Լրահոս
Օրվա լրահոսը

Որակ չապահովեն՝ հավատարմագրից կզրկվեն

Հունիս 20,2002 00:00

Որակ չապահովեն՝ հավատարմագրից կզրկվեն ԿԳ նախարարությունն այժմ փորձում է ոչ միայն կանոնակարգել մասնավոր բուհերի գործունեությունը, այլեւ շտկել նախկինում թույլ տրված օրինախախտումները, որոնց հետեւանքները դեռ երկար կզգացվեն։ Նաեւ այս թեմաներին երեկ ասուլիսում անդրադարձավ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ ներկայացնելով հավատարմագրման գործընթացում գտնվող բուհերի ատեստացիոն քննությունների անցկացման կարգը։ Այդ քննությունները հավատարմագրման համար անհրաժեշտ պայմաններից են եւ ավարտական քննություններից երկու տարի անընդմեջ 60 տոկոս դրական արդյունք ապահովելը բուհի հավատարմագրվելու համար պարտադիր պահանջ է։ Շուրջ երեսուն մասնավոր բուհ անցել է հավատարմագրման մյուս փուլերը եւ նաեւ ատեստացիոն քննություններին մասնակցելու հայտ ներկայացրել։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այդ գործընթացն իրականացվում էր խառնիխուռն, այժմ մշակվել է հստակ կարգ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ ԿԳ փոխնախարարի նախագահությամբ, որում, ի դեպ, նաեւ այդ բուհերի ռեկտորներն են ընդգրկված։ Նախորդ տարիներին հանձնաժողովի կեսը լինում էր տվյալ բուհից։ Այս տարի առարկայական հանձնաժողովների կազմը եւ նախագահները կհաստատվեն ԿԳ նախարարի հրամանով եւ հանձնաժողովի կազմում բուհից ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել, եթե հանձնաժողովի նախագահը ցանկանա, սակայն դա պարտադիր պայման չէ։ Նման մոտեցումը բացատրվում է նրանով, որ խոսքը պարզապես ավարտական քննությունների մասին չէ, այլ շրջանավարտների գիտելիքների պետական ստուգման գործընթացի, որը հավատարմագրման պարտադիր փուլ է։ Յուրաքանչյուր առարկայի համար կլինի մեկ հանձնաժողով, որն էլ կանցկացնի բոլոր բուհերում այդ առարկայի քննությունը։ Քննությունները կանցկացվեն այն մասնավոր բուհերում, որոնք հարմար շենքային պայմաններ ունեն, սակայն տվյալ բուհի շրջանավարտները իրենց բուհում քննություն չեն հանձնի։ Այս օրերին ընթանում են նաեւ արդեն պետական հավատարմագրում ստացած մասնավոր բուհերի ավարտական քննությունները, որոնց նաեւ կրթության եւ գիտության նախարարության լիազոր-ներկայացուցիչն է մասնակցում, որը սակայն միջամտելու, որեւէ բան որոշելու իրավունք չունի, պարզապես դիտորդ է։ Թեեւ դրանք դեռ չեն ավարտվել, Ա. Ավետիսյանին խնդրեցինք ընթացքը գնահատել եւ հարցրինք՝ հնարավո՞ր է որեւէ բուհ զրկվի հավատարմագրից, եթե երկու տարի անընդմեջ 50 տոկոս բացասական արդյունք ցույց տա, ինչպես կարգում է ասվում։ Ըստ փոխնախարարի՝ լիազոր-ներկայացուցչի առկայությունը ակնհայտորեն ազդել է քննությունների անցկացման կազմակերպչական եւ կարգապահական կողմի վրա։ «Արդեն իսկ ակնհայտ դեպքեր կան, անբավարար գնահատումներ։ Կարգը թույլ տալիս է քննարկել բուհին հավատարմագրումից զրկելու հարցը, եթե ավարտական քննությունների ընթացքում 50 տոկոսից ցածր առաջադիմություն է արձանագրվում»,- ասաց փոխնախարարը՝ առայժմ դժվարանալով ասել, թե արդյո՞ք այս տարի նման դեպքեր կլինեն։ Հավատարմագրված մասնավոր բուհերում ուսումնասիրություններ է անցկացնում նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, սակայն արդյունքները դեռ ամփոփված չեն։ Ա. Ավետիսյանը հավաստիացրեց, որ այդ, նաեւ դատախազության եւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքները անպայման կհամադրվեն եւ հաշվի կառնվեն մասնավոր բուհերի ճակատագրի եւ գործունեության առնչությամբ քննարկումների ժամանակ։ «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե այդ ինչո՞ւ 2001թ. օգոստոսին կամ սեպտեմբերին հավատարմագիր ստացած մասնավոր բուհերը պետական նմուշի դիպլոմ են հանձնել 2001թ. հունիսին բուհն ավարտած շրջանավարտներին, եթե օրենքով նրանք նման իրավունք ստանում են հավատարմագրումից հետո միայն։ Այդ նույն տրամաբանությամբ նաեւ 2000 թվականի շրջանավարտներին պետք է պետական նմուշի դիպլոմ հանձնեին, ինչի առթիվ նրանք վերջերս բողոքում էին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ։ Արա Ավետիսյանը ժխտեց այն լուրերը, որ որոշ մասնավոր բուհեր պետական նմուշի դիպլոմ են տվել նաեւ 2000թ. շրջանավարտներին, իսկ 2001թ. շրջանավարտներին պետական դիպլոմ տալն արդարացրեց նրանով, որ այդ բուհերը 2001թ. ընթացքում են ստացել հավատարմագիրը եւ ամիսների տարբերությունը այնքան էլ էական չէ։ Փաստորեն, բուհերի ռեկտորներն այնքան են ձգձգել դիպլոմների հանձնումը, մինչեւ ստացել են պետական հավատարմագիր։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել