Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան գյուղի ջոջերը

Հունիս 21,2002 00:00

Եկան գյուղի ջոջերը «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կազմակերպությունը երեկ դարձյալ քննարկում էր ազգիս խնդիրները, այս անգամ՝ գոյության եւ անվտանգության տեսանկյունից։ «Ազգային գաղափարախոսության խնդիրը մտել է փակուղի. նախորդ իշխանությունը մերժում էր այն, իսկ ներկան էլ ասելիք չունի։ Այդ խնդրին գնահատական տալուց խուսափում են ոչ միայն իշխանավորներն ու քաղաքական կուսակցությունները, այլեւ մտավորականությունը, եկեղեցին եւ հասարակական կազմակերպությունները»,- միանգամից որոշեց «Դարձ» հանդեսի խմբագիր Մուշեղ Լալայանը։ Համբերելով մինչեւ ելույթի ավարտը, Սիմոն Կամսարականն անցավ հակագրոհի՝ կտոր-կտոր «ջախջախելով» զեկույցը, այն որակելով «անհասկանալի, հակասական ու խառնաշփոթ» մտքերով կառուցված։ Հաջորդ հռետորը՝ Արմեն Աղայանը, որը ներկայացնում էր ազգային անվտանգության էությունն ու սկզբունքները, նույնպես «ըստ արժանվույն» ընդունվեց մասնակիցների կողմից։ Ավելին, ընդմիջմանը Վազգեն Մանուկյանն ու նույն Կամսարականը «ջահելին» մանրամասն բացատրում էին, որ իր պատկերացրած դասական ձեւակերպումներն ազգայինի ու պետականի փոխհարաբերակցության մասին բոլորովին էլ չեն տեղայնանում մեր ազգի հետ, որովհետեւ մեզ մոտ պետական ու ազգային կառույցներն իրարից խիստ տարբեր ու հակասության մեջ են։ Մի հարցում, կարծես թե, մեծամասնությունը համակարծիք էր՝ մենք չունենք ազգային գաղափարախոսություն եւ նույնիսկ այն սկզբունքները, որով պետք է առաջնորդվենք այդ մշակելու համար։ Այսինքն, ինչպես պարզվում է, լուրջ ազգային քաղաքականություն ունենալու համար մենք ընդհանրապես ոչինչ չունենք, քանի որ մեր լեզվի ճակատագիրն անգամ փակուղու մեջ է։ Ըստ հաջորդ բանախոս Վալերի Միրզոյանի, «գողական» ժարգոնը բարձրացել է ամենավերին ատյաններ, անգրագետ են նույնիսկ ուսուցիչները, չոր ու աղքատ է դարձել գրական լեզուն, չեն օգտագործվում հայկական ասացվածքներ ոչ գրավորում, ոչ էլ՝ բանավորում։ «Պետական ամենաբարձր ամբիոնից մեկ էլ կլսես «շնավորում եմ» (խոսքը կենդանական բնազդի մասին չէ), «նախարարը կուրսի մեջ է» արտահայտություններ»,- օրինակ բերեց Վ. Միրզոյանը՝ հետեւություն անելով, որ լեզվի աղավաղումը բերում է վարքի ու վարքագծի աղավաղում եւ… ահա քեզ ազգայինի կորուստ։ Այս է պատճառը, որ հայերենը աստիճանաբար վերածվում է միայն կենցաղային հաղորդակցության միջոցի, իսկ կառավարման միջոց այժմ էլ ռուսերենի փոխարեն անգլերենն է դարձել։ Պրն Միրզոյանը խոստովանեց, որ չեն կարողանում կիրառել լեզվի մասին օրենքով նախատեսված պատիժները, եւ որ հիմնական «մեղավորությունը» ազգիս ոչ ճիշտ վերաբերմունքն է Մաշտոցի «չարչարանքի» նկատմամբ։ Նրա կարծիքով, միակ փրկությունն այն է, որ մեր լեզվով զբաղվող համակարգը դուրս գա ԿԳ նախարարությունից եւ դառնա մի առանձին նախարարություն, ինչպես Ֆրանսիայում է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել