Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը կարող է դիմել Եվրոպական դատարան»

Հունիս 22,2002 00:00

«Ա1+»-ը կարող է դիմել Եվրոպական դատարան» Հայտարարել է ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով ներկայացուցիչը Հունիսի 20-ին հրապարակվել է ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով ներկայացուցչի ամենամյա զեկույցը: Զեկույցում մեծ տեղ է հատկացվել Հայաստանի տեղեկատվական դաշտում ստեղծված իրադրությանը: Զեկույցում ասվում է. «Առաջին անգամ ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն այցելեց Հայաստան, որտեղ հանդիպեց պաշտոնատար անձանց (Արդարադատության եվ Ներքին գործերի ներկայացուցիչների), պատգամավորների, լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների: Մեր խորհրդականը կենտրոնացել է ինչպես տեղեկատվական դաշտում ստեղծված ընդհանուր իրավիճակի, այնպես էլ երկու մասնավոր դեպքերի վրա. «Նոյյան Տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների եթերից զրկվելու փաստերի: Չնայած նրան, որ, ընդհանուր առմամբ, ազատ մամուլ Հայաստանում գոյություն ունի, անհանգստություն հարուցող որոշ իրադարձություններ պատճառ են դարձել այնպիսի հարցերի երեւան գալուն, որոնք առնչվում են կառավարության` արտահայտման ազատությանը վերաբերող պարտավորություններին: «Ա1+»-ը միակն էր, որը Հայաստանում առկա գերքաղաքականացված մթնոլորտի պայմաններում հիմնականում եթերը տրամադրում էր երկրի բոլոր կուսակցություններին եւ շարժումներին. ընդդիմության առաջնորդները, ինտելեկտուալները, լրագրողները հնարավորություն էին ստանում «Ա1+»-ի եթերում արտահայտվել եւ բանավիճել: Ներկայումս հեռուստաընկերությունը՝ լինելով երկրի ամենահեղինակավորներից մեկը, զրկված է եթերից: Որոշ փորձագետների, այդ թվում՝ եւ Շավարշ Քոչարյանի՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության, ինչպես նաեւ՝ մամուլի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, «Ա1+»-ը կորցրել է հեռարձակման արտոնագիրը օրենքի խախտումներով (նույնիսկ լինելով գործող եւ կայացած հ/կ, ստիպված էր պայքարել իր իսկ հաճախականությամբ հեռարձակվելու իրավունքի համար արտոնագրի ուժը կորցնելուց հետո): Մրցույթի արդյունքում արտոնագիր ստացած «Շարմ» ընկերությունը դեռ չի սկսել հեռարձակումը եւ, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի եթեր դուրս չգալու՝ արտոնագիրը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում: Արդյունքում, հեղինակավոր հ/ը զրկված է եթերից: Սիրելի ալիքի փակմանը հասարակությունը արձագանքեց վրդովմունքով. ի պաշտպանություն «Ա1+»-ի՝ Երեւանում տեղի ունեցան վերջին տարիների ամենածավալուն բողոքի ակցիաները: Հեռուստաընկերության՝ դատական ատյաններին դիմելը ոչ մի արդյունք չտվեց, եւ այժմ «Ա1+»-ը կարող է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել ստեղծված իրադրությունը շտկելու համար: Նախ եւ առաջ՝ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է անցկացնի գոյություն ունեցող եւ ազատ հաճախությունների մրցույթ, որը կկայանա հնարավորինս շուտ, գերադասելի է՝ այս ամռանը, եւ աջակցի «Ա1+»-ին ու «Նոյյան Տապան»-ին՝ մասնակցելու դրան: Իսկ ներկայումս իշխանությունները հեշտությամբ կարող են այնպիսի փոփոխություն մտցնել գործող օրենքում, որն արտոնագրից զրկված հեռուստաընկերությանը հնարավորություն կտա շարունակել հեռարձակումն այնքան ժամանակ, մինչեւ միեւնույն հաճախությամբ հեռարձակվելու իրավունք ստացած նոր ընկերությունը պատրաստ լինի եթեր դուրս գալուն: Երկրորդ. անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: Այս գործընթացում անհրաժեշտ խորհրդատվություն է ապահովում Եվրոպայի խորհուրդը, եւ մեր գրասենյակը նույնպես կուսումնասիրի Հայաստանի կառավարությանն ու Ազգային ժողովին այս հարցում աջակցելու բոլոր հնարավոր եղանակները: Երրորդ. ներկայումս քննարկվող «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագիծը, մինչ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը, մանրակրկիտ կերպով պետք է ուսումնասիրվի միջազգային փորձագետների կողմից: Ոչ կառավառական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մեր խորհրդականի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ «եթե «Ա1+»-ի փակման հարցում կառավարությունը խուսափի պատասխանատվությունից, հերթը կհասի նաեւ մամուլին»: Հանուն Հայաստանի եւ այս երկրում մարդու իրավունքների՝ ես հույս ունեմ, որ նրա հոռետեսական գուշակությունները չեն իրականանա: Եվ հենց իշխանությունները պետք է ապացուցեն նրա սխալ լինելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930