Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԱՆՆԵՐ» ՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Հունիս 22,2002 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԱՆՆԵՐ» ՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ «Հանուն ժողովրդավարության» 13 կուսակցությունները երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում արձանագրված է. «1. Գործող իշխանությունը կրկին ցույց տվեց իր հանցավոր բնույթը՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջները։ Ռ. Քոչարյանն իր հրապարակային ելույթում ակնհայտորեն խրախուսեց խորհրդարանի ղեկավարության ապօրինությունները՝ շանտաժի ենթարկելով ճշմարտության բացահայտմանը հետամուտ պատգամավորներին եւ ողջ հասարակությանը։ 2. Օրենսդիր մարմինը՝ խախտելով իր իսկ ընդունած օրենքը, արժեզրկում է պետականության գաղափարը, վտանգում երկրի միջազգային հեղինակությունը։ 3. Ռ. Քոչարյանը շարունակաբար խոչընդոտում է «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանն ուղղված քայլերը, դրանով խորացնելով կասկածները ոճրագործությանն իր մեղսակցության վերաբերյալ։ 4. ԱԺ-ն չի արտահայտում 1999 թ. խորհրդարանական ընտրությունների քաղաքական պատկերը, խորհրդարանական մեծամասնությունը վերածվել է ապօրինի ռեժիմի կցորդի։ 5. Գործող իշխանության ճգնաժամն ակնհայտ է, այն սպառել է գոյության բոլոր ռեսուրսները, բացահայտել իր քաղաքական եւ գաղափարական սնանկությունը։ Համագործակցող կուսակցությունները հայտարարում են իրենց վճռականությունը՝ պայքարելու Հայաստանում օրինական իշխանություն ձեւավորելու համար»։ 13 քաղաքական ուժերը որոշել են դիմել գլխավոր դատախազին՝ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել են մեր երկրի Սահմանադրությունը եւ օրենքների պահանջները. «Առաջինը նման պատասխանատվություն պետք է կրի Ռոբերտ Քոչարյանը, եւ, նրանից զատ, մնացած բոլոր պաշտոնյաները»։ Ալբերտ Բազեյանն անդրադարձավ նախորդ օրը կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի, գործադիրն առաջարկում է մի քանի փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում։ Սրանց մեր թերթն անդրադարձել է երեկվա համարում։ Պարզապես նշենք, որ իր այս քայլով, ինչպես իրավացիորեն նկատեց պատգամավոր Ստեփան Զաքարյանը, իշխանություններն ավելորդ անգամ ապացուցեցին, որ ընդդիմադիր պատգամավորների պահանջը՝ նախագահի պաշտոնանկության հարցն օրակարգ մտցնելու մասին, օրինական է։ Մեր կարծիքով, նախագահի՝ «ականջից բռնելու ենք» թափանցիկ ակնարկից հետո գործադիրը շտապում է «հարմարանքներ» ստեղծել ականջը բռնելու գործընթացը օրենքի շրջանակներում «խցկելու» համար։ Թե նշանակովի մարմինը (կառավարությունը) որքանով է իրավասու միջամտել ընտրովի մարմնի կանոնակարգային հարցերին, կպարզվի։ Մի բան ակնհայտ է՝ իշխանություններն անցնում են բացահայտ «օրինական» ռեպրեսիաների։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա հոգեվարքի նշան է։ Ալբերտ Բազեյանի գնահատմամբ, կառավարության այս քայլն ուղղված է միայն ընդդիմադիր պատգամավորների դեմ։ Պրն Բազեյանը հայտնեց, որ վերջին ամիսների ընթացքում շատ բան սովորեցին եւ ավելի լավ ըմբռնեցին իշխանությունների