Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՍՏԾՈ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հունիս 21,2002 00:00

ԱՍՏԾՈ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ Պետությունը, համարելով, որ իր վերահսկողությունը Հայաստանի հանրային հեռուստատեսության նկատմամբ բավարար չէ, որոշել է այդ բացը լրացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության լրացուցիչ բաժնեմասերի ձեռքբերմամբ։ Եթե պետություն ասվածը չի նույնանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուրեմն նրա ջանքերն իզուր են. վերոնշյալ միջոցառմամբ ՀՀՀ-ի նկատմամբ վերահսկողության անձամբ Ռ. Քոչարյանի բաժինն է ավելանալու։ Ինչը բնավ ավելորդ չի լինի սպասվող աշնանային «ականջքաշոցի» եւ չի բացառվում՝ «պորտները տեղը դնելու» հեռանկարի ֆոնին։ Կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել ՀՀՀ-ին լրացուցիչ տեղաբաշխվող բաժնեմասեր ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին։ Այդ լրացուցիչ բաժնետոմսերը գնում է պետությունը, այդ գումարներով Հանրայինը ձեռք է բերում նոր սարքավորումներ եւ այլն։ Հանրային հեռուստատեսության վերահսկողության ուժեղացմանը զուգընթաց, կավելանա վերջինիս «ազդեցության» ոլորտը։ Կառավարությունը նախընտրական շրջանում այս մասին էլ է հոգ տանում՝ ՀՀՀ-ի ծրագրերի սփռումն աստիճանաբար՝ մինչեւ 2003թ. վերջը ամբողջ հանրապետության տարածքով ապահովելու մասին որոշում կայացնելով։ 24 բնակավայրերում դա անելու համար 109 մլն դրամն արդեն հատկացվել է։ Առաջիկայում դրանց կմիանա եւս 33 բնակավայր, հաղորդակները կհզորացվեն, արբանյակային 50 ափսե կտեղադրվի եւ այլն։ Որոշ հատվածներ արդեն իսկ Հանրայինին դիտում են։ Ինչպես կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ինքնաբուխ ասաց. «Տիգրան Նաղդալյանը, այսպես կոչված, կարողացել է դա անել իր միջոցներով»։ Հանրային ռադիոյի ունկնդիրներին էլ է նույն հեռանկարը «սպառնում»՝ FM տիրույթով։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ Հայաստանը կմիանա միջազգային տրանսպորտային միջանցքների մասին հուշագրին, ինչով մեր երկիրը կպարտավորվի ճանապարհային հարկերի եւ մաքսավճարների արտոնություններ տալ երկրի տարածքով տեղափոխություններ կատարող հուշագրի մյուս անդամ երկրներին։ Իհարկե, փոխադարձաբար էլ նույնը կստանա։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ հերթական անգամ հայտարարեց, որ ընտանեկան նպաստների գծով իրենք պարտք չունեն։ Որոշ թյուրիմացությունների պատճառով առաջացած 67 միլիոնն էլ կառավարությունը որոշել է փակել։ Առողջապահության գծով դեռեւս կա 1997թ.-ից մնացած 7 միլիարդը, որը աստիճանաբար մարելը լրացուցիչ մուտքերի անհրաժեշտություն է առաջ բերում։ ՍԱԿ-4-ի լողացող 20 միլիոնի հիմնական մասը կուղղվի 2 խնդրի լուծման, այդ թվում՝ առողջապահության համակարգի վերոնշյալ պարտքի մարմանը։ Նախարարը հույս հայտնեց, որ 2003թ. երկիրը կարող է մտնել զրոյական պարտքով, եթե «Աստված բարեհաճ լինի»։ «Ո՞վ է մեր Աստվածը» հարցադրմամբ պարզեցինք, որ պրն Խաչատրյանն ընդունում է մեկ ու միակ Աստծուն, որն, ինչպես հայտնի է, երկնքում է։ Եվ եթե նա բարեհաճ լինի, ԲԷՑ-երը կտրվեն կառավարման, ՀԲ-ն էլ կտա իր ՍԱԿ-ը։ Թե չէ, ՀԲ-ն էլ Աստված չէ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել