Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՔԵՖՈՎ

Հունիս 22,2002 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՔԵՖՈՎ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ մայիսի 24-ին մամուլում հայտարարել էր, թե մինչեւ հունիսի 20-ը կհայտարարվի երկու դեցիմետրային եւ երկու մետրային կապուղիների համար մրցույթ, որոնք պայմանագրային հիմունքներով զբաղեցրել են գործող «ԱՐ», «Պրոմեթեւս», «Սինեմաքս» եւ «ՆՏՎ» հեռուստաընկերությունները: Հայտարարություն եղավ: Հունիսի 19-ին, նույն հանձնաժողովի Լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանը հրապարակեց թվով երրորդ մրցույթի անցկացման ժամկետը՝ հոկտեմբերի 15, եւ այն դեցիմետրային հաճախությունները, որոնք ներկայացվելու են մրցույթի: Ըստ այդմ, Երեւանի տարածքում այդ հաճախություններն են. 27-րդը՝ «Դար 21», 58-րդը՝ «ԷՎ», 31-րդը՝ «Արմեն-Ակոբ», 51-րդը՝ «Երեւան» եւ 39-րդը՝ «Ուրարտու»: Ինչպես տեսնում եք՝ հիշյալ ցանկում չկան Գ.Ամալյանի մատնանշած ոչ միայն երկու հաճախությունները, որոնք, ի դեպ, առանց լիցենզավորման մինչ օրս զբաղեցնում են «ԱՐ» եւ «Պրոմեթեւս» ընկերությունները, այլեւ՝ երկու դեցիմետրային՝ «Սինեմաքս»-ի եւ «ՆՏՎ»-ի զբաղեցրած, հաճախությունները: Ավելին, հիշյալ երկու դեցիմետրային հաճախություններից մեկը՝ 23-րդը, թեեւ պաշտոնապես հատկացված չէ, բայցեւ զբաղեցնում է «Սինեմաքսը», իսկ 63-րդով «ՆՏՎ»-ի ծրագրերը հեռարձակում է «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ն, որը դրա իրավունքը չունի: Ասել է թե՝ իրականում երկու դեցիմետրային հաճախություններ, որոնք կարող են համարվել ազատ, Հեռուստատեսության ազգային հանձնաժողովը շարունակում է այդպիսին չհամարել եւ կամայականորեն մրցույթի չի ներկայացնում: Ինչ վերաբերում է «ԱՐ»-ին եւ «Պրոմեթեւսին», ապա դրանք եւս, ըստ էության, ապօրինաբար են մետրային հաճախություն զբաղեցնում, որովհետեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ «արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակում», իսկ այդ լիցենզիան, նույն հոդվածի համաձայն՝ «տրվում է մրցութային կարգով»: Իսկ այդ մրցույթը ազգային հանձնաժողովի քմահաճույքով դեռ երկարաձգվում է, ըստ էության, անհավասար պայմաններ ստեղծելով գործող հեռուստաընկերությունների համար: Անդրադառնանք պարոնայք Գ.Ամալյանի եւ Ի.Վարդանյանի հայտարարություններին: Վերջինս այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե ինչպես է պատահել, որ իր եւ իր վերադասի հայտարարություններն այդքան տարբեր են ստացվել, եւ ինչո՞ւ հակառակ դեռ ապրիլին արած այն հավաստիացումների, թե ամռանը նոր մրցույթ կլինի, եւ «Ա1+»-ը դրան կարող է մասնակցել, իրականում այդ հաջորդ մրցույթը հետաձգվեց հոկտեմբեր: Ի.Վարդանյանը պարզաբանեց. «Ընդհանրապես այս կամ այն մրցույթի անցկացումը որոշում է հանձնաժողովը՝ կոլեգիալ կարգով եւ ընդհանուր մասնակիցների թվի բացարձակ մեծամասնությամբ: Երեւանում այս պահին մենք ազատ հաճախություններ չունենք: Այսինքն՝ այն իմաստով չունենք, որ չկան հաճախություններ, որոնք զբաղված չլինեն»: Մեր այն հարցին՝ իսկ եթե դրանք զբաղեցրել են ընկերություններ, որոնք լիցենզիա չունե՞ն, վարչության պետը պատասխանեց. «Այդպիսիք ունենք, բայց գործող կարգն ասում է, որ այն կապուղիները, որոնք այս պահին զբաղեցրած ընկերությունները լիցենզիա չունեն, այնուամենայնիվ, օրինական են գործում: Դրա համար կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք, որի 59-րդ հոդվածի անցումային դրույթներում ասված է՝ «Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը՝ մինչեւ համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի հաղթողի ճանաչվելը»: Եթե խոսքը վերաբերում է «ԱՐ»-ին, «Պրոմեթեւսին», Սինեմաքսին» եւ «ՆՏՎ»-ին, ապա այդ ընկերություններն այսօր օրինական են աշխատում՝ մինչեւ այդ հաճախությունների համար մրցույթում հաղթողի ճանաչումը: Նախ՝ թույլ տանք մեզ չհամաձայնել պրն Վարդանյանի հետ, որովհետեւ Օրենքի հոդված 59-ի անցումային դրույթները չեն կարող ազգային հանձնաժողովին իրավունք տալ այդ հաճախություններով մրցույթ չանել մինչեւ՝ երբ ուզեն: Անցումային դրույթները վերջիններիս կարող էին թույլ տալ պայմանագրային հիմունքներով աշխատել մինչեւ օրենքի համաձայն համապատասխան հանձնաժողովի ձեւավորումն ու դրա կանոնակարգի, մրցույթի անցկացման կարգի սահմանումը, ասել է թե՝ առավելագույնը՝ մինչեւ փետրվար ամիսը, երբ մրցույթ անցկացնելու բոլոր անհրաժեշտ պայմաններն արդեն կային: Իսկ գործնականում հանձնաժողովը իր առաջին մրցույթը սկսեց ոչ թե չլիցենզավորված ընկերությունների զբաղեցրած հաճախությունների մրցույթից, այլ՝ նրանցից, որոնց լիցենզիայի ժամկետը լրացել էր միայն դեկտեմբերին, այդ թվում՝ «Ա1+»-ի՝ 37-րդ հաճախությունը: Կարո՞ղ ենք հետին մտադրություն տեսնել. անշուշտ, եթե, առավել եւս, հաշվի առնենք, թե ովքեր եւ ինչ ուղղվածություն ունեն կամ ում են պատկանում առանց լիցենզիայի մինչ օրս գործող հիշյալ հաճախությունները: Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ դրանք, այնուամենայնիվ, մրցույթի չեն դրվում, Ի.Վարդանյանն ասաց. «Չգիտեմ: Դա այն հարցն է, որ որոշում է հանձնաժողովը՝ կոլեգիալ որոշմամբ»: Իսկ ի՞նչ հիմքով, ո՞ր օրենքով: Ըստ վարչության պետի՝ այսօր չկա մի կարգ, որը հանձնաժողովին պարտադրի այս կամ այն հաճախությունը կոնկրետ ժամանակահատվածում մրցույթի դնել: «Դա ուղղակի հանձնաժողովի, ասենք՝ քաղաքականությունն է, որ նա մշակում է: Հանձնաժողովը շարժվում է գործող օրենքներով»,- հավաստիացրեց Ի.Վարդանյանը: Ասենք, որ հանձնաժողովը պարտավոր է այդպես վարվել, բայց իրականությունն այլ է: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 48-ն իր «բ» ենթակետով շատ հստակ սահմանել է, որ հանձնաժողովն «ամեն տարվա սկզբին սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները եւ ժամկետները՝ ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից»: Այսինքն՝ այդ «առկա վիճակը»՝ ազատ, առանց լիցենզիայի եւ պայմանագրային հիմունքներով «զավթված» հաճախությունների ցանկը, որ ներկայացվել է դեռ 2002-ի հունվարին, ոչ միայն պետք է հրապարակվեր, որն արվել է, այլեւ, ըստ այդմ՝ հանձնաժողովը պարտավոր էր կազմել ժամանակացույց՝ այդ հաճախությունների մրցույթի հայտարարման վերաբերյալ եւ ոչ թե մրցույթի ժամկետները պայմանավորեր իր քեֆով կամ քաղաքական նպատակահարմարությամբ: Մեր՝ օրենքից արված մեջբերումներին պրն Վարդանյանը հակադարձում էր հանձնաժողովի սահմանած՝ լիցենզավորման մրցույթի կարգով, որն, ինչպես հասկանալի է՝ ոչինչ է, երբ խոսքն օրենքին է վերաբերում: Իսկ Ի.Վարդանյանը հիշատակում էր այդ կարգի կետ 3-ը եւ պնդում, թե այդ կետով՝ ազատ հաճախության առկայության դեպքում մրցույթն ընդամենը կարող է հայտարարվել, բայց իմպերատիվ ոչինչ այդ մասով չկա: Սա դեռ դատարաններից ու այնտեղ հանձնաժողովի փաստաբանների բերած փաստարկներից ծանոթ երեւույթ է: Դրան մեր դատական համակարգի կախվածության պայմաններում ոչինչ չես հակադրի, բացի Եվրոպական դատարանից, ուր ավելի լավ են հասկանում օրենքի եւ որոշումների, օրենքի եւ Սահմանադրության, Սահմանադրության եւ միջազգային նորմերի տարբերություններն ու գործածությունը: Իսկ պրն Վարդանյանը՝ մեր այդ դիտարկման առնչությամբ, ընդամենը լռեց, ավելի ուշ հայտարարելով, թե կան, իհարկե, օրենքի անկատարություններ: Թե իրականում ինչ է կատարվում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի խոհանոցում՝ արդեն վաղուց հասկանալի է հայ հանրությանը. օրերս հասկանալի դարձավ նաեւ միջազգային հանրությանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930