քայլերը. «Իշխանությունն անընդհատ փորձեց ընդդիմադիր դաշտում ականներ տեղադրել, որպեսզի անհրաժեշտ պահին այդ ականները պայթեցվեն, եւ ընդդիմադիր դաշտում կուսակցությունների համախմբում չլինի։ Հայտարարում եմ, որ մենք մեր ականներն ենք տեղադրել իշխանության դաշտում։ Հանրապետության նախագահի աշխատակազմից սկսած, ԱԺ-ում, իշխանության կուսակցություններում, կառավարության իրավապահ եւ դատական մարմիններում, եւ այդ «ականները» ժամանակին պայթելու են, իշխանությունը ցաք ու ցրիվ է լինելու։ Ռոբերտ Քոչարյանի երգը երգված է, որքան էլ նա փորձի, ապօրինի քայլերով չի կարող երկարաձգել իր իշխանությունը։ Մեր մոտեցումը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը քաղաքական անհրաժեշտություն է եւ այն տեղի կունենա աշնանը՝ սեպտեմբերին»։ Լրագրողներից մեկն իրավացիորեն նկատեց, որ ընդդիմությունն արդեն մեկ տարի խոսում է այդ մասին, սակայն կոնկրետ արդյունքներ այդպես էլ չեն նկատվում։ Սա չի նշանակում, որ ընդդիմության վերը նշված հայտարարությունը, թե Քոչարյանը կհեռացվի աշնանը, այնքան էլ իրատեսական չէ։ Ալբերտ Բազեյանի ներկայացմամբ՝ ընդդիմությունը համոզված է. «այն իշխանությունը, որը տարիներ շարունակ ոտնահարում է երկրի օրենքներն ու Սահմանադրությունը, զբաղված է միայն մեկ խնդիր լուծելով՝ ամեն րոպե երկարաձգել սեփական իշխանության գոյությունը, այդ իշխանությունը գոյատեւել չի կարող։ Պաշտոնանկության գործընթացը սկսված է, հարցն օրակարգում է, եւ եթե իշխանությունը փորձ անի նորից խախտել երկրի օրենքը, մենք ունենք անհրաժեշտ հակաքայլեր, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել»։ Պատասխանելով ընդդիմադիր կուսակցությունների կողմից նախագահի հնարավոր միասնական թեկնածուին առնչվող հարցին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Միասնական թեկնածուն ոչ թե տարանջատող է, այլ՝ ընդդիմությանը միավորող է, եւ մենք աշխատում ենք եւ պետք է աշխատենք, որ այդ հարցում էլ լինենք միավորված։ Եվ դա է երաշխիքներից մեկը իշխանափոխության»։ Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է սեպտեմբերին եւս գրավել ԱԺ ամբիոնը, Ալբերտ Բազեյանն ասաց. «Մենք նախաձեռնելու ենք քայլեր, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել, եթե իշխանությունը սեպտեմբերի առաջին եռօրյայում պաշտոնանկության մասին հարցը չքննարկի։ Սա շատ վտանգավոր խաղ է, որը փորձում է իրականացնել իշխանությունը»։ Նախորդ օրը Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ եթե 13-ը մեկ թեկնածուի շուրջ համախմբվեն, չի բացառվում, որ վերջին պահին այդ կուսակցությունների մի մասը կանցնի նախագահ Քոչարյանի կողմը։ «Առավոտին» հետաքրքիր էր՝ ընդդիմադիրները նայե՞լ են իրար աչքերի մեջ, եւ ըստ իրենց, ովքե՞ր են լինելու դասալիքները։ Պրն Բազեյանն ասաց, որ իրենք հակված են, ցանկություն ունեն, տրամադրված են միասնական թեկնածուով գնալ ընտրությունների. «Մենք հակված ենք եւ ցանկություն ունենք, որպեսզի ամբողջ ընդդիմադիր դաշտը հանդես գա մեկ թեկնածուով։ Այս քննարկումներին կարող են միանալ նաեւ «ԱՄ»-ն եւ մյուս ընդդիմադիրները։ Իսկ ապագա կանխատեսումների համար դեռ վաղ է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել