Լրահոս
Օրվա լրահոսը

Ում ձեռքին է հաղթաթուղթը

Հունիս 21,2002 00:00

Ում ձեռքին է հաղթաթուղթը Լինսի հիմնադրամի միջոցներով «Մշակույթ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է նաեւ Հովհ. Թումանյանի թանգարանը։ Թանգարանի տնօրենին ժամանակավորապես փոխարինող Մարինե Շահնազարյանից տեղեկացանք, որ իսկապես կատարվել է բավականին աշխատանք, նույնիսկ որոշ առաջարկություններ էլ թանգարանի տնօրինությունն է արել. «Դիմել ենք «Մշակույթ» գրասենյակին՝ մեր ցուցավահանակները թարմացնելու խնդրանքով»։ Ըստ նրա, թեեւ ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, օրինակ, միայն վերականգնել դահլիճներից մեկի մանրահատակը, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում պարզվել է, որ 50 տարվա վաղեմություն ունեցող դահլիճի մանրահատակը ոչ թե մասնակի վերանորոգման, այլ ամբողջովին փոխվելու կարիք ունի։ Նա փաստեց, որ 1952-ից հիմնական վերանորոգում չտեսած շենքն այսօր լուրջ ուշադրություն է պահանջում. «Օրինակ, ծրագրով ընդամենը պետք է փոխվեր Օլգա Թումանյանի հուշասենյակի դուռը, ինչը, սակայն, անհնար էր փայտե պատերի քայքայված լինելու պատճառով։ Այսինքն՝ դռան հարցի լուծումը կախված էր միայն պատերի հիմնովին վերանորոգումից։ Ծրագրով նախատեսված չեն եղել ոչ դահլիճի մանրահատակը, ոչ պատուհաններն ու ապակիները։ Դրանք բոլորն էլ փոխվել են, որովհետեւ այլ ելք չկար»։ Ի հակառակ «Մշակույթ» ԾԻԳ-ի գլխավոր մասնագետ Կորյուն Արզումանյանի նշած ժամկետի (օգոստոս), Մ. Շահնազարյանն ասաց, որ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին սեպտեմբերի մեկին, սակայն նախարարության թույլտվությամբ թանգարանի բացման ժամկետը երկարաձգվել է եւս մեկ ամսով. նախ անձրեւային եղանակների պատճառով տանիքի վերանորոգման աշխատանքներն են հետաձգվել եւ երկրորդ՝ ժամանակ է պահանջվում ցուցանմուշները կարգի բերելու համար։ Իրականացվող շինարարության աշխղեկ Վարդան Սոխակյանը եւս հաստատեց շենքի վերանորոգման ընթացքում նոր աշխատանքների «ի հայտ գալը»։ Բացատրեց նաեւ, որ դրանցով պայմանավորված՝ նախատեսվածից կրկնակի մեծացել է իրականացվող աշխատանքների ծավալը, հետեւաբար նաեւ տեւողությունը. «Բնական է, որ ընդամենը փայտ ու շաղախից կազմված առաստաղը 50 տարվա ընթացքում պիտի շարքից դուրս գար։ Փոխել ենք բոլոր դռներն ու պատուհանները, նկուղային հարկում կատարել ջրամեկուսացում»։ Ե՛վ Վ. Սոխակյանը, ե՛ւ Մ. Շահնազարյանը հաստատեցին, որ ի սկզբանե չծրագրված, բայց կատարված աշխատանքների նախահաշիվ է կազմվել եւ ներկայացվել «Մշակույթ» գրասենյակին։ Վերջինս էլ, ըստ նրանց, խոստացել է վճարումների հետ կապված բոլոր հարցերը կարգավորել առաջիկայում։ Իսկ թե վերջինս ինչքանով խոստումնապահ կլինի, պարզ կդառնա հետագայում։ Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատվիրատուն ու կապալառուն (շինարարները) հայտնվում են երկընտրանքի առաջ. այն է՝ կամ «գլխառադ» անել ամեն ինչ ու «տեղավորվել» սահմանափակ գումարների մեջ, կամ կարգին աշխատել ու ուղիներ փնտրել «թաքնված» աշխատանքներից ակնկալվող վճարումները ստանալու համար։ Ի դեպ, բոլոր դեպքերում «հաղթաթուղթը» միայն «Մշակույթ» ԾԻԳ-ի ձեռքին է, որը ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել կապալառուի հետ կնքված պայմանագիրը՝ դիցուք պատճառ բռնելով աշխատանքների նախատեսված ժամկետների չպահպանումը կամ թեկուզ շինարարության մեջ չբացառվող հնարավոր թերությունների հայտնաբերումը։ Իսկ չար լեզուներն ասում են, որ «թաքնված» աշխատանքները հաճախ ի հայտ են գալիս նախագծային սխալներից, վերջիններիս պատճառն էլ նախագծային ինստիտուտին սխալ առաջադրանք տալն է։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել