Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոզ ու պոչ են կպցնում»

Հունիս 20,2002 00:00

«Պոզ ու պոչ են կպցնում» Հանրահայտ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն այսօր աշխատում է իբրեւ մարզիչ՝ «Աշխատանքային ռեզերվներում»։ Նրան անչափ մտահոգում է ոչ միայն հայաստանյան սպորտի անորոշ ապագան, այլեւ մեր երկրում կատարվող որոշ գործընթացներ։ – Ինչո՞վ եք հիմա զբաղվում։ – Աշխատում եմ «Աշխատանքային ռեզերվներում» որպես մարզիչ։ Սեպտեմբերին ունենք նոր ընդունելություն՝ 10-12 տարեկան երեխաների համար։ Ի դեպ, մեզ մոտ մարզվում են անվճար։ – Ինչո՞վ է տարբերվում այսօրվա հայաստանյան բռնցքամարտի վիճակը խորհրդային տարիներից։ – Այն ժամանակ սպորտը գտնվում էր պետական հովանու ներքո, եւ բոլոր միջոցառումները կազմակերպվում էին պետության միջոցներով։ Հայաստանի մարզիկները հնարավորություն ունեին մասնակցել հավաքների, հանդիպել եւ մրցել խորհրդային հանրապետությունների մարզիկների հետ, մասնակցելով Եվրոպայի եւ աշխարհի մրցումներին՝ արժանանալ չեմպիոնների կոչման։ Իսկ այսօր այդ հնարավորությունները չկան, չկարողացանք Հայաստանի չեմպիոնին ուղարկել աշխարհի առաջնությանը. փող չկա, գումար է անհրաժեշտ այս տարվա պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար… Մարզիչները պարտադրված են ինքնուրույն փնտրել հովանավորներ, իսկ վերջիններս, չգիտակցելով, որ նպաստում են ազգի ճանաչմանը եւ երկրի պատվի բարձրացմանը, համաձայնելու դեպքում անձնական «լավության» տեսքով են դա ներկայացնում։ Այսօրվա հայկական բռնցքամարտի վիճակը ողբալի է… Այդ հարցերով պետք է պետությունը զբաղվի։ Չէ՞ որ երկրի դրոշը բարձրացվում է միայն երկրի ղեկավարի եւ հաղթանակ նվաճած մարզիկի պատվին։ – Հնարավո՞ր է վերականգնել նախկին, լավ ավանդույթները։ 172 Իհարկե։ Առաջին հերթին պետք է ազգի ոգին բարձրացնել։ Մարզիկը պետք է պարծենա իր երկրով եւ պատասխանատվություն զգա երկրի առջեւ։ Այն տարիներին մտածում էի, որ ավելի լավ է մեռնեմ ռինգում, քան պարտություն կրեմ։ Գիտեի, որ երկրիս պատիվն եմ պահում։ Իսկ հիմա՞։ Երկրից դուրս եկողը ավելի շատ «շոփինգի» մասին է մտածում, քան երկրի պատվի։ Կրկնում եմ, ազգի ոգին պետք է բարձրացվի։ Իսկ դրան ընդամենը մեկ պայման է անհրաժեշտ՝ ունենալ հայրենիքի, ժողովրդի, պետության ցավերով ապրող ղեկավարություն։ Մնացածը ածանցյալ է։ Իսկ արդի իշխանությունը այդպիսին չէ։ Այսպիսի իշխանություններ ունենալով մենք ոչ միայն սպորտը, այլեւ երկիրն էլ կկորցնենք։ Քիչ է, որ իշխանությունները նման խնդիրներ չունեն, դեռ մի բան էլ հետապնդման մոլուցքով են տառապում։ Բավական է ազգի ու երկրի համար ցավող մի մարդ հայտնվի՝ ինչ պոզ ու պոչ ասես կպցնում են։ Շատ եմ վրդովվում նման բաներից։ – Ի՞նչ նկատի ունեք։ – Օրինակ, վերջերս թերթերից մեկում Ռիչարդ եւ Րաֆֆի Հովհաննիսյանների մասին հրապարակված հոդվածը։ ճիշտ է ասացվածքը, որ լրագրությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է, բայց լկտիությունն էլ պետք Է սահման ունենա։ Այդ ի՞նչ սուտի «մտավորականների» նամակ է։ Ռիչարդ Հովհաննիսյանին ամբողջ աշխարհն է ճանաչում, իսկ այդ «մտավորականների» մասին լսած էլ չկանք։ Ո՞րն է դրանց նպատակը։ – Ստալինյան տարիներին «հարգի» էին նման «մարդկանց» բաց նամակները, որոնց հրապարակումը կոմունիստական մամուլում նպատակ ուներ վարկաբեկել այս կան այն մտավորականին։ Եվ որքան մեծ էր լինում այդ մտավորականի համբավը, այնքան ավելի սանձարձակ էր նրա դեմ ծավալված բողոքի ալիքը։ – Ճիշտ եք, այդպես էր։ Սախարովին եւ Սոլժենիցինին արտաքսելու համար այդ բաց նամակների հետքերով կազմակերպվում էին նաեւ աշխատավորական կոլեկտիվների ժողովներ։ Իմ նշած պարագայում հիմնական թիրախը ոչ թե ԱՄՆ-ում ապրող Ռիչարդ Հովհաննիսյանն է, այլ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ի դեպ, հոդվածագիրը դա չի էլ թաքցնում՝ թռուցիկ անդրադառնալով ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի նկատմամբ իր եւ Սփյուռքի «մտավորականության» դժգոհությանը։ Նա իր ամբողջ վրդովմունքն ուղղում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ, կասկածի տակ է առնում նրա գումարների ծագումը եւ նախազգուշացնում, թե «ինքն է ընտրել իր քաղաքական թիմակիցներին եւ հակառակորդներին». ասել է թե՝ հետո չնեղանա՜ս։ Այդ ո՞ւմ «կապիտալներն» է հաշվում իշխանամետ մամուլը։ Այդ ինչո՞ւ նրան ոչ մի անգամ չի անհանգստացրել մեր իշխանավորների կապիտալների աղբյուրը։ Այն, որ երկրի բյուջեին համազոր գումարներ են ծախսում՝ իրենց համար դղյակներ, հյուրանոցներ կառուցելու եւ ջիպերով իրենց քեֆին ֆռֆռալու համար՝ այդ մասին ձայն չեն հանում։ Փոխարենը հսկայական գումարներ են արտահանվում երկրից, նույնպես հետաքրքիր չէ, վերջիններս անհանգստանում են այլ երկրներում վաստակած եւ ի նպաստ հայրենիքի ներկրված փողերի համար։ Երեւի թե հոդվածագրին շատ է զարմացրել, որ փախչողների եւ փախցնողների համընդհանուր ֆոնի վրա հայտնվել է մեկը, որը ցուրտ ու մութ տարիներին, բարեկեցիկ կյանք վայելելու բոլոր հնարավորություններով հանդերձ, նախընտրել է չլքել հայրենիքը եւ ավելին՝ չի վախեցել ներդնել իր «կապիտալները» Հայաստանի ֆինանսական ճահճի մեջ, որ շատ-շատերի՝ մի այլ երկրի հպատակ դառնալու բաղձանքին հակառակ, հայտնվել է մեկը, որը 10 տարի պայքար է մղել Հայաստանի քաղաքացի դառնալու համար։ Աշխատատեղեր է ստեղծում, կինը որբերին է օգնում… Ո՞նց չզարմանաս։ Այդ ամենը քիչ է, նախագահի վարած քաղաքականության մեջ էլ թերություններ է նկատում։ – Անհասկանալին կասկածելի է, կասկածելին՝ վտանգավոր… – Այնքանով է վտանգավոր, որքանով ժողովրդի սերը, վստահությունն ու հարգանքն է վայելում։ Ինչ վերաբերում է Հայաստանից փախած, իսկ հիմա արդեն «Սփյուռքի մտավորական» ինքնակոչ «ներկայացուցիչներին», ապա թող նրանք նախ Րաֆֆիի պես զավակ պարգեւեն հայրենիքին, հետո նոր հանդգնեն վայրահաչել Ռիչարդ Հովհաննիսյանի պես մեծության դեմ։ Եվ ոչ ոք չկարծի, թե ժողովրդին նման բարբաջանքներով կարելի է մոլորության մեջ գցել։ ՀԱՅԿ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել