Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ՞Ն ԼՈՒԾՆ Է

Հունիս 21,2002 00:00

ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ՞Ն ԼՈՒԾՆ Է Մենք ժամանակին անդրադարձել ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի՝ նախագահ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանին առնչվող երկու միջնորդություններին: Հիշեցնենք, որ դրանցից մեկը վերաբերում էր այն տեսաերիզին, որն ապացուցում է «27»-ից հետո ՀՀ ՊՆ-ում Ալ.Հարությունյանի ոչ սթափ վիճակում հայտնվելու եւ Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին «27»-ի կազմակերպման մեջ մեղադրելու փաստը: Փաստաբան Յունոշեւն արդեն երկրորդ անգամ է պահանջում գտնել այդ տեսագրությունը, կցել գործին եւ պարզել ոչ միայն Ալ.Հարությունյանի հայտարարության ճշմարտացիությունը, այլեւ՝ ճշտել, թե ովքեր են վկա եղել այդ հայտարարությանը: Ի դեպ, փաստաբանի հիշյալ միջնորդությունը ե՛ւ նախագահի խորհրդականին, ե՛ւ նրա փաստաբան Ռուբեն Սահակյանին, նաեւ՝ իշխանամետ քարոզչամիջոցներին, հունից հանել է: Վերջիններս տարակուսանք են հայտնում, թե փաստաբանն ու տուժողի իրավահաջորդն ինչո՞ւ են 2,5 տարի հետո միայն հիշել այդ տեսագրության գոյությունը: Փաստաբան Ռ.Սահակյանն անգամ փորձեց տակառ գլորել այն մարդկանց վրա, ովքեր ականատեսն են եղել այդ հայտարարությանը կամ տեսագրությանը, կամ իմացել են դրանց մասին, վերջիններիս մեղադրելով մինչ օրս լռելու եւ տեսագրությունը թաքցնելու մեջ: Իրականում, հիշեցնենք, որ գոյություն ունեցող այդ տեսագրության, Ալ.Հարությունյանի արած հայտարարության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դեռ 99-ի ողբերգական դեպքերից հետո: Պետք է պարզապես ավելի ուշադիր թերթել անցած տարիների մամուլը: Ինչ վերաբերում է Օ.Յունոշեւի երկրորդ միջնորդությանը՝ վերանայել Ալ.Հարությունյանի մասով քրգործի կարճման որոշումը, ապա կարճման որոշման օրինականությունը եւս առաջին անգամը չէ, որ վիճարկվում է: Ի հեճուկս Զինդատախազության Քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանի կարճման որոշումը վերնայելու համար քրգործի նյութերում հիմքերի բացակայության մասին պնդումների, դրանք, ըստ Օ.Յունոշեւի, այնուամենայնիվ, կան: Ի դեպ, ժամանակին՝ 2000-ի ապրիլի 21-ին, այդ առնչությամբ «Առավոտում» իր կարծիքն է հայտնել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը մի քանի կետով եւ փաստարկված հիմնավորել էր Ալ.Հարությունյանին կալանքի տակ պահելու եւ քրգործը նրա մասով ոչ թե կարճելու, այլ խափանման միջոցը երկարաձգելու անհրաժեշտությունը: Բայց ներքաղաքական դաշտում առավել եւս իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված վայրիվերումներին ու կոնյունկտուրային հարմարվողականությունը մեզանում այնքան սովորական երեւույթ են դարձել, որ չենք էլ զարմանում: Իսկ Օ.Յունոշեւը Ալ.Հարությունյանի մասով քրգործի վերսկսման անհրաժեշտությունը հիմնավորող այլ փաստարկների շարքում, որոնց մասին նա խոստանում է դեռ խոսել, հիշատակեց բոլոր այն ցուցմունքները, որոնք ձեռք էր բերել նախաքննական մարմինը՝ մինչեւ 2000-ի մայիսի քաղաքական իրավիճակի փոփոխությունը: Հաշվի առնելով շահագրգիռ կողմի բոլոր այն հակափաստարկները, թե Ալ. Հարությունյանն արդարացվել է, նրա դեմ բոլոր ցուցմունքները կորզվել են ամբաստանյալների նկատմամբ կիրառված ճնշումների միջոցով, պրն Յունոշեւը նկատեց, թե այդ փաստարկը մինչ օրս չի հաստատվել. համենայնդեպս՝ ժամանակին կատարված ծառայական քննությամբ այդ բողոքները չեն հիմնավորվել, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այն գործերը, որոնք հարուցվել են Զինդատախազության մի քանի քննիչների նկատմամբ, ոչ թե այսօրվա ամբաստանյալներին, այլ նախկին մեղադրյալներին՝ Հ.Հարությունյանին, Մ.Մովսիսյանին, Ն.Բադալյանին, ֆիզիկական ճնշումների ենթարկելու փաստի առնչությամբ են: Իսկ Ալ.Հարությունյանի դեմ ցուցմունքներ տվողներն ամենեւին էլ այդ մարդիկ չեն եղել, եւ նրանց ցուցմունքներով չէ, որ նախագահի խորհրդականը կալանավորվել էր: Ինչեւէ: Մինչ հիշյալ երկու միջնորդությունները դատարանի դահլիճում լուրջ բանավեճի առիթ են դառնում, դրանք զուգահեռաբար անսպասելի զարգացումներ են ունենում արդեն դատարանից դուրս: Այսպես. Ալ.Հարությունյանը ջղաձգորեն արձագանքեց փաստաբան Յունոշեւի՝ իրեն վերաբերող հիշյալ միջնորդություններին: ԶԼՄ-ներում նախ լուրեր տարածվեցին, թե Ալ.Հարությունյանը պատրաստվում է ասուլիս հրավիրել իրեն ուղղված մեղադրանքների առնչությամբ: Լուրերը ճշտվեցին եւ հերքվեցին, բայց էությունը մնաց նույնը. նախագահի խորհրդականը որոշել էր, այնուամենայնիվ, պատասխանել դրան, բայց ոչ թե հատուկ հրավիրված ասուլիսով, այլ այնպես, իբր, իմիջիայլոց: Հստակ էր, որ նա այս կամ այն կերպ, բայց պարտադիր ինչ-որ բան ասելու է: Վերջինս կարճ խոսեց եւ հանրության ուշադրությունը հրավիրեց ռուս փաստաբանի հայաստանյան գործունեության վրա՝ հուշելով, թե դա ավելի քան հետաքրքիր եւ ուշագրավ կարող է լինել: Դեռ այն ժամանակ հասկանալի էր, որ թերթերից մեկի՝ Օ.Յունոշեւի լրտես լինելու վերաբերյալ հրապարակումը, փոխառելու եւ զարգացնելու էր ոչ միայն նախագահի խորհրդականը: Ահավասիկ, օրերս այդ միտքը, թեեւ՝ զգուշավորությամբ, բայց դարձյալ շրջանառության մեջ դրեց իշխանամետ քարոզչամիջոցներից մեկը՝ այն հարցադրմամբ, թե իրականում ո՞ւմ շահերն է պաշտպանում Օ.Յունոշեւը: Չենք կարծում, թե խոսքը Ա.Սարգսյանի մասին է, որովհետեւ դա առանց հարցադրման էլ հայտնի է: Ոմանք ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվող այդօրինակ հարցադրումները նպատակաուղղված են համարում: Քաղաքագետներից մեկը, որն առաջիկայում դրան կանդրադառնա, առայժմ՝ իր անունը չհրապարակելու պայմանով, կարծիք հայտնեց, թե դա արվում է, որպեսզի ռուս փաստաբանի որեւէ լուրջ եւ իշխանությունների համար անհաճո միջնորդությանն արձագանքելու համար հարմար լինի վկայակոչել նրա լրտես լինելու հանգամանքը՝ կասկածի տակ առնելու համար վերջինիս որեւէ միջնորդության ուղղվածությունն ու դրա բավարարման նպատակահարմարությունը: Դա, անշուշտ, միայն բարոյական ճնշման ձեւ է: Ինչ վերաբերում է ռուս փաստաբանի դեմ ավելի շոշափելի ճնշումներին. Ալ.Հարությունյանի հիշյալ հայտարարությունից անցել է ավելի քան մեկ շաբաթ, եւ մեր այն հույսերը, թե դրան ինչ-որ կերպ կանդրադառնան ՀՀ համապատասխան եւ շահագրգիռ մարմիններն՝ ի դեմս ԱԱՆ-ի, եւ կհստակեցնեն հայտարարության ճշգրտությունը՝ չարդարացան: Մինչդեռ այն բավական հավակնոտ էր, առավել եւս, երբ հնչել էր ոչ թե «անպատասխանատու» քաղաքացիների կամ քաղաքական գործիչների շուրթերից, այլ, ոչ ավել, ոչ պակաս՝ երկրի նախագահի խորհրդականի: Ի դեպ, եթե ավելի մանրախնդիր լինենք, կարող ենք նաեւ ենթադրել, որ դա նաեւ ՀՀ նախագահական նստավայրից հնչող կարծիք է, բայց… Իսկ ԱԱՆ-ն լռեց: Հնարավոր մի քանի տարբերակներն, ըստ մեր զրուցակցի՝ այս են. կամ այդ գերատեսչությունը դրան չի արձագանքում, որովհետեւ լրահոսն ինքն է բաց թողել՝ հատուկ, թե անզգույշ կերպով՝ այլ հարց է, բայցեւ՝ ծառայական գաղտնիքի հրապարակում է, կամ դա Ալ.Հարությունյանի՝ կոնկրետ նպատակ հետապնդող «մուտիլովկան» է, որին ԱԱՆ-ն չի արձագանքում՝ վերջինիս անհարմար վիճակի մեջ չդնելու համար, կամ ԱԱՆ-ն այնքան վատ է աշխատում, որ լրտեսը քթի տակ՝ ինքն այդ մասին տեղյակ չի եւ հիմա նոր լսել է ու չի կողմնորոշվում՝ ինչ ասել: Ամեն դեպքում, Ալ.Հարությունյանն էլ ավելի խճճեց իր շուրջ եղած զարգացումները: Չէ՞ որ նրան հիմա էլ կարող են մեղադրել մեր պետությունում ինչ-որ լրտեսի գոյության ու գործունեության մասին իմանալ-չհայտնելու, կամ պարզապես իր ընդդիմախոսին՝ ռուս փաստաբանին, զրպարտելու մեջ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել