Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԸՆԿԵԼ»

Հունիս 21,2002 00:00

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԸՆԿԵԼ» Հայտարարեց Արտաշես Գեղամյանը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ հայտարարեց, որ ինքն ինքնասիրահարվածությամբ չի տառապում, այլ փորձում է ուղղակիորեն սթափ գնահատել իր կուսակցության հնարավորությունն ու իրական կշիռը, իսկ որն ամենակարեւորն է Արտաշես Գեղամյանի համար, սեփական անձը, երբ համեմատում է ներկա նախագահի հետ, ապա «այստեղ կեղծ համեստությունը գտնում եմ՝ անտեղի է, բնականաբար, չկա այնպիսի չափանիշ, միգուցե նենգությունից բացի, որտեղ ես առաջնությունը կտայի Ռոբերտ Քոչարյանին»։ Ընդդիմությունն այսօր ուժե՞ղ է, թե՞ թույլ։ Ըստ որոշ կարծիքների, իշխանությունն այսօր բացարձակ ուժեղ է, շատերն էլ հակառակ կարծիքին են։ Արտաշես Գեղամյանը, օրինակ, այն կարծիքին է, որ «Ընդդիմության ուժը քաղաքականացվում է, եթե նա միասնական է հանդես գալիս։ «ԱՄ»-ն ամեն ինչ անելու է, որ մենք միաբանվենք։ Իսկ թե ի՞նչ արդյունքի կհասնենք, որքանո՞վ կկարողանանք համոզել մեր գործընկերներին այս կամ այն թեկնածուի միասնական լինելու մեջ, դա ժամանակը ցույց կտա»։ Արտաշես Գեղամյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի լինելու, եւ Քոչարյանը չի անցնելու երկրորդ փուլ։ Պրն Գեղամյանն ասաց, որ նախագահական աշխատակազմում չափազանց լավ գիտեն, գիտակցում են, որ «2-3 տոկոսն իրենց իրական ձայների թիվն է, 5-10 տոկոս՝ վարչական ռեսուրսները, խաբեությունը… 12 տոկոսով նա երբեք երկրորդ փուլ չի անցնում»։ Իսկ եթե ընդդիմությունը համաձայնության գա մեկ թեկնածուի օգտին, եւ այդ թեկնածուն չլինի Արտաշես Գեղամյանը, որո՞նք են լինելու «ԱՄ» նախագահի քայլերը։ Պրն Գեղամյանն ասաց, որ հավանական թեկնածուին 13 կամ 20 կուսակցությունները չեն որոշում. «Դա որոշում է ընտրողը, եւ ընտրողի կամքն ի սկզբանե ենթարկել ուզուրպացիայի, ես սխալ եմ համարում։ Բոլորս, ընդդիմադիր կուսակցությունների մասին է խոսքը, պետք է համախմբվենք նախ եւ առաջ արդար, ազնիվ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով։ Եթե մենք հասնում ենք դրան, ապա մնացած բոլոր հարցերը դառնում են ածանցյալ այդ հարցից։ 13 կուսակցություններից բոլորին էլ շատ բարձր եմ դասում, շատ հարգանքով եմ մոտենում իրենց առաջնորդներին, բայց, պատկերացնո՞ւմ եք, միասնական թեկնածուով հանդես են գալիս, եւ հանկարծ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փայլատակում է տեղի ունենում մեր երկու-երեք կուսակցությունների առաջնորդների ուղեղներում, եւ իրենք ասում են, որ պաշտպանելու են Ռոբերտ Քոչարյանին։ Եվ այդ ժամանակ համայն հայ ժողովուրդն ասում է՝ սրանք իրար միս են ուտում դեռ իշխանության չեկած, եթե իշխանության գան՝ ի՜նչ գզվռտոց է սկսվելու»։ Ա. Գեղամյանն առայժմ չասաց, թե ովքեր կարող են լինել այդ «ականները» (հիշենք, որ Բաբկեն Արարքցյանը նույնատիպ մեղադրանք կամ որակում տվեց հենց Արտաշես Գեղամյանին՝ վերջինիս կոչելով ընդդիմության մեջ իշխանության կողմից դրված ական), բայց ասաց, որ ինքը սխալվելու իրավունք չունի։ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարի պնդմամբ՝ միավորումը չպետք է լինի անձի շուրջ, այլ՝ սկզբունքների եւ ծրագրերի։ Հասկանալի է, որ այդ ծրագիրն ու սկզբունքները Արտաշես Գեղամյանի համար իր կուսակցության ծրագրերն ու սկզբունքներն են։ Թե ընդդիմությունից ով կպոկվի 13-ից ու կգնա Գեղամյանի ետեւից, ցույց կտա ժամանակը։ Երեկվա հանդիպումից պարզ էր մի բան՝ ինքը՝ Գեղամյանը, որեւէ մեկի ետեւից չի գնա, կսպասի, եւ եթե նույնիսկ իր ետեւից որեւէ ուժ չգնա, ինքը պատրաստ է նախագահական ընտրությունների գնալ մենակ եւ վստահ է, որ կհաղթի։ Իսկ Հայաստանում «ստեղծված է հեղափոխական վիճակ՝ իշխանությունների ապաշնորհ ղեկավարման շնորհիվ»։ Եվ այդ պատճառով է, որ ներդրումներ չեն կատարվում։ Ըստ Ա. Գեղամյանի, յուրաքանչյուր ամերիկահայ գործարար, եթե կարդա ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի հայաստանյան մասը, ապա, «նրան փետով ծեծես՝ նա այստեղ ներդրում չի անի, որովհետեւ նա վստահում է իր կառավարությանը, որն ուղղակիորեն մատնանշել է, որ Հայաստանը ամենակոռումպացված երկիրն է, որտեղ տնտեսության 40-60 տոկոսը ստվերում է գտնվում»։ Եթե Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, իշխանությունների կարծիքով՝ մեղավորը ոչ թե իրենք են, այլ՝ ընդդիմությունն ու ընդդիմադիր մամուլը։ Արտաշես Գեղամյանի գնահատականը բոլորովին այլ է։ Ըստ «ԱՄ» նախագահի՝ իշխանությունների կողմից «դա հերթական պատրանքն է. սեփական ձախողումները գցել ընդդիմության վրա։ Ինչպե՞ս կարող է գործարար մարդը Հայաստանում ներդրումներ անել, երբ օրը ցերեկով մարդ է սպանվում, եւ մարդասպանը չի դատվում։ Ինչպե՞ս կարող է գործարարը ներդրումներ անել մի այնպիսի երկրում, որտեղ հասարակարգի ճնշող մեծամասնությունը կարծիք եւ կասկածանք ունի, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանն անմասն չեն եղել իշխանական թեւում հայտնված որոշակի մարդիկ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել