Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ

Հունիս 20,2002 00:00

ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ Հունիսի 30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետի ընտրություններ են։ Առաջադրված է 3 թեկնածու։ Ընտրվելու է մեկը՝ ամենակարողն ու արժանին, որն էլ իրավունք կունենա կրելու «ժողովրդի ընտրյալ» անունը։ Աղվան Գրիգորյան- գործող թաղապետ։ Ծնվել է 1956թ. Կապանի Շիշկերտ գյուղում։ 1961թ. տեղափոխվել են Երեւան, Մալաթիա թաղամաս։ Սովորել է թիվ 90 միջնակարգ դպրոցում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Վորոնեժի անտառտնտեսության ինստիտուտը։ «Մալաթիա» ջոկատի նվիրյալների հետ մարտնչել է Արցախում։ «Հանրապետություն» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա համայնքի մասնաճյուղի նախագահն է։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Համայնքում կատարված բազում գործերը փաստելով՝ հարգանքով ու սիրով են խոսում թաղապետ այսօր, թաղապետի թեկնածու առաջադրված Աղվան Գրիգորյանի մասին՝ հավաստիացնելով, որ նա եղավ Վահան Զատիկյանի գործի արժանի շարունակողը։ Հերթական միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ասել է. «Աղվան Գրիգորյանը տարեցտարի, ամիս առ ամիս հետաքրքիր միջոցառումների շնորհիվ կարողանում է ավելի գեղեցիկ, բովանդակալից, ամենակարեւորը՝ սիրելի դարձնել համայնքը բնակիչների կողմից»։ Ինչ խոսք, ճշմարտացի է ասված։ Համայնքում կյանքը, համեմատական առումով, կենսուրախ էր։ Գործող մանկական սրահներն ու զբոսայգիները լցված էին մանուկների զվարթ քրքիջներով ու մեծահասակներով։ Հարակից տոնավաճառում աշխույժ եռուզեռ էր։ Ասել է թե՝ համայնքն արթուն էր, ապրող ու գործող։ Աղվան Գրիգորյանին հանդիպեցինք բնակչության հոծ զանգվածով շրջապատված։ Զրույցն ավարտելով, նա ասաց. – Բոլորս միասին պետք է մտածենք բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին։ Պետք է խնամակալ դիրքորոշում ունենանք զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով մարդկանց, մուրացկան մանուկների նկատմամբ։ Մեր քաղաքը իմն է, քոնն է, բոլորինս է։ Միասին պետք է կառուցենք այն։ Աշխատենք խթանել մասնավոր բնակարանային, մշակութային շինարարությունը, պահպանել համայնքի վերջին տարիներին կառուցած, սեփականություն հանդիսացող կանաչ գոտիները, զբոսայգիները։ Աջակցենք փոքր եւ միջին ձեռնարկությունների ստեղծմանը։ Լուծենք բնակչությանը հուզող հիմնախնդիրները։ Ունենալով տարբեր բնագավառների աշխատանքային հմուտ փորձ եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տանտիրոջ իրավունք, ցանկանում եմ, որ համայնքի բնակչությունը հպարտանա իր համայնքով։ Որ համայնքի ոչ մի անդամ օրվա հացը ձեռք բերելու համար չդառնա օտարական։ Եվ ամենուր Մալաթիա-Սեբաստիա համայնքի անունը տրվի լավի ակնածանքով։ Եվ խիստ անհրաժեշտ է, որ միասին շարունակենք սկսած գործը։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել