Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՄԱՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՏՂԱՆԵՐ ԵՆ

Հունիս 20,2002 00:00

ՄԵԾ ՄԱՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՏՂԱՆԵՐ ԵՆ Եվ այսպես, իրականացավ «Առավոտի» կանխատեսումը եւ ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսված 224 տեղից 192-ը տղաներ են զբաղեցրել։ Սրանք դեռ նախնական թվերն են, որ պետք է հաստատի ԿԳ նախարարը եւ ներկայացվի ՊՆ-ին։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մտահոգությունը, որ ասպիրանտուրայի ընդունելության համակարգը այլ իմաստ ու նշանակություն է ստացել, քանի որ շատերը այն դիտում են որպես զինակոչից խուսափելու հնարավորություն, մեկ անգամ եւս ապացուցեց իր արդարացիությունը։ Սակայն ԿԳՆ-ն որեւէ լծակ չունի պարտադրելու բուհերին կամ գիտական ինստիտուտներին, թե նաեւ աղջիկներ ընդունեք։ Երեկ մեզ հետ զրույցում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւս սա հաստատեց. «Սարսափելի բան է կատարվում, մեզ համար անընդունելի բան է, մասնագիտական առումով՝ անհասկանալի։ Գործընթացի առումով կանոնակարգման դժվարություն կա. մենք չենք կարող խտրականություն դնել, թե արական սեռին մի ընդունեք, իգական սեռին ընդունեք։ Գիտությամբ զբաղվելու կոնցեպցիան խառնվել է բանակից փախչելու կոնցեպցիայի հետ։ Ես համոզված եմ, որ այդ 192-ի մեջ մարդիկ կան, որոնք բանակ չգնալու հարց են լուծում, որի համար ես ափսոսում եմ որպես փոխնախարար եւ գիտնական։ Հարցը լուրջ քաղաքական որոշման եւ օրենսդրական լուծման կարիք ունի»։ ԿԳ փոխնախարարը, պատասխանելով հարցին, թե եղե՞լ է ահազանգ, որ խոչընդոտներ են ստեղծում մյուսների համար, որպեսզի իրենց թեկնածուն անցնի, նկատեց. «Գրավոր որեւէ ահազանգ, որ այս կամ այն աղջկան խորհուրդ չեն տվել կամ թույլ չեն տվել դիմել ասպիրանտուրա, մենք չենք ստացել։ Խոսակցության մակարդակով այդպիսի զրույցներ եղել են»։ ԿԳ փոխնախարարը նկատեց եւ դա նաեւ խմբագրություն դիմող ծնողներն էին շեշտում, որ իրենց զավակները խուսափում են բողոքել, քանի որ ընդունվածները իրենց համակուրսեցի ընկերներն են եւ չեն ուզում նրանց վնասել։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել