Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուն, որ միայն երեխաներինն է

Հունիս 21,2002 00:00

Տուն, որ միայն երեխաներինն է Կենտրոն համայնքի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր նաեւ թիվ 193 մանկապարտեզը եւ ներկայացնում էր ամենաբարդ ծրագիրը՝ Ճապոնիան։ Ի պատիվ տնօրեն Ռոզա Հակոբյանի եւ ողջ մանկավարժական անձնակազմի, մանկապարտեզը գերազանց կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ գրավելով առաջին տեղը։ Միջոցառումը, որ տոն էր ոչ միայն երեխաների, այլ նաեւ ծնողների համար, ստիպեց մեծերին եւս մանկանալ ու մի քանի ժամ կյանքին նայել մանկան անկեղծ ու մաքուր հայացքով։ Հազարավոր հանդիսատեսներից դա, թերեւս, չհաջողվեց միայն թիվ 193 մանկապարտեզի ծնողներից մեկին՝ Գեւորգ Գեւորգյանին, որը, շնորհակալ լինելու փոխարեն, շտապեց թերթի էջերում մրոտել մանկապարտեզի տնօրեն Ռոզա Հակոբյանին։ Այն տնօրենին, որը 38 տարի առաջ ոտք է դրել նորաբաց մանկապարտեզ ու ողջ կյանքն ու եռանդը նվիրաբերելով իր գործին, դարձրել է այն իսկական մանկական հրաշք մոլորակ։ Իսկ ինչ վերաբերում է երեխայի զգեստին, հարկ է նշել, որ մանկապարտեզն ունի հրաշալի զգեստապահարան, ուր 60172֊ական թվականներից պահպանվել են բոլոր սաների հագուստները, որոնցից շատերի վրա նույն ինքը՝ Ռոզա Հակոբյանն է ասեղնագործել։ Պահպանվել են հաջորդ սերունդների համար, եւ հենց նույն Գեւորգյանի երեխան հաճախ է առիթ ունեցել նախորդների զգեստները հագնելու եւ այդ հաճույքը վայելել է ուրիշ ծնողների հավաքած գումարների հաշվին։ Մինչդեռ, դա գիտակցելու փոխարեն, հայտարարում է իր զոհաբերած «մատանու եւ մոր թոշակի» մասին, մոռանալով նշել, որ այդ 7500-ական դրամները հավաքվել են միայն նյութապես ապահով ծնողներից եւ ոչ հարկադրաբար։ Դեռ ոչ մի երեխա այս մանկապարտեզում իրեն «անպաշտպան» չի զգացել, այն էլ՝ զգեստի պատճառով։ Ընդհակառակը, երեխան, թողնելով որեւէ բան, հպարտացել է, որ թեկուզ փոքր է, բայց ինչ-որ կերպ կարողանում է օգտակար լինել իր նման ուրիշ երեխաների։ Թիվ 193 մանկապարտեզի մանկավարժական անձնակազմ «Առավոտի»՝ «Տոն, որ երեխաներինը չէր» հրապարակման այս արձագանքը ավելի շուտ հուզական անդրադարձ է եւ հրապարակման մեջ բերված կոնկրետ փաստը չի հերքվում։ Հիշեցնենք, որ ծնողը բողոքել էր, թե իրեն նախապես տեղյակ չեն պահել, որ հագուստը, ինչի համար ինքը վճարել է, մնալու է մանկապարտեզին։ Իսկ այս առնչությամբ իր տեսակետը հայտնելու հնարավորություն մանկապարտեզի տնօրենին տրվել է։ Սակայն վերջինս կոնկրետ փաստին անդրադառնալու փոխարեն նախընտրել էր բորբոքված պատասխանը՝ վրդովվելով, որ մամուլը արձագանքում է ծնողի ահազանգին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել