Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկ հաճույք

Հունիս 21,2002 00:00

Թանկ հաճույք Ժողովուրդն ասում է. «Օձի կծածը կլավանա,…», բայց ժողովուրդը, ինչպես հայտնի է, միշտ լավատես է։ Մինչդեռ իրականությունն իր անակնկալներն է սիրում մատուցել։ Պարզվում է, Հայաստանում օձի կծածը միայն երբեմն է լավանում՝ կախված մեր առողջապահության նախարարության տվյալ պահին ունեցած հնարավորությունից։ Եվ մեկ էլ՝ եթե օձի թույնը, այսպես ասած, այնքան էլ թունավոր չէ։ Բանն այն է, որ Հայաստանի մարզային հիվանդանոցներում օձի հակաթույն գրեթե չի լինում։ Գրեթե, քանզի ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի հավաստմամբ՝ «երբեմն լինում է»։ Հիմնական բաժինը մայրաքաղաքային հիվանդանոցներին է տրվում։ Սա, իհարկե, առնվազն տարօրինակ է։ Թե մեր բժիշկներն ինչպես են հաջողեցրել պարզել, որ մայրաքաղաքում օձերն ավելի շատ են, եւ հակաթույնը հենց մայրաքաղաքին է անհրաժեշտ՝ ոչ մի տրամաբանությամբ հնարավոր չէ պարզաբանել։ Մինչդեռ, շրջաններում օձի հակաթույն չլինելու պատճառով մարդիկ մահանում են։ Մեր ունեցած ստույգ տեղեկությամբ, որը պարոն Դարբինյանը եւս չհերքեց, օրեր առաջ սիսիանցի 9-ամյա մի երեխա Սիսիան-Երեւան ճանապարհին մահացել է՝ մինչ ծնողները երեխային կհասցնեին մայրաքաղաքային 3-րդ մանկական հիվանդանոց։ Մեր «Ինչո՞ւ շրջաններում օձի հակաթույն չկա» հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության փոխնախարարը միանգամից «արդարացավ». «Գիտեք, դա թանկ հաճույք է»։ «Թանկ հաճույք», որը հասու է միայն ՀՀ բանակին։ Առողջապահության նախարարությունը ժամանակին այն «փոխ» էր վերցնում բանակից, բնականաբար, որոշակի (ենթադրաբար, ոչ բավարար) քանակով։ Այս պահին առողջապահության նախարարությունը, կարելի է ասել, սպասողական վիճակում է, քանզի ըստ փոխնախարարի. «ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկը մի կանալ ունի, պիտի բերենք»։ Գլխավոր սանիտարական բժշկի «կանալներով» բերվելիք օձի հակաթույնի արժեքը ճշտվում է։ Ի դեպ, ստանալիք դեռեւս անհայտ քանակությամբ օձի հակաթույնից 2-3 մասնաբաժին, ըստ պարոն Դարբինյանի, «բաժին կհանվի» Հայաստանի օձառատ մարզերի հիվանդանոցներին։ Ի դեպ, օձի կծածը պետպատվերի մեջ չի մտնում։ Փոխարենը՝ հետեւանքներն են պետպատվեր։ Այսինքն, Աստված մի արասցե, բայց եթե մարդուն օձը կծի, եւ վճարովի բուժման արդյունքում պարզվի, որ օրգանիզմում բարդություններ են առաջացել՝ գոնե հանգիստ խղճով կարող է շարունակել բուժումը։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել