Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԹԵՐԹ ՈՒ ՀԵՌԱԽՈՍ

Հունիս 21,2002 00:00

ԱՌԱՆՑ ԹԵՐԹ ՈՒ ՀԵՌԱԽՈՍ Հոգսաշատ առօրյայում շատերի համար նախընտրելի եւ, ինչու չէ, միակ զրուցընկերն ու բարեկամը մամուլն է։ Բայց արի ու տես, որ այսօր մամուլը 21-րդ դարի մարդու համար անհասանելի է։ Ծայրամասային բնակավայրերի բնակիչների հիմնախնդիրներին մամուլն առհասարակ չի անդրադառնում, մինչդեռ մարդիկ բազմաթիվ չլուծված հարցեր ունեն, եւ դեռ այսքանից հետո, ամեն ինչ տեսած ու հուսախաբ մարդիկ իրենց «փրկության» հույսը, չգիտես ինչու, կապում են մամուլի հետ, ասել է թե՝ մամուլի միջոցով իրենց խնդրանքը կհասնի վերեւներին եւ միգուցե իրենց դարդին էլ դարման կգտնվի։ Սիսիանի տարածաշրջանի գյուղական շատ համայնքներում հեռուստա եւ ռադիոհաղորդումները չեն սփռվում, մամուլն էլ ազգաբնակչությանն է հասնում ուշացումով, եթե, իհարկե, հասնում է։ Հեռավոր եւ ծայրամասային գյուղերում թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրությունը հաճելի հուշ է այսօր, քանզի մարդիկ վստահ չեն, որ դրանք նամակների նման ճանապարհին չեն կորչի եւ հասցեատիրոջը կհասնեն։ Անմխիթար վիճակում է նաեւ գյուղերի եւ քաղաքների միջեւ հեռախոսակապը։ Գյուղացիները գյուղի մեջ կամ շրջկենտրոն զանգելու փոխարեն ապավինում են սեփական ոտքերին։ Շատ հաճախ բաժանորդների միջեւ «փչացած հեռախոս» խաղը հիշեցնող հեռախուսազրույցներին, երեւի միտքը ավարտուն եւ հասկանալի դարձնելու համար, մասնակցում է նաեւ թարգմանչի եւ միջնորդի դեր կատարող հեռախոսավարուհին։ Այս խառնափնթոր վիճակի մասին խորհելիս միամիտ գյուղացին չի կողմնորոշվում, թե ո՞վ է մեղավոր՝ «ԱրմենՏե՞լը», հնացած ու մաշված տեխնիկա՞ն, թե՞ ուժգին քամուց ընկած ու բարձրացնողի սպասող հեռագրասյուները։ Մինչդեռ Սիսիանի տարածքային կառավարման վարչության պետ Արա Դուլունցը հավաստում է, որ ՀՀ նախագահի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ ներկայացվել են հեռուստառադիոհաղորդումների անորակ հեռարձակման, մամուլի եւ հեռախոսակապի հարցերը եւ այդ ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ են տրվել։ Իսկ մինչ օրս սայլը տեղից այս ուղղությամբ շարժող դեռ չի եղել։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել