Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահապատժի հարցը մնաց առկա՞խ

Հունիս 21,2002 00:00

Մահապատժի հարցը մնաց առկա՞խ Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության «Քրեական օրենսգիրքը»։ Օրենսգրքին դեմ են քվեարկել խորհրդարանի երկրապահական թեւը, ՀԺԿ-ն, կոմունիստ պատգամավորներ Գագիկ Թադեւոսյանը եւ Նորիկ Պետրոսյանը։ Բուն օրենսգրքի ստեղծման համար բավականին երկարատեւ եւ լուրջ աշխատանք է տարվել, սակայն պատգամավորները դեմ էին քվեարկել ոչ թե օրենսգրքին ամբողջությամբ, այլ՝ նրանում մահապատժի պահպանմանը։ Ելույթ ունեցող տաս պատգամավորներից յուրաքանչյուրն անդրադառնում էր ոչ թե «Քրեական օրենսգրքի» քննարկմանը, այլ՝ մահապատժի վերացման-չվերացման հարցերին։ Օրենսգրքի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ իր արած մի քանի առաջարկներն ընդունվել են, որոնցից ամենակարեւորները հետեւյալն են. «Մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության (սա վերաբերում է «27»-ը կատարողներին.- Մ. Ե.), տեռորիստական ակտ (սա եւս.- Մ. Ե.), մանկահասակ աղջկա բռնաբարություն»։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ, այս կետի առկայությունն օրենսգրքում նշանակում է, որ մահապատիժը տարածվում է «Հոկտեմբերի 27»-ը կատարողների վրա։ Ի դեպ, ինչպես «27»-ի դատավարության ընթացքում դատարանի դահլիճում, այնպես էլ երեկ՝ խորհրդարանի դահլիճում, պրն Դալլաքյանը պնդում էր, որ «27»-ը կատարողները միանշանակ պետք է ենթարկվեն մահապատժի։ Առաջարկ է արվել նաեւ հետեւյալի մասին՝ պատերազմի կամ պատերազմական իրավիճակի դեպքում մահապատիժը պետք է կիրառվի։ Ամրագրվել է նաեւ, որ ցմահ ազատազրկման դեպքում որեւէ վերապահում՝ ցմահ ազատազրկումից հետո ազատ արձակելու վերաբերյալ չպետք է կատարվի, բացի դա՝ ներում եւ համաներում չի նախատեսվում ցմահ ազատազրկման դեպքի եւ վերը նշված վերապահման համար։ «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ պիտի դրվի առանձին օրենքով, որը, ըստ ամենայնի, կքննարկվի աշնանը, սակայն առաջին ընթերցումից հետո արված առաջարկներով օրենսգրքի տեքստը թերեւս կուղարկվի Եվրախորհրդի փորձագետներին։ Սակայն պատգամավորներին հարկավոր է մաքսիմում ուշադիր լինել, քանի որ, եթե ընդունված բոլոր վերապահումներով հանդերձ ազգային երեսփոխանները կորցնեն զգոնությունը եւ վավերացնեն 6-րդ արձանագրությունը, կնշանակի՝ մահապատիժը «27»-ը կատարողների վրա չի տարածվի։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ «Քրեական օրենսգրքի» այս ձեւով ընդունումը «տակտիկական քայլ ունի. երեք ընթերցման ընթացքում նախ ժամանակ ենք շահում, երկրորդ՝ Եվրախորհրդին ասում ենք՝ տեսեք, որ սկզբունքորեն այդ հարցը լուծել ենք, այսինքն՝ պարտավորությունը կատարել ենք, եւ սա կարող է հիմք հանդիսանալ, որ մենք հայտնենք, թե 6-րդ արձանագրության հարցը հետաձգում ենք, քանի որ ունենք «Հոկտեմբերի 27»։ Թեպետ Վիկտոր Դալլաքյանը սա տակտիկական քայլ է համարում, սակայն մենք կարծում ենք, որ այս խորհրդարանից դժվար է հեռուն գնացող տակտիկական քայլեր ակնկալել, «պապայի» ճնշման տակ այս խորհրդարանը հարազատ մորն էլ կծախի։ Իսկ որ ճնշում կլինի՝ դա հաստատ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել