, այս, ժողովրդի հիրավի ընտրյալներին «սանձելու» գործով նախագահը գտնում է, որ պիտի զբաղվեն ինչ172որ մասնագետներ։ Ելնելով նրա դատողությունների նման զարգացումից՝ կարելի է կռահել, որ նախագահը նկատի ուներ կամ հոգեբույժներին, կամ կոնֆլիկտները «քաշքշուկներով» կարգավորելու փորձառու ու ամենահաս մասնագետներին՝ իր «առագաստցիներին»։ Միեւնույն ժամանակ, գերադասելի էր համարում, որ խորհրդարանի «առողջ» մեծամասնությունը (նկատի ուներ, ամենայն հավանականությամբ, ռենեգատներ Արմեն Խաչատրյանին, Գագիկ Ասլանյանին, Տիգրան Թորոսյանին, Գալուստ Սահակյանին եւ նրանց հետեւորդ մեծամասնությանը, որոնք Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի շնորհիվ սողոսկեցին խորհրդարան, բայց, ի տարբերություն փոքրամասնություն կազմող վերը նշված պատգամավորների, ոտնահարեցին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի վստահությունն ու հիշատակը, դավաճանաբար եւ նյութապաշտորեն գերադասեցին կշեռքի ծանր կողմը՝ ի վնաս բարոյականության ու հետեւողական սկզբունքայնության) ինքն իր ուժերով կարողանա չեզոքացնել խորհրդարանի կոնֆլիկտի փոքրամասնությանը։ Կոնֆլիկտի «կարգավորման» այլ տարբերակներ էլ նշվեցին նախագահի կողմից, այն է՝ նախագահի միջամտությունը, եթե խորհրդարանը դիմի նման խնդրանքով։ Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, նախագահը խոստացավ միջամտել՝ գործի դնելով իշխանական լծակները, անգամ՝ առանց խորհրդարանի նման խնդրանքի։ Ահա այսպես, եւ ոչ ավել, ոչ պակաս։ Ինչպես ասում են, յուրաքանչյուրը երեւակայում է սեփական մտաունակությունների սահմաններում։ Մինչդեռ, ի տարբերություն հանրապետո ւթյան նախագահի ու նրա համախոհների, այդ թվում եւ՝ հանրապետության ներսի եւ դրսի, ահա թե ինչ մտածելակերպ ու տեսակետներ են ունեցել համաշխարհային քաղաքակրթության հանրահայտ մտածողները։ Ադամ Սմիթ – Կոնֆլիկտը հասարակական զարգացման համար անհրաժեշտ երեւույթ է, առաջընթացի շարժիչ ուժն է։ Հերբերտ Սպենսեր (անգլիացի սոցիոլոգ)֊ Կոնֆլիկտը անխուսափելի երեւույթ է հասարակության պատմության մեջ եւ հանդիսանում է հասարակության զարգացման խթան։ Մաքս Վեբեր, Գեորգ Զիմմել (գերմանացի սոցիոլոգներ) – Կոնֆլիկտները հասարակության առաջընթացի խթանիչներն են։ Լյուիս Կոզեր (ամերիկացի սոցիոլոգ) 172 Կոնֆլիկտները հասարակության ներքին կյանքի արդյունք են եւ նրա սոցիալական զարգացման գործում կայունացման կարգավորիչ դեր են կատարում։ Ի վերջո՝ Ռալֆ Դարենդոլֆ (գերմանացի սոցիոլոգ)- Նա, ով ունակ է ընդունել կոնֆլիկտը որպես օբյեկտիվ իրողություն եւ փոխընդունելի կոմպրոմիսային ճանապարհներ գտնել դրանց կարգավորման համար, նա միայն այդ ճանապարհով կարող է իր հսկողության տակ առնել պատմության ընթացքը, եւ ընդհակառակը, նա, ով չի ղեկավարվում նման մոտեցմամբ, այլ ընտրում է ուժային ճնշման ճանապարհը, այդ պատմության ընթացքը վեր է ածում սեփական թշնամու եւ, շուտ թե ուշ, ենթակա է կործանման։ Խորհրդարանում տեղի ունեցած կոնֆլիկտի մեծամասնության կողմի մեծամասնությունը եւ նրան խրախուսողները թերեւս ժամանակ չունենան կոնֆլիկտաբանության այս այբբենարանը ուսումնասիրելու ու կիրառելու։ Ի վերջո, ինչների՞ն է պետք, որտեղից հայտնվել են խորհրդարանում, այնտեղի կարգերն ու բարքերն էլ օգտագործում են։ Դա է նրանց պաշարը եւ իրենց անձնական ու կորպորատիվ շահերին այսօր դա միանգամայն ձեռք է տալիս։ Իսկ Ձե՞զ, հարգելի ընթերցող։ Այնուամենայնիվ, ոգեշնչողն այն է, որ, ինչպես ասում են, կոճը ինչքան էլ թռչկոտի հատակին ու պտույտներ գործի, միեւնույն է, վաղ թե ուշ նրա թելը վերջանալու է, իսկ ինքը տեղ է գտնելու աղբակույտում։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930