Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանրապետությունը մնում է ինտելեկտուալ»

Հունիս 21,2002 00:00

«Մեր հանրապետությունը մնում է ինտելեկտուալ» Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանում է ԱՊՀ երկրների շինարարական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագահությունը, որ երեկ Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիսավոր նիստում շնորհավորեց իր գործընկերներին՝ կարեւորելով համատեղ աշխատանքն ու ձեռքբերումները: Հայերիս մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը, որ երկրաշարժի օրերից մեր կողքին է ու մեզ հետ կիսել է մեր բոլոր դժվարությունները, այսօր իրավունք ունի այս տոնը համարել նաեւ իրենը, քանի որ մեծ առնչություն ունի մոտ 15 տարի առաջ Պոլիտեխնիկից առանձնացած Ճարտարապետաշինարարական համալսարանի ստեղծմանը: Նրա կարծիքով՝ հատկապես երկրաշարժից հետո անհրաժեշտություն առաջացավ ունենալու ինքնուրույն ուսումնական հաստատություն՝ առավել մասնագիտացված կադրերով, եւ որ միայն կառուցող ժողովուրդը կարող է բարգավաճել, գոյատեւել ու ապագա կերտել. «Հավանաբար հայկական գեների շնորհիվ է, որ այս ժողովուրդը կարողանում է դաժան իրականության մեջ գլուխգործոցներ կերտել»: Ինչպես նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, այս համալսարանի ճարտարապետություն մասնագիտության վկայականը ճանաչված է աշխարհում եւ մեր ճարտարապետական դպրոցն ի դեմս համալսարանի համապատասխան մասնագիտական ուղղվածության, շարունակում է բարձր պահել հայ շինարարի վաստակն ու միջազգային ճանաչումը: Այսօր համալսարանը տարբեր միջազգային ծրագրերում ունի ակտիվ մասնակցություն: «Այսօր մենք եւս մեկ անգամ կարող ենք փաստել, որ հանրապետությունը շարունակում է մնալ ինտելեկտուալ հանրապետություն: Հանրապետությունում եւ՛ բարձրագույն կրթության, եւ՛ արվեստի ու մշակույթի ուղղությամբ կատարվում են բարձրարժեք աշխատանքներ եւ այդ աշխատանքներն իսկապես պատիվ կարող են բերել ցանկացած ժողովրդի… Սա մեր այն ուսումնական հաստատություններից է, որն իր առջեւ դրել է բավական ամբիցիոզ խնդիրներ, փորձում է ակտիվ քաղաքականություն վարել եւ հաջողությամբ իրականացնում է այդ քաղաքականությունը»: Եվ իբրեւ կառավարության անդամ, պրն Մկրտչյանը անհրաժեշտ է համարում մեր սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական ծրագրերում ավելի ու ավելի հենվել այն մտքի վրա, որը ձեւավորված է մեր համալսարաններում, որոնք ունեն տարիների պատմություն եւ որտեղ հանգիստ եւ խաղաղ կերպով տեղի է ունենում սերնդափոխություն: Համալսարանի պատվավոր շրջանավարտի կոչում շնորհվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանին եւ ոսկե մեդալ՝ Ն. Ռիժկովին՝ աղետի գոտու վերականգնման գործում մեծ ներդրում ունենալու համար: Համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանին մեդալ շնորհեց Մոսկվայի նույնանուն համալսարանի ռեկտորը, այնուհետեւ՝ նվերներով ու շնորհավորանքներով հանդես եկան ԱՊՀ մյուս երկրների Ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորները: Ղազախստանի համալսարանի ռեկտորը պրն Բեգլարյանին հանձնելով իրենց ազգային տարազը՝ նրան մաղթեց 3 անգամ ամուսնանալու հնարավորություն, ինչը առանձնապես դուր չեկավ Ուզբեկստանի բուհի ռեկտորին, որն առիթ էր ունեցել շփվել պարոն Բեգլարյանի կնոջ հետ ու համոզվել, որ նա հրաշալի կին է: Չմոռանանք նաեւ մեր քաղաքաշինության նախարարության մտահղացման մասին. համալսարանին նախարարությունը իբրեւ նվեր պետք է համակարգչային սենյակով ապահովի եւ երեկ առաջին համակարգիչը հենց տեղում հանձնվեց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